«Պետք է պայմանավորվել նոր «խաղի կանոնների» մասին»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը։

Անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագծին` ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, մասնավորապես, գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նախ ցանկանում ենք ընդգծել, որ այս հարցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության ներքին գործն է։ Դրա հետ մեկտեղ, նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա: Մենք ուշադիր հետևում ենք դրա քննարկման գործընթացին»։

Դեսպանատան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ օրենքի ընդունումը «մեդիա արդյունաբերությունում կհանգեցնի բավականին լուրջ վերափոխումների» և օրենքի ընդունումից հետո նոր պայմաններում օտարերկրյա հեռարձակողները, այդ թվում՝ ռուսական հեռուստաալիքները, կարող են հեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա։

«Այսինքն՝ պետք է պայմանավորվել նոր «խաղի կանոնների» մասին, որոնք, հավանաբար, կառաջարկի հայկական կողմը։ Ռուսական կողմն արդեն բազմիցս նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամությունը։ Սպասում ենք հայ գործընկերների պատասխանին»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, քննարկման կարևոր կողմերից մեկը «լեզվական» անվտանգությունն է։

«Գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիների զգալի մասն անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ ռուսերենը Հայաստանում ունենա պաշտոնական կարգավիճակ։ Սակայն, չնայած դրա բացակայությանը, հասկանալով հարցի կարգավորման կարևորությունը շատ հայ քաղաքացիների համար, ռուսական կողմը դրսևորվում է կառուցողական տրամադրվածություն և պատրաստակամություն է հայտնում համատեղ ջանքերով ԵԱՏՄ շրջանակներում գտնել այդ բարդ, համալիր հարցի ընդունելի լուծումը՝ հաշվի առնելով մեր երկրների միջև առանձնահատուկ կապերը»,- ասված է հայտարարությունում։

Անդրադառնալով «ռուսական հեռուստաալիքներում ցուցադրվող հաղորդումների բովանդակության վերաբերյալ տարատեսակ կշտամբանքներին»՝ դեսպանատունը նշում է, որ ցանկացած լրատվամիջոց, այդ թվում՝ հեռուստաալիքները, ներկայացնում են մեկ կամ մի քանի տեսակետներ, որոնց հետ հեռուստադիտողն իրավունք ունի համաձայնել կամ չհամաձայնել։

Հաղորդագրության վերջում դեսպանատունն ընդգծում է, որ իրենց հաղորդագրությամբ ոչ մի կերպ չեն փորձում միջամտել օրենսդրական գործընթացին.«Հուսով ենք, որ շարադրված նկատառումները կլրացնեն ընթացող քննարկումների ընդհանուր պատկերը։ Առավել ևս, որ նոր օրենքը որոշակիորեն էական ազդեցություն կունենա տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ընդհանուր համալիրի զգալի մասն է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով