Սոցցանցում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալներ տարածելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քննություն է տանում

2020թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:09-ին, «facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալներով էջը հրապարակել է «Ո՞վ է պատասխան տալու այս անմեղ զոհերի համար: Վարակի արդյունքում, ցավոք, մենք բազմաթիվ զոհեր ունեցանք և ամեն օր այդ թիվն աճում է։ Իսկ արդյոք այսքան տխուր կլիներ ամեն բան, եթե նորմալ ղեկավար ունենայինք։» վերտառությամբ հոդվածը, որի հետ կցել է «Կորոնավիրուս» համավարակից մահացած անձանց ցուցակների տեսապատճեները, որտեղ մասնավորապես նշված են 132 անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, մահվան ամսաթիվ, հասցե և բժշկական հաստատությունների անվանումները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կամիտեից։

Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 3-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը), որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«facebook.com» սոցիալական ցանցի «Զնդան» անունով և «zndan711» նույնականացման տվյալով անհատական էջին հասանելիություն ստացած IP հասցեները պարզելու նպատակով բաժանորդային տվյալներ ստանալու թույլտվության միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը բավարարվել է։

Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով