Չեմ զարմանա, եթե առաջիկայում արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունները տարվեն առանց հայկական կողմի մասնակցության․ Միհրան Հակոբյանը՝ վարչապետի հայտարարության մասին

Հասարակական- քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  է կատարել՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից այսօր ԱԺ-ում արված հայտարարությանն առ այն, որ երբեք չի բացառել, որ եթե Ադրբեջանի գործող վերնախավի հետ երկխոսությունը չստացվի, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ՝ պարզ, անկեղծ։ Հակոբյանի կարծիքով՝  Փաշինյանը Մինսկի խմբի եռանախագահողների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ այնպես է հարամել հարաբերություններն ու արցախյան բանակցությունները տանուլ տվել, որ մնացել է սոցցանցերով Ադրբեջանի ժողովրդի հետ «պարզ, անկեղծ» խոսելու հույսին:

«Պատկերացնու՞մ եք՝ ու՞ր ենք հասել։ Պարոն Փաշինյան, ո՞նց ես պատկերացնում Ադրբեջանի ժողովրդի հետ «պարզ, անկեղծ» խոսելը: Ադրբեջաներենով ֆեյսբուքում գրառու՞մ ես անելու, որ Ադրբեջանի ժողովուրդը գա, գրառմանդ տակ մեկնաբանություններ անի, «պարզ, անկեղծ» խոսե՞ք գրառման տակ: Երևի այդ ընթացքում էլ Ադրբեջանի վերնախավը անկյունում կանգնած նյարդայնացած պետք է ծխի ու եղունգները կրծի՞: Խնդրելու՞ ես, որ 10 միլիոնով հավաքվեն մի տեղ, ասենք՝ Լենքորանի տափաստաններում ու գնաս հետները հանդիպե՞ս: Միտինգ ես անելու՞, թե՞ կլոր-սեղան քննարկում»,- գրել է Հակոբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ նրա՝ Փաշինյանն օրեցօր վտանգավոր է դառնում, նա Հայաստանի միջազգային հեղինակությունը իջացրել է շրիշակի մակարդակի․ «Սա այն օրի է հասցրել, որ չեմ զարմանա, եթե առաջիկայում արցախյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցությունները տարվեն առանց հայկական կողմի մասնակցության»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով