ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորքույրն է

Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն իմ մորքույրն է, ում սիրում եմ յուրօրինակ, լուռ, անգամ մի փոքր ամոթխած սիրով: Մի տեսակ ամբողջ կյանքում ինձ յուրահատուկ պատկառանք է ներշնչել, որից մանկուց քաշվել եմ, հետը խոսելիս գիտելիքիս ու խելքիս պակասից միշտ բարդույթավորվել եմ ու թաքուն հիացել նրանով: Միևնույն ժամանակ միշտ իմացել եմ՝ բաց գրքի նման կարդում է հոգիս, շատ բան գիտի, բայց քիչ է խոսում, որովհետև այդպիսին է նա. զուսպ, նրբանկատ ու բացառիկ իմաստուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնագիտությանս ընտրության հարցում ամենամեծ ներդրում ունեցած մարդն է տիկին Գյուլումյանը, սակայն այդ առումով ինձ, իհարկե, այդպես էլ չհաջողվեց հասնել այն բարձունքին, որին նա էր կանգնած: Երբեք չէի մտածի, որ կյանքը կդասավորվի այնպես, որ մի օր որևէ հարցի շուրջ կլինենք տարբեր բևեռներում, բայց անգամ երբ դա տեղի ունեցավ, տիկին Գյուլումյանը չդավաճանեց իր ոճին, իր մարդկայնությանն ու հոգատարությանը: Այսպես, մեկ անգամ հանդիպեցինք այն ժամանակահատվածում, երբ քարոզում էի «ԱՅՈ» ասել հանրաքվեին, որի արդյունքում մորաքույրս անցնելու էր թոշակի: Շատ քաշված էի, մեղքի զգացում ունեի, բայց նրա մոտ չտեսա մեղադրանքի, նեղացվածության նշույլ անգամ, իսկ հայացքում կարդացվում էր «Բալե՛ս (ինձ հաճախ այդպես է դիմում), անում ես այն, ինչին հավատում ես կամ ինչ պարտավոր ես, մի՛ նեղվիր»:

Ամենաբարդ ընտրություններից մեկն է պարտականության ու սիրո միջև ընտրությունը, բայց ես հավատում եմ, որ կարելի է գոնե փորձել ընտրություն կատարելու փոխարեն հավասարակշռել.

– ունե՞մ տարաձայնություններ Ալվինա Գյուլումյանի հետ՝ ԱՅՈ,
-դրանից ավելի պակա՞ս եմ սիրում ու հարգում նրան՝ ՈՉ,
-կցանկանա՞յի, որ ամեն ինչ այլ կերպ դասավորվեր՝ ԻՀԱՐԿԵ,
-ստեղծված իրավիճակում դադարու՞մ եմ հպարտանալ, որ ունեմ այսպիսի մորաքույր՝ ԵՐԲԵՔ,
-պե՞տք է հավատարիմ մնալ սեփական սկզբունքներին՝ ՄԻՇՏ,
-պե՞տք է հարգել նաև դիմացինի սկզբունքայնությունը՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թերևս ամփոփելով երկար ու զգայական տեքստս՝ նշեմ, որ կյանքում ամեն բան անցողիկ է, մինչդեռ ընտանիքը հարատև է: Դա այն հանգրվանն է, ուր հաջողություններից ու ձախողումներից հետո միշտ վերադառնում ես: Հենց այդ ընտանիքիս ամենասիրելի անդամներից է Ալվինա Գյուլումյանը, ում մարդկային տեսակի մասին կարող եմ անվերջ գրել:

Հ.Գ. Խնդրում եմ քաղաքական հակառակորդներիս կամ քննադատներիս չփորձել գրառմանս ինաստն աղճատել և այն իմ դեմ օգտագործել. ես խոսել եմ մարդկային արժեքների, այլ ոչ քաղաքական կատեգորիաների մասին:

Հ.Գ.Գ. Սիրելի լրագրողներին խնդրում եմ գրառումս սենսացիոն վերնագրով նյութ չսարքել՝ դարձյալ վերևում նշված պատճառով:

Հ.Գ.Գ.Գ. Ջնջելու եմ ցանկացած անպարկեշտ կամ վիրավորական մեկնաբանություն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով