Ոստիկանությունը անցնում է կոշտ գործողությունների

Այսօր տեղի են ունեցել երկու իրադարձություն, որոնք հստակորեն արտացոլում են երկրում ձևավորված լարված և պայթյունավտանգ իրավիճակը: Առավոտյան ոստիկանությունը չափազանց դաժան և կոշտ գործողությունների միջոցով տապալում է գետնին, իսկ այնուհետև շղթայում է մի տղամարդու: Ըստ մամուլի՝ դիմակ չկրելու համար: Իրականում պատճառը կարևոր չէ, քանի որ տեսանյութում երևում է, որ մարդը չի դիմադրում, հակառակը, ասում է, որ ինքնակամ կգնա ոստիկանների հետ: Այդուհանդերձ չորս ոստիկան շարունակում են անհամաչափ ուժ կիրառել մեկ մարդու նկատմամբ:

Ավելի ուշ, ժամը 14:00-ին Ռեֆորմիստների կուսակցությունը պատրաստվում էր Կառավարության շենքի դիմաց կազմակերպել մոմավառություն կորոնավիրուսից մահացած մարդկանց հիշատակը հարգելու և վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար: Սակայն բավական էր, որ ռեֆորմիստները փոքրաթիվ կազմով հայտնվեին Կառավարության շենքի մոտ, և այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանները անմիջապես խնդրեցին լքել տարածքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ մոմավառության բոլոր մասնակիցները դիմակներով էին և կանգնած էին միմյանցից հեռու՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը: Այնուամենայնիվ, ոստիկանները պնդեցին, որպեսզի նրանք լքեն տարածքը: Կուսակցության նախագահին նույնիսկ թույլ չտվեցին լիարժեք հարցազրույց տալ՝ պատճառաբանելով սոցիալական տարածությունը պահպանելու անհրաժեշտությամբ: Այս երկու իրադարձությունները միմյանց հետ ուղղակիորեն կապված չեն, սակայն արտացոլում են օրվա իշխանության վախերը:

Մի քանի տարի առաջ, դեռ միջև իշխանազավթումը, ընդդիմությունը հաճախակի կիրառում էր հեգնական «ռեժիմը խուճապի մեջ է» հեշթեգը: Ի՞նչ իմանար ընդդիմադիր Փաշինյանը, որ իր այդքան հեշտ տրված երանությունը այսքան արագ կավարտվի և հենց նա կդառնա նույն հեշթեգի օբյեկտը: Ուղղակի Փաշինյանի դեպքում պետք է շտկում կատարել, քանի որ այս իշխանությունը մեկ մարդու շոու է, ուստի ոչ թե ռեժիմը, այլ Փաշինյանն է խուճապի մեջ:

Իրականում Փաշինյանը խուճապահար է այն աստիճանի, որ իր հույսը դրել է ուժայինների վրա: Թեպետ նա ուղիղ եթերում պնդում է, որ սպեցնազ չի կիրառի ժողովրդի դեմ, բայց վախը այնպիսի բան է, որը մարդուն շատ բաների կարող է դրդել: Իսկ Փաշինյանը վախենում է, քանի որ կորցնելու շատ բան ունի: Փաշինյանը վախեցած է, քանի որ նա գիտի, որ իշխանության է եկել սահմանադրական կարգի տապալմամբ և որ իր կողմից ստեղծված կառավարությունը դիլետանտների սիրողական խմբակ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ամենակարևորը՝ Փաշինյանը գիտի, որ իր խոսքով այլևս ոչ ոք փողոց դուրս չի գա, որ իրեն պաշտպանի, ինչպես որ եղավ 2018 թվականին: Ուստի, ի՞նչ է մնում հոգու խորքում փոքրիկ և միշտ վախեցող ընդդիմադիր մնացած Փաշինյանին: Մնում է ապավինել ուժայիններին՝ հրահանգելով անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանում ստեղծվի վախի մթնոլորտ, որպեսզի մարդիկ վախենան քայլ անեն և արտահայտեն իրենց անհամաձայնությունը:

Եվ Փաշինյանին բոլորովին չի անհանգստացնում այն, որ իրականում շատ վատ է, երբ քո երկրում քաղաքացիները չեն հարգում ոստիկաններին, այլ միայն վախենում են: Ամփոփելով փաստենք, որ ցանկացած երկրի ղեկավար, որի իշխանության մնալու միակ հույսը ուժային կառույցներն են, արդեն տապալված է: Խելացի մարդը այսպիսի իրավիճակում կփորձեր պատվով հեռանալ, բայց թե ինչպիսի քայլ կանի Փաշինյանը՝ ժամանակը ցույց կտա:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով