Խաղաղ երկինք VS Պլյաժ

«2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է»: Այս միտքը օրերս արտահայտել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Արդեն արվել են բազմաթիվ արձագանքներ, պարզ դարձավ, որ պարոն Հարությունյանը այնքան էլ ճշգրիտ չի եղել իր գնահատականներում: Ավելին, հանրությունն իմացավ, որ 2016 թվականին, երբ Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության վարչապետ էր, նա հայտարարել է, որ «մեր բանակը մարտունակ է և ապացուցել է այս մի քանի օրը, որ ի վիճակի է պաշտպանել մեր երկրի անվտանգությունը»:
Եվ հանկարծ՝ Ստեփանակերտի օդը անպաշտպան էր 2016 թվականին: Նախ սկսենք նրանից, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին պաշտպանության բանակը խոցել է հակառակորդի 20 թռչող սարք և 2 ուղղաթիռ: Շեշտենք նաև, որ այդ օրերին հակառակորդի ոչ մի ինքնաթիռ չի հատել Արցախի օդային սահմանը: Սրանք անհերքելի փաստեր են, որոնց մասին պարոն Հարությունյանը պարտավոր էր իմանալ ի պաշտոնե:
ԱԺ-ում ստեղծած և իր աշխատանքը ավարտած տխրահռչակ հանձնաժողովի կողմից ներկայացված սուղ տեղեկությունների ֆոնին Արայիկ Հարությունյանի այդ հայտարարության հետ կապված բազմաթիվ օրինաչափ հարցեր են առաջանում: Ինչի՞ համար են հենց այս օրերին հնչեցվում այդ բառերը: Իսկ եթե հաշվի առնենք նաև օրերս անցկացված Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Փաշինյանի կողմից խեղաթյուրված ձևով հնչեցված պատմական իրադարձությունները, ապա օրինաչափ հարցերի ցանկը երկարում է:
Այս ամենը էլ ավելի ուշագրավ է դառնում «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի բոցաշունչ գրառման համատեքստում: Եթե Արայիկ Հարությունյանը ընդամենը արել է իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, ապա պարոն Պողոսյանը անցել է բոլոր թույլատրելի սահմանները: Վ. Պողոսյանը անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել այն մարդկանց հասցեին, ովքեր զենքը ձեռքին ապահովել են Արցախի անկախությունը, իսկ այնուհետև դիվանագիտական բոլոր հնարավոր ճանապարհները օգտագործելով, ապահովել են Արցախի անվտանգությունը:
Ավելին՝ պարոն Պողոսյանի կողմից մեծ եռանդով պիտակավորվող ՀՀԿ-ն Արցախի հիմնահարցի շուրջ բանակցությունները հասցրել էր այնպիսի կուլմինացիայի, որ հաջորդ քայլը լինելու էր Ադրբեջանի կողմից Արցախի անկախությունը ընդունելը առանց որևէ նախապայմանների: Ցավոք, գործին խառնվեց Փաշինյանի հեղափոխությունը և այսօր ունենք այն, ինչ ունենք:
Ամփոփելով, փաստենք, որ մարդ կա, որ պաշտոնը ընդունելիս խոստանում է ապահովել Հայաստանի և Արցախի վրա խաղաղ երկինքը և երկու հայկական պետությունների անվտանգությունը և նույնիսկ հրաժարականից հետո շարունակում է ուժերի ներածին չափով կատարել խոստումը: Մարդ էլ կա, որ խոստացել է Արցախում պլյաժ կառուցել: Ինչպես որ ասում են՝ գնահատեք տարբերությունը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով