Նիկոլին հիմա էլ Սահմանադրությունն է խանգարում

Բանից պարզվում է, որ հիմա էլ Հայաստանին պայծառ ապագա կառուցելու համար անհրաժեշտ է դե յուրե նոր Սահմանադրություն: Այո, տիկնայք և պարոնայք, այն պայծառ ապագան, որին Փաշինյանը խոստանում էր հասնել սըրընթաց և աննախադեպ արագությամբ, որոշակի պայմանների կատարման դեպքում դարձյալ հետաձգվում է, քանի որ հիմա էլ Սահմանադրությունն է խանգարում:

Իհարկե, կարելի է այս ամենը անլրջացնել և շարունակաբար կատակել այն մասին, թե ինչ է խանգարում վատ պարողին, բայց Սահմանադրությունը չափազանց լուրջ հարց է, որ հանրությունը իրեն շռայլություն թույլ տա սահմանափակվել ֆեյսբուքյան գրառումներով և հույս ունենա, որ ինքն իրեն կանցնի: Ոչ, սա ինքն իրեն չի անցնի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշենք, որ ամենասկզբից Փաշինյանին խանգարում էր ՀՀԿ-ն, իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը կատարեց իսկական պետական գործչին և առաջնորդին վայել քայլ: Նա հրաժարական տվեց, որպեսզի ժողովուրդը փորձի ավելի լավ կյանք կառուցել: Բայց Փաշինյանին դա քիչ էր: Հաջորդ խանգարող հանգամանքը վարչապետն էր: Փաշինյանը փրփուրը բերանին հանրահավաքներին գոռում էր, որ կամ նա է լինելու ՀՀ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինելու: Եվ դարձավ վարչապետ: Դրանից հետո Փաշինյանը, հայտնի հեքիաթի պառավի նման պահանջեց Ազգային ժողովը: Մինչև Ազգային Ժողովի կազմը չփոխվի, Հայաստանում ոչինչ չի փոխվի և հեղափոխության գործը կիսատ կմնա, հայտարարեց նա և ժողովրդին կանչեց ԱԺ-ի շենքը շրջափակելու:

Եղան նոր պարլամենտական ընտրություններ և Փաշինյանը ստացավ իր բաղձալի գրպանային Ազգային Ժողովը, որն իրեն հնազանդվեց և կարգեց մեր գլխին վարչապետ: Բայց Հայաստանում, միևնույն է, ոչինչ չփոխվեց: Հետո Փաշինյանը կազմավորեց նոր Կառավարություն՝ իրեն շրջապատելով ապիկար, բայց շատ հավատարիմ և հնազանդ դիլետանտներով, բացառությամբ երևի ուժային նախարարությունների: Քավ լիցի, դրանից հետո նույնպես Հայաստանում ոչինչ չփոխվեց: Հետո Փաշինյանին իր հեղափոխությունը ամբողջական ավարտին հասցնելու համար խանգարեց Ռ.Քոչարյանը, և վերջինը ձեռբակալվեց: Այդ ամբողջ ընթացքում թեպետ հայտարարվեց բազմաթիվ «թալանչիների» կողմից պետությանը լուրջ գումարների վերադարձնելու մասին, այդուհանդերձ Հայաստանի շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չփոխվեց:

Այնուհետև Փաշինյանը թիրախավորեց դատական համակարգը: Պարզվեց, որ մեր պայծառ ապագան ոչ մի կերպ տեղ չի հասնում, որովհետև մեզ խանգարում են դատավորները: Հնչեցին դատարանների շենքերը շրջափակելու կոչեր, բայց ժողջանը արդեն շատ ավելի պասիվ էր արձագանքում Caporegime-ի առաջնորդի կոչերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, ոչ մի դատական համակարգ էլ մեզ չէր խանգարում, բոլորս էլ գիտենք, թե ինչու Փաշինյանը ջղայնացավ դատավորների վրա: Թվարկած իրադարձությունների ծավալման ընթացքում երկիրը կառավարում է Փաշինյանի Կառավարությունը: Ներդրումներ չկան, աշխատատեղեր չեն բացվում, խոստացված ներգաղթը տեղի չի ունենում, տնտեսական հեղափոխությունն ուշանում է և այդպես էլ իրականություն չի դառնում:

Պայծառ ապագան այդպես էլ վրա չի հասնում, նույնիսկ հեռավոր հորիզոնին չի երևում: Հետո եկավ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի հերթը: Հերթական անգամ Փաշինյանին խանգարողներ կային, և մեր և ձեր պայծառ ապագան դարձյալ ինչ-որ անհասանելի պատրանքի էր վերածվել: Հրայր Թովմասյանից և այլ ՍԴ դատավորներից ազատվել չստացվեց հայտնի պատճառներով: Այսօր մեր հայրենիքում ճգնաժամ է: Տապալված է կորոնավիրուսի դեմ պայքարը, տնտեսությունը «չոքել» է, հավանական է, որ լինի նաև պարենային կոլապս, առողջապահական համակարգը չի կարողանում դիմակայել մարտահրավերներին, արտակարգ դրության պատճառով շուրջ 300.000 մարդ աշխատանք չունի: Իսկ Փաշինյանին միայն մեկ բան է հետաքրքրում՝ ինչպես անել, որ Հայաստանը ունենա նոր Սահմանադրություն:

Եվ ահա այս ցնորամիտ խաբկանքի հետևից ընկնելով՝ Փաշինյանը արտաբերում է հետևյալ սակրամենտալ ֆրազը՝ «Հիմա ես եկել եմ այն համոզման, որ ոչ թե անհրաժեշտություն կա Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն նոր Սահմանադրություն ընդունելու»: Չանդրադառնանք այն փաստին, որ սա մաքուր տավտոլոգիա է կամ կրկնաբանություն:

Այստեղ ավելի լուրջ հարցեր են առաջանում՝

ա/ Այդ ի՞նչն է, որ Փաշինյանին դուր չի գալիս մեր գործող Սահմանադրության տեքստում:

բ/ Ինչպիսի՞ ճանապարհով է նա պլանավորում իրականացնել նոր Սահմանադրության ընդունումը:

Այս հարցերի պատասխանները շատ կարևոր են հասկանալու համար, թե ինչի համար է Փաշինյանը խաղադաշտ նետել այդ թեզը:

Կա երեք տարբերակ՝ կամ սա հերթական ուշադրություն շեղող ֆոկուս է Արցախի շուրջ իբր գոյություն չունեցող բանակցությունները անբարենպաստ ճանապարհով շարունակելու համար, կամ Փաշինյանի օրակարգը սպառվել է և նա նոր թեմաներ է մոգոնում լուրջ գործ անելու տպավորություն ստեղծելու համար, կամ երկուսը միասին: Թվում է, թե նույն ելույթի մեջ Փաշինյանը տալիս է առաջին հարցի պատասխանը: Նա ասում է, որ Հայաստանում ամեն անգամ ահմանադրությունների տեքստերը կապվել են անձերի, քաղաքական խմբերի, ապագայի հետ կապված իրենց խմբային պատկերացումների հետ և որ այսօր մենք ունենք հնարավորություն այս շղթան կտրել:

Այս անբովանդակ բարբաջանքը, իհարկե, չի կարող համարվել լեգիտիմ հիմք նոր Սահմանադրություն ընդունելու համար: Հատկապես այն պարագայում, որ մեր գործող Սահմանադրությունը միջազգային մասնագիտական կառույցների կողմից իրավացիորեն համարվել է Եվրոպական երկրների լավագույն Սահմանադրություններից մեկը:

Եզրափակենք արձանագրելով, որ վերջին օրերին ծավալվող լայնամասշտաբ ռեպրեսիաների ֆոնին այս հայտարարությունը ոչ մի լավ բան չի նշանակում: Անօրինական հանրաքվեն չստացվեց, հիմա էլ Փաշինյանի սիրտը նոր Սահմանադրություն է ուզում: Իսկ Փաշինյանը երբեք իրեն նեղություն չի տվել հաշվի նստել Հայաստանի Հանրապետության օրենքների հետ: Նա առաջնորդվում է բացառապես սեփական քաղաքական կամ անձնական քմահաճույքով: Ուստի սպասենք հետագա զարգացումների և ոչ մի լավ բան չակնկալենք:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով