Տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հանցավոր անտարբերության փոխարեն չոր ներողությու՞ն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանցավոր անտարբերության և ժամանակին անհրաժեշտ որոշումները չկայացնելու «շնորհիվ» մի քանի տասնյակ մարդիկ մահացել են կորոնավիրուսից, և կասկածի տակ է դրվում նաև կորոնավիրուսային համաճարակի դեմ ծախսված տասնյակ միլիոնավոր դոլարների կիրառման արդյունավետությունը: Իսկ այսօր Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրում թույլ տրված սխալների համար, ասելով, որ իսկապես ինչ-որ տեղ ինքը թերացել է և ժամանակին չի կայացրել համապատասխան որոշումներ:

Նա անգամ չի կոնկրետանում, թե ինչի համար է ներողություն խնդրում: Նրա համար, որ մարտի 1-ին ծաղրում էր լրագրողներին, ասելով. «նոր եմ եկել Կորեայից, թեսթ չեմ հանձնի ու հիմա վարակելու եմ բոլորիդ», թե՞ նրա համար, որ փետրվարի 27-ին պաշտոնապես հայտարարում էր. «կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»: Միգուցե նրա համար է ներողություն խնդրում, որ հանիրավի փակեց հակատուբերկուլյոզային դիսպանսերնե՞րը և վիրուսների գծով մասնագիտացած տասնյակ բժիշկներին ու բուժակներին առանց աշխատանքի թողնելով՝ նետեց փողոց, կամ նրա համար է ներողություն խնդրում, որ հունվարի 22-ին, երբ արդեն իսկ հայտնի էր Չինաստանում հայտնված կորոնավիրուսային վարակի բռնկման մասին, Աժ-ի ամբիոնից հայտարարում էր. «Դեռևս ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարկ է հիշեցնել նաև, որ նույն Արսեն Թորոսյանը դեռևս 2019-ի նոյեմբերի վերջին հայեցակարգ էր ներկայացրել, ըստ որի նախատեսվում էր Հայաստանում սահմանել առողջապահության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով: Նա պատրաստվում էր «մտնել» բոլոր աշխատավորների գրպանը և այդ տեղից «ներարկում» անել իր նախարարության ենթակառուցվածքների մեջ, հավաստիացնելով, որ դա միանգամայն կշռադատված և մշակված որոշում է, այնինչ այսօր մենք համոզվում ենք, որ նրա կողմից իրականացված ոչ ադեկվատ որոշումներն ու հայտարարությունները բազմազան են: Ամենամեծ սխալն ու բացթողումը եղել և մնում է այն, որ նրա հանցավոր անտարբերությունը, կորոնավիրուսային վտանգի մասին իր ընդդիմախոսների ահազանգերի նկատմամբ հեգնական վերաբերմունքը, ժամանակին անհրաժեշտ միջոցներին չդիմելը դարձան տասնյակ մարդկանց մահվան պատճառ և տասնյակ հազարավորների կյանքն ու առողջությունն էլ դեռ դնում են վտանգի հատ: Եվ հավանաբար նա այսօր չի էլ գիտակցում կամ չի ցանկանում գիտակցել իր սխալը, քանի որ դրանից չեն պրծնում չոր ներողություն հայտնելով, դրանից պրծնում են մեղայականով հրաժարական տալով և դատարանի առջև կանգնելուն պատրաստվելով:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով