Սերժ Սարգսյանն իշխանության գործն է անում, իսկ Փաշինյանը փողոց է վերադարձել

Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում մի շարք ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել: Սակայն այսօր դրանց վրա չենք կենտրոնանա: Այսօր պիտի անդրադառնանք երեկ երեկոյան տեղի ունեցած ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին, որին մասնակցել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչպիսի կառույց է ԵԺԿ-ն, նշենք, որ Եվրոպական քաղաքական կուսակցությունը անդրազգային կազմակերպություն է, որը բաղկացած է տարբեր քաղաքական կուսակցություններից և ոչ թե անհատներից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1999 թվականից ի վեր ԵԺԿ-ն Եվրոպական խորհրդարանում ամենամեծ կուսակցությունն է, իսկ Եվրոպական խորհրդում՝ սկսած 2002 թվականից: Ուստի, արձանագրենք, որ ԵԺԿ-ն պատահական անկարևոր կառույց չէ, ինչպես որ դեռ Բրատիսլավայում Սերժ Սարգսյանի ելույթից հետո փորձում են ներկայացնել իշխանության քարոզչամեքենայի հիմնական բարձրախոսները:

Սերժ Սարգսյանը իր գործընկերներին ներկայացրել է Հայաստանում առկա ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև խոսել է կորոնավիրուսի դեմ տարվող ոչ այնքան արդյունավետ պայքարի մասին: Ինչ խոսք, սրանք կարևոր թեմաներ են, սակայն ամենակարևոր թեման, որին ի տարբերություն ՀՀ օրվա իշխանության ներկայացուցիչների, անդրադարձել է Սերժ Սարգսյանը, դա Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներն են:

Այսօր մեզանում այս առումով նկատվում է աննախադեպ պասիվություն: Մինչև 2018 թվականը երբեք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները այսքան անպատասխան չեն մնացել, ինչպես այսօր: Օրվա իշխանությունը poker-face դեմքի արտահայտությամբ չնկատելու է տալիս թե հակառակորդի կողմից արձակվող կրակոցները և թե շատ այլ զարգացումները, օրինակ՝ ինժեներական աշխատանքները, որոնք Ադրբեջանը իրականացնում է գրեթե ողջ սահմանի երկայնքով, այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ընտրված ներկայացուցչի ակտիվ հանդիպումները տարբեր երկրների դեսպանների հետ և նրա ելույթները Եվրոպական կառույցներում և այլն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ մենք ականատես եղանք ՀՀ 3-րդ Նախագահի ազգանվեր աշխատանքին: Սերժ Սարգսյանը նույնիսկ լինելով պաշտոնաթող նախագահ՝ շարունակում է աշխատել հօգուտ Հայաստանի Հանրապետության: Իշխանական և մերձիշխանական շրջանակներն արդեն հասցրել են այսօր իրենց մրմուռը արտահայտել այս կապակցությամբ: Նրանց բնորոշմամբ՝ Սերժ Սարգսյանը գնացել իր Եվրոպական ընկերներին բողոքվել է, որ իրեն նեղում են Հայաստանում: Հատուկ միջազգային դիվանագիտության սկզբունքներից ոչինչ չհասկացող ամբարտավան իշխանական քաղաքական գործիչների համար հստակեցնենք՝ Սերժ Սարգսյանը ոչ մեկին չի բողոքել, թեպետ իսկապես Փաշինյանի քմահաճույքով հայտնվել է շինծու քրեական գործերի, տեղեկատվական գրոհների և քաղաքական հետապնդումների կիզակետում: Սերժ Սարգսյանը արել է այն, ինչ պիտի աներ Փաշինյանը, կամ վատագույն դեպքում ԱԳ նախարարը՝ և ոչ թե մեկ անգամ հպանցիկ անդրադառնալով այս թեմային, այլ ամենօրյա ռեժիմով աղաղակելով Ադրբեջանի կողմից հրադադարի նենգ խախտումների մասին:

Սերժ Սարգսյանը ձեր փոխարեն հայտնել է իր մտահոգությունը և հորդորել է իր Եվրոպական գործընկերներին, որոնք, ի դեպ, իրենց երկրներում ազդեցիկ քաղաքական ֆիգուրներ են, անվերապահ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ ազդարարված հիմնարար սկզբունքների վրա:

Ուշագրավ է, որ պոպուլիստական դատարկախոսության օվկիանոսում ընկղմված օրվա իշխանությունը ԵԺԿ-ի նման լուրջ կառույցը փորձեց անվանարկել՝ այն նկարագրելով որպես «կոոպերատիվ» դեռ Բրատիսլավայի աղմկահարույց ելույթից հետո: Ինչպես որ ասվում է հայտնի առակում՝ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ թթու է: Փաշինյանի կուսակցությունը դեռ պետք է շատ երկար ճանապարհ անցնի, որպեսզի կարողանա գոնե հույս ունենալ հավակնել անդամակցելու ԵԺԿ-ի նման լրջագույն կառույցին:

Բացի դրանից, Փաշինյանը և իր արբանյակները շատ լավ հասկանում են իրավիճակի լրջությունը: Ինչպես արդեն նշել ենք, ԵԺԿ-ն մեծամասնություն է կազմում թե Եվրոպական խորհրդարանում և թե Եվրախորհրդում: ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը, որն իր Թվիթերյան էջում խիստ դատապարտել է Հայաստանում ընդդիմադիր ուժերի նկատմամբ իրականացվող ճնշումները, Եվրոպայի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է: Իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում բախտի քմահաճույքով հայտնված փոխխոսնակը իրեն թույլ է տալիս Դոնալդ Տուսկին ավելի զուսպ լինելու հորդորներ հղել:

Վստահաբար ԱԺ փոխխոսնակը ամբողջովին չի կարողանում ընկալել Դոնալդ Տուսկի նման քաղաքական գործչի փորձը և դիվանագիտական հմտությունները: Ամփոփելով փաստենք, որ Սերժ Սարգսյանն անդրադարձել է բոլոր այն հարցերին, որոնք կարևոր են Հայաստանի համար և լրջագույն գեոքաղաքական նշանակություն ունեն ողջ տարածաշրջանի համար: Դրանք այն հարցերն են, որոնք պետք է մշտապես լինեն երկրի վարչապետի ուշադրության կենտրոնում, ինչը, ավաղ, այսօր այդպես չէ:

Հայաստանի ղեկավարն այսօր զբաղված է ոչ թե երկրի անվտանգության ճակատագրական նշանակություն ունեցող հարցերով, այլ դարձյալ վերադարձել է իր հարազատ միջավայրը՝ փողոց, և հերթական ներկայացումն է հրամցնում հանրությանը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով