Փաշինյանը պարտվեց 89/0 խայտառակ բասկետբոլային հաշվով

Բացի գործող իշխանությունը ներկայացնող խորհրդարանային մեծամասնությունից բոլորի համար ակնհայտ և աներկբա է, որ այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը սահմանադրական կարգի տապալում է և այսօրվա սանձարձակ գործողությունների հետևանքները Հայաստանի համար ողբերգական են լինելու:

Փաստենք, որ ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ Քայլը» խմբակցությունը և մեկ անկախ երեսփոխան, ու անունը չենք նշի, քանի որ բոլորը գիտեն, թե դա ով է, առանց ընդդիմության մասնակցության և առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հաշվի առնելու երկու ընթերցումներով ընդունեցին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի կդադարեցվի Սահմանադրական դատարանի երեք դատավորների պաշտոնավարումը, իսկ Հրայր Թովմասյանը կդադարի լինել ՍԴ նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ: Սա իմքայլականներին քիչ թվաց, և իրենք որոշեցին մեկ հարվածով ևս մեկ մեխ մխել սեփական դագազի կափարիչին: Փաշինյանի տխրահռչակ հավատարիմ ծառա Վահագն Հովակիմյանը չբավարարվելով սեփական իշխանության զգացողությունը վայելելու մեկ հնարավորությամբ՝ հանդես է գալիս էլ ավելի սկանդալային նախաձեռնությամբ՝ նույն կազմով քվեարկել, որպեսզի ընդունված փոփոխությունները՝ ա/ չուղարկվեն Սահմանադրական դատարան եզրակացություն ստանալու համար, և բ/ չուղարկվեն Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ստորագրելու համար, այլ որ այդ փոփոխությունների մասին պարզապես հայտարարի Արարատ Միրզոյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս օրը՝ հունիսի 22-ը, որը համաշխարհային պատմության մեջ հայտնի է նաև որպես մեկ այլ ողբերգական օր, Հայաստանի պատմության մեջ կմնա որպես Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի մեծագույն պարտության օր: Շատ կարևոր է Արմեն Սարգսյանի դիրքորոշումը այն բանի վերաբերյալ, որ Սահմանադրության փոփոխության այս նախագիծը չի ուղարկվի երկրի Նախագահին ստորագրման համար: Զավեշտալին այն է, որ հենց ինքը Արմեն Սարգսյանը պետք է ստորագրի իրեն լիազորություններից զրկելու մասին այս օրենսդրական նախագիծը: Ուստի պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպիսին կլինի տիեզերագնաց նախագահի արձագանքը: Անդրադառնանք նախապատմությանը:

Դեռ այս տարվա փետրվար ամսին իշխանական պատգամավորները հեծեծալով և լալահառաչ ելույթներով պնդում էին, որ այսպիսի փոփոխություններ հնարավոր է անել բացառապես հանրաքվեի միջոցով, որպեսզի ժողովուրդն ինքը արտահայտի իր կարծիքը ՍԴ-ի վերաբերյալ: Իսկ մի քանի օր առաջ պարզվեց, որ խորհրդարանը միշտ էլ ունեցել է այդպիսի լիազորություններ, բայց որոշել էր այդուհանդերձ ժողովրդի կարծիքը հարցնել:

Քանի որ կորոնավիրուսը խանգարեց, ուստի ԱԺ-ն պարտավոր է իրացնել իր լիազորությունը և վերջապես լուծել չարաբաստիկ ՍԴ-ի հարցը: Այստեղ առաջանում է իրավաչափ և օրինաչափ հարց: Ի՞նչ է խանգարում իշխանությանը սպասել ԱԴ-ի իրավական ռեժիմից դուրս գալուն և անցկացնել հանրաքվե: Հատկապես այն պարագայում, որ գումարը՝ շուրջ 7 միլիոն դոլարին համարժեք դրամը, արդեն դուրս են գրել բյուջեից, մի մասը ծախսվել է, հավանաբար քարոզչական որոշ միջոցառումների համար կանխավճարներ են վճարվել, որոնք հետ վերադարձնելը այսօրվա պայմաններում խնդրահարույց են: Ոչինչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց… Փաշինայանը գիտակցում է, որ այն օրը, երբ նա հայտարարեց ԱԴ իրավական ռեժիմի ավարտի մասին, փողոցները կողողվեն իրենց բողոքը արտահայտող քաղաքացիներով: Ուստի իր կոկորդին կանգնած ՍԴ-ի հարցերը պետք է շուտափույթ լուծել, քանի դեռ իրավիճակը վերահսկում է Փաշինյանը, այլ ոչ թե փողոցը: Իսկ որ շատ մոտ ապագայում իրավիճակը վերահսկելու է փողոցը, դրանում կասկած չկա: Իսկ ի՞նչ է այս ամենի մասին ասում միջազգային հանրությունը, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովը: Շատ լավ հասկանալով, որ բռնապետական հակումներ ունեցող պոպուլիստական ռեժիմները մեծ խանդավառությամբ մեղադրանքներ են շաղ տալիս սուվերեն երկրների ներքին գործերին միջամտություն մասին, հատկապես եթե միջազգային կառույցների եզրակացությունները իրենց քիմքին հաճելի չեն և խոչընդոտում են իրենց բռնապետական պլանների իրագործումը, Վենետիկի հանձնաժողովը տվել է այնպիսի եզրակացություն, որն այս իրավիճակի բոլոր մասնակիցները կարող են մեկնաբանել հօգուտ իրենց: Բայց մեկ բան մնում է հաստատուն՝ հանձնաժողովը ափսոսանք է հայտնել այն փաստի վերաբերյալ, որ այս նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրենց եզրակացության հրապարակման օրը, բառացիորեն մեկ ժամ անց: Այսինքն ակնհայտ է, որ այդ եզրակացությունը հաշվի չի առնվել: Սրա արձագանքը դեռ կլսենք:

Հիշեցնենք միայն, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նույն հանձնաժողովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի իրավագետները Եվրոպական չափանիշներով շատ լավ Սահմանադրություն են գրել: ԱԺ-ում այսօր իրականացված սահմանադրական կարգի տապալման հետ կապված կա ևս մեկ հարց՝ արդյո՞ք այդքան կարևոր է ՍԴ-ի թեման այսօր:

Կարելի է գտնել առնվազն երկու բացատրություն, թե ինչու է օրվա իշխանությունը այսքան հապճեպ և անօրինական եղանակով լուծում ՍԴ-ի 3 դատավորների պաշտոնավարման դադարեցման հարցը:

1. ՍԴ-ն 2020 հուլիսի 7-ին վերսկսելու է Ռ.Քոչարյանի գործով լսումները, քանի որ ստացվել են ՀՀ ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերի պատասխանները.

2. Իշխանությունը դարձյալ խնդիր ունի հանրության ուշադրությունը շեղելու ինչ-որ իրադարձություններից, որոնք արդեն տեղի են ունենում, բայց որոնց մասին մենք դեռ չգիտենք, իսկ երբ իմանանք, կարող է ուշ լինել արդեն:

Ամփոփելով ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչ ենք անելու, եթե վաղը խորհրդարանական մեծամասնությունը իրեն բնորոշ ամբարտավան ոճով հերթական արտահերթ նիստում սեփական ուժերով որոշում կայացնի, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ՀՀ վարչապետ է, այլ «ժողովրդի հայր» և թագավոր և այսուհետ իշխանությունը պետք է փոխանցվի ժառանգաբար: Ցավոք, այսպիսի զարգացումներն արդեն այնքան էլ հեռու չեն իրականություն դառնալուց:

Ուշագրավ է, որ ԱԺ իշխող մեծամասնությունը այսօր խախտել է Քրեական օրենսգրքի նույն 300.1 կետը, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Ռ.Քոչարյանին: Միայն մեկ բան կա, որ դեռ կարող է սփոփել հանրությանը և պահպանել հույսը առ այն, որ Հայաստանի Հանրապետության համար դեռ ամեն ինչ կորած չէ: Այսօր ԱԺ ընդդիմադիր կուսակցություններից մեկի խորհրդարանական խմբակցությունը օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի առաջին մասի 2 կետով սահմանված լիազորությունից՝ նախաձեռնում է ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի (27 պատգամավորի) ստորագրահավաք այսօր խորհրդարանի կողմից ընդունված որոշման սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար: Վատ չէր լինի, որ լոլո կարդալու փոխարեն ԼՀԿ-ն էլ միանար:

Բայց, ավաղ, դեռ մտմտում են, հավանաբար իրենց խաղն են խաղում, ինչը կջլատի խորհրդարանական ընդդիմության միասնական հանդես գալու կարևոր առիթը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով