«Մենք առաջարկել ենք ֆինանսավորել այն ընտանիքներին, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով տուժել են, ոչ թե բոլորին տալ փող».Էդմոն Մարուքյան

ԱԺ արտահերթ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմանը Զեյնալյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին և տեղափոխել առաջարկների ներկայացման փուլ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով Զեյնալյանին, հայտարարեց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դուք բոլորդ գիտեք, որ երկար ժամանակ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր, որ ֆինանսական աջակցություն ցուցաբերվի, և վերջապես շատ ճիշտ նախագիծ է բերվել, որը երեկ առաջին ընթերցմամբ ընդունել ենք: Հիմա ես հասկանում եմ, որ կառավարության համաձայնությունը կա՛մ չի եղել, կա՛մ կեսից փոխվել է, և նախագիծը հետ է տարվում: Ի՞նչն է պատճառը, որովհետև Ձեր հիմնավորումները այն մասին են, որ հետաձգվում է չգիտեմ երբ, բայց կքննարկվի: Այսինքն՝ կարող է ընդհանրապես չընդունվել, և չեք կարողացել գալ համաձայնության, այսինքն՝ խորհրդարանական մեծամասնությունը չի կարողացել համոզել կառավարությանը, որ այս նախագիծը կարևոր է, անհրաժեշտ է և հիմա է պետք ընդունել, հետո արդեն շատ ուշ կլինի»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե քաղաքական հիմնավորում է ակնկալում:

Նարեկ Զեյնալյանն արձագանքեց՝ «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը՝ առանց թիրախայնության բոլորին տրամադրել 100 000-ական դրամ, ըստ Զեյնալյանի, այնքան էլ տրամաբանական չէ:

«Իսկ այս առաջարկի հիմքում թիրախայնություն է դրված, աջակցությունը տրամադրվում է այն անձանց, որոնք որևիցե ձևով տուժել են կորոնավիրուսի պատճառով, կամ որևէ կերպ նրանց վիճակը բացասական առումով փոխվել է: Կառավարությանը համոզել-չհամոզելու խնդիր չկա, որովհետև նաև գաղափարը ընդունելի է եղել Կառավարության համար, որոշ հոդվածներ համատեղ են քննարկվել և մշակվել, ընդամենը որոշակի կանխատեսելիություն կատարելու մեջ է հարցը, թե ապագայում ինչքան նման դեպքեր կունենանք, և կորոնավիրուսն ինչքան կձգվի»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարուքյանն արձագանքեց՝ արդեն բնավորություն է դառնում «Լուսավոր Հայաստան»-ին վերագրել բաներ, որոնք չեն ասել, հետո «ջախջախել» այդ չեղած բանը:

«Մենք առաջարկել ենք ֆինանսավորել այն ընտանիքներին, որոնք կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով տուժել են, ոչ թե բոլորին տալ փող, առաջարկել էինք 100 000 դրամ տրամադրել, և երբ դուք մերժում էիք, ասում էին՝ ինչքա՞ն կտաք, հիմա բերել եք նախագիծ, որ ովքեր պարտադրված են ինքնամեկուսանալ, նրանց աջակցություն տանք, որին մենք կողմ եմք և ուզում ենք՝ ընդունվի: Հիմա հասկանում ենք, որ առաջին ընթերցումից հետո խնդիր է առաջացել, չի ընդունվելու այդ նախագիծը: Մենք երեկ լավ ուղերձ ենք տվել այդ մարդկանց, և հիմա չի ընդունվելու»,-ասաց Մարուքյանը՝ նշելով, թե տվյալներ ունեն, որ 70 000-ից ավելի մարդ ապրիլից-հունիս գործազուրկ է դարձել, և իրենց առաջարկը եղել է նաև նրանց աջակցելը:

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է մեկուսացման նպաստ տալ այն անձանց, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույն են աշխատանքով ապահովել իրենց, և պարետատան ցուցմամբ մեկուսացվել են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով