Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ ինչպե՞ս թաքցնել ռեժիմի խուճապը

Այսօր վաղ առավոտից իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում: Ակցիային միացան նաև մի շարք այլ իրավաբաններ և իրավապաշտպաններ: Նրանք պահանջում էին թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը:

«Միայնակ ակցիա» անվանում ստացած գործողությունն իհարկե հայտնվեց ԱԺ-ի տարածքը հսկող ոստիկանների ուշադրության կենտրոնում և ամեն ինչ ավարտվեց ձերբակալություններով և մեծ հանրային արձագանքով: Իրավապաշտպաններին սատարելու եկած մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ նույնպես կիրառվեց վարչական ձերբակալություն: Նշենք, որ միայնակ ակցիայի շրջանակներում ԱԺ-ի դիմաց ի սկզբանե կանգնած 4 անձինք կրում էին դիմակներ և միմյանցից կանգնած էին ոչ թե 2 մետր, այլ շատ ավելի մեծ հեռավորության վրա և վստահաբար իրենց գործողությունները չէին կարող հանրահավաք կամ զանգվածային ակցիա որակվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հատկանշական է, որ երբ Ազգային Ժողովի դարպասների մոտ ծավալվում էր բողոքի ակցիա և ոստիկանության հետագա գործողությունները, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում էր նիստին և արտաբերում էր այնպիսի բաներ, որոնք համադրելի չեն ժողովրդավարության գաղափարի հետ: Մասնավորապես նա հայտարարեց, որ ոմանց նկատմամբ էնքան ուժ պիտի կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես:

Ի՞նչ է սա, եթե ոչ ռեպրեսիաների սպառնալիք: Այսօր ամբողջ հանրությունը տեսավ անթաքույց ճնշումներ հանրային և քաղաքական գործիչների նկատմամբ: Բայց եկեք հասկանանք, թե ի՞նչ է նշանակում վերադարձնել քաղաքացիներին խաղաղ ցույցեր անելու իրավունքը և ինչո՞ւ է դա կարևոր: ՀՀ-ում արտակարգ դրության իրավական ռեժիմին անցնելուց ի վեր արգելված են ցանկացած ֆորմատի հանրային հավաքներ:

Այս արգելքը, ըստ օրվա իշխանության, պայմանավորված է քաղաքացիների առողջությունը ապահովելու անհրաժեշտությամբ: Ընդունենք, որ դա այդպես է: Սակայն այստեղ մի բայց կա: Այսպիսի սահմանափակումները արդարացված կլինեին, եթե օրինակ Ազգային Ժողովը նույնպես աշխատեր արտակարգ դրության տրամաբանության մեջ այն առումով, որ ԱԺ-ում քննարկվեին և քվեարկության դրվեին միայն արտակարգ դրության և կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող օրինագծեր: Բայց ավաղ մենք տեսանք, որ օրվա իշխանությունը մեկ կողմից քաղաքացիներին զրկում է բողոքի և անհամաձայնության ձայնը հանրային հավաքների միջոցով արտահայտելու իրավունքից, իսկ մյուս կողմից Ազգային Ժողովում քննարկման են դրվում և ընդունվում են նախագծեր, որոնք խիստ վիճահարույց են իրավունքի տեսանկյունից, քաղաքացիների համար անընդունելի են և միգուցե նաև վտանգավոր են մեր հայրենիքի համար (օրինակ Լանզարոտեի կոնվենցիան, տխրահռչակ հանրաքվեն չեղարկման և մի շարք սահմանադրական օրենքներում զանազան փոփոխությունների մասին նախագիծը, կառավարության կողմից բյուջեի որոշ կետերի շրջանակներում առանց ԱԺ-ի հաստատման գումարների տեղափոխությունների մասին օրենքի նախագծի փաթեթը և այլն):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակնհայտ է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի շրջանակներում քաղաքացիների այս իրավունքի սահմանափակելը համաչափ չէ, հատկապես սաստկացող առողջապահական կոլապսի ֆոնին: Փաստացի այդ խստացումը ոչ մի կերպ չի օգնել կառավարությանը կորոնավիրուսի դեմ պայքարում:

Արձանագրենք, որ իրականում Փաշինյանի գլխավորած քաղաքական մեծամասնությունը ըստ էության արտակարգ դրությունը օգտագործում է հանրային դժգոհությունը փողոցի միջոցով արտահայտումը կանխելու համար: Որպես կանխարգելիչ միջոց է օգտագործվում նաև ճնշումը ընդդիմախոսների և ընդդիմադիրների նկատմամբ, ինչի ականատես եղանք այսօր: Հատկանշական է, որ ճնշումները և արդեն իսկ մեկնարկած ռեպրեսիաները իրականացվում են փաշինյանական ոճի սպառնալիքների ֆոնին:

Այսօր ԱԺ-ում նոր պոպուլիստական հնարք ցուցադրեց՝ ասելով հետևյալը. «Ոմանց նկատմամբ էնքան ուժ պիտի կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես»:

Արձանագրենք, որ Փաշինյանի վերջին ապավենը ուժային կառույցների միջոցով որոշ ժամանակով ընդդիմադիրներին լռեցնելն է: Որոշ ժամանակով, քանի որ հանրային դժգոհությունը արդեն հասնում է իր եռման կետին: Փաշինյանի պաշտոնանկությունը անխուսափելի է և մոտ: Ցավալի է, որ Փաշինյանի պաշտոնավարման ավարտը նշանավորվում է քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով և ռեպրեսիվ դրսևորումներով:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով