Մի շարք երկրներ չեղարկում են կարանտինը, Հայաստանում` երկարաձգում ևս 1 ամսով

Հունիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության լրատվամիջոցները հայտնեցին, որ երկիրը բժիշկների և քաղաքացիների համատեղ ջանքերով կարողացել է հաղթահարել կորոնավիրուսային վտանգը, օրեցօր ավելի շատ թվով մարդիկ են դուրս գրվում հիվանդանոցից, քան թե հիվանդանոցում հայտնվում նոր կորոնավիրուսի պատճառով: Նույն օրը` հունիսի 8-ին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարեց, որ Մոսկվայում հանվում է արտակարգ ռեժիմը և շուտով կվերացվեն նաև մյուս բոլոր սահմանափակումները: Այդ պահին ռուսական մի շարք քաղաքներում, կարանտինի ռեժիմն արդեն իսկ վերացված էր:

Մի շարք տարածաշրջաններում էլ նախատեսում են վերացնել կարանտինային ռեժիմը մինչև հունիսի 15-ը: Լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում, Սանկտ Պետերբուրգի փոխքաղաքապետ Եվգենի Ելինը հայտնել է, որ Պետերբուրգում ապրում են ավելի հավասարակշռված, կրթված և գիտակից մարդիկ, քան Մոսկվայում և, այդ իսկ պատճառով, իրենց քաղաքում կարանտինային սահմանափակումներն էլ եղել են ավելի թեթև: «Մենք այդպիսի խիստ սահմանափակումներ չենք մտցրել, մեծ թվով ձեռնարկություններ չենք փակել, թույլտվություններ չենք պահանջել, բայց, հետևաբար, նաև ավելի ուշադիր ենք հանում սահմանափակումները, քան Մոսկվան», – ասել է Եվգենի Ելինը: Եվրոպական մի շարք երկրներում, կարանտինային սահմանափակումները սկսել են դադարեցնել դեռևս ապրիլից: Վրաստանում կարանտինային ռեժիմը սկսել են մեղմացնել դեռևս ապրիլի 27-ից, իսկ մայիսի 23-ից Վրաստանում ընդհանրապես վերացրեցին արտակարգ դրությունն ու պարետային ժամը: Երեկվանից` հունիսի 11-ից, Բելառուսում, որտեղ ընդհանրապես չէր էլ սահմանվել կարանտինային ռեժիմ, COVID-19- ի պատճառով 14-օրյա կարանտինային ռեժիմ էր սահմանված միմիայն եվրոպական մի շարք երկրներ այցելելուց հետո Բելառուս վերադարձած քաղաքացիների և օտարերկրացիների համար` չեղարկվեց անգամ այդ սահմանափակումը: Ըստ հայտարարության «սև ցուցակից» դուրս են գալիս Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Մոլդովան, Մոնակոն, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան , Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Չեխիան, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան և անգամ Չինաստանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես նկատեցինք, Հայաստանը չկար այդ ցուցակում: Այսինքն, նույնիսկ Բելառուսում, որտեղ առանձնակի մասշտաբային հակահամաճարակային միջոցառումներ երբեք էլ չեն իրականացվել, Հայաստանի նման երկրի բնակիչներին «պերսոնա նոն գրատա» են համարում` անցանկալի անձ և պահվում են 14 օրյա մեկուսացման տակ: Իսկ Հայաստանում՝ մարտի 16-ին հայտարարված «մեկամսյա արտակարգ դրություն»-ը շարունակվում է մինչ այսօր և այսօրվանից էլ կրկին 1 ամսով երկարաձգվում է:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով