Խուսանավելու նուրբ արվեստը

Այսօր վարչապետը եկել էր ԱԺ պատասխանելու պատգամավորների հարցերին: Առնվազն երեք պատգամավոր տարբեր ձևակերպումներով վարչապետին հարցրեցին Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների լինել-չլինելու, փաստաթղթի լինել-չլինելու և Արցախի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բայց ավաղ, ոչ մի հստակ պատասխան չստացան: Փաստենք, որ այս ամենը արդեն վերածվում է անորակ ֆարսի:

Փաշինյանը ոչ միայն հստակ պատասխան չտվեց, այլև իրեն թույլ տվեց նույնիսկ որոշակի հեգնանք արտահայտել հարց տվող պատգամավորներից մեկին՝ պատասխանելով, որ բազմիցս խոսել է դիրքորոշման մասին ու էլ չի կրկնելու, քանի որ բանը մեկ անգամ են ասում: Չպատասխանեց նաև այն հարցին, թե արդյո՞ք փուլային կարգավորման փաստաթուղթ կա, թե՞ ոչ, խուսանավելով և լղոզելով իր պատասխանը: Նույն հարցի շուրջ երրորդ պատգամավորի հարցին Փաշինյանն արդեն արձագանքեց ակնհայտ բարկացած՝ «Ոնց պետքա, տենց էլ բանակցում ենք, որքան լիազորություն ունենք, այդքան էլ բանակցում ենք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետի պաշտոնում հայտնված դեղին մամլո լրագրողն այնուամենայնիվ չկարողացավ մինչև վերջ խուսանավել և հպանցիկ անդրադարձավ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Ուշագրավ է, որ Փաշինյանն իր անբռնազբոս ոճով ընդարձակվեց այն մասին, թե դժվար լինի մի հայ, որի համար Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը չլինի առաջնայնություն: Եթե կա այդպիսի մարդ, ես ուզում եմ այդ մարդու անուն-ազգանունը իմանալ, ասեց Փաշինյանը: Կարծես թե կարելի էր ուրախանալ և մտածել, որ վերջապես մենք լսեցինք սկզբունքայնություն հիշեցնող գոնե մեկ արտահայտություն: Բայց, քավ լիցի, մենք ուրախանալու առիթ չունենք իրականում: Անմիջապես դրանից հետո Փքաշինյանն ասում է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներից հետո նա զգում է, որ հակառակորդը պատրաստ է գալ փոխհամաձայնության:

Ինչպե՞ս հասկանանք այս հայտարարությունը, եթե բառացիորեն դրանից մեկ ժամ առաջ Փաշինյանը նույն ամբիոնից հայտարարեց, որ Արցախի հիմնախնդիրը տեսականորեն լուծում չունի, եթե այդ լուծումն ընդունելի չի ՀՀ, ԱՀ և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ադրբեջանական կողմը հստակորեն ձևակերպել է իր ժողովրդի համար ընդունելի լուծումը՝ Արցախը վերադառնում է Ադրբեջանի կազմ ամենալայն ինքնավարության կարգավիճակով: Մի՞թե հասկանալի չէ, թե ինչպիսի փոխհամաձայնություն է ակնարկում Փաշինյանը: Այստեղ է թաքնված վտանգը: Փաշինյանը սիրում է մեր թշնամու համար լուսանցքներ բացել, որպեսզի նրանք իրենք դիրքերը ուժեղացնեն: Փաշինյանը շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» և «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» եզրույթները և հայտարարել է, որ մենք խնդիր չենք տեսնում, որ այդ համայնքի ներկայացուցիչները մասնակցեն բանակցություններին:

Արդյունքում այդ համայնքի կողմից ընտրված ներկայացուցիչը արդեն հասել է ԵԽԽՎ, իսկ Արցախն այդպես էլ չդարձավ բանակցությունների կողմ: Այս տրամաբանության շրջանակներում կարելի է ենթադրել, որ երբ որ Փաշինյանը ասում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, նա ի նկատի ունի այն ժողովրդին, որը կձևավորվի տեղահանվածների վերաբնակեցումից հետո: Այսինքն՝ շուրջ 150 000 հայ գումարած շուրջ 360 000 Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ և չորս տարի անց՝ հանրաքվե: Ակնհայտ է, որ բնակչության այսպիսի կառուցվածքի դեպքում ինքնորոշման իրավունքի իրագործումը կհանգեցնի նրան, որ Արցախը լեգիտիմ հանրաքվեի արդյունքների հիման վրա կմտնի Ադրբեջանի կազմ: Այս ամենը թույլ է տալիս ունենալ հիմնավոր կասկածներ, որ Փաշինյանը չի մեկնաբանում և չի հերքում Լավրովի հայտարարությունը, որովհետև չի կարող, քանի որ Լավրովը նկարագրել է իրողությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօրվա հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը արտաբերել է ևս մեկ դարակազմիկ և աշխարհացունց անհեթեթություն՝ ասելով, որ ոչ մի իշխանություն  այդքան չի խոսել Արցախի հիմնախնդրի լուծման մասին, ինչքան իրենց իշխանությունը:

Ըստ Փաշինյանի՝ կիլոմետրորով տեքստեր են գրված այդ մասին: Պարոն Փաշինյան, կիլոմետրով տեքստերի կարիքը չկա: Կարելի է ասել ընդամենը մեկ բան՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այդքանով դուք կպատասխանեք բոլոր հարցերին և կկանխեք բոլոր դեռ չտրված հարցերը:

Մի խոսքով, արձանագրենք, որ այսօր Փաշինյանը ամենասկանդալային կերպով երիցս ուղղակիորեն խուսափեց իր վրա որևէ պատասխանատվություն վերցնելուց և ոչ միայն չհերքեց Լավրովի հայտարարությունը, այլև էլ ավելի լուրջ հիմքեր տվեց բոլորիս կասկածելու, որ այնուամենայնիվ կան բանակցություններ և այդ բանակցությունների ընթացքը բոլորովին չի բխում Արցախի շահերից:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով