«Շնորհավորում եմ, Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չունենալու եզրին է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի կողմից այսօր ընդունած Սահմանադրական փոփոխություններին։ Արման Սաղաթելյանն այս առիթով, մասնավորապես, գրել է․
«Շնորհավորում եմ, Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չունենալու եզրին է։
Երկիրը օկուպացված է խունտայով, որը իրականացնում է սահմանադրական հեղաշրջում, յուրացնելով իրեն չպատկանող իշխանությունը` ավերելով իրավական պետության հիմնասյուները։ Ես երբեք որևէ իլյուզիա չեմ ունեցել կեղծիքներով, լկտի ստով, շանտաժով ու ատելության քարոզով իշխանություն զավթած ոհմակի և իրեն սատարող օտարերկյա գործակալական ցանցի առումով, սակայն այս արարքը այլևս վերջ է դնում նաև ցանկացած քաղաքական պրոցեսի, վերածվելով ազատագրական պայքարի` բոլոր առումներով և դրսևորումներով։
Բոլոր նրանք, ովքեր չիմացությամբ կամ դիտմամբ գործել են սույն հանցանքը իմ պետության և իմ ժողովուրդի հանդեպ, անխուսափելիորեն պատժվելու են օրենքի ողջ ուժով սահմանադրական կարգի վերականգնումից անմիջապես հետո։ Իսկ դա անկասկած տեղի է ունենալու, քանի որ դեռ ողջ են մարդիկ, ովքեր չունեն կորցնելու երկիր, որը կվերածվի բռնապետական տնազի։ Ու այսօր ամբիոնից հնչող լկտի երեսպաշտ դեմագոգիան ձեզ չի փրկելու»։