Թխում ենք վրացիներից

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարող հետխորհրդային երկրների շարքում գտնվում է խայտառակ իրավիճակում, օրեր շարունակ գրանցում է ամենավատ ցուցանիշները, իր բնակչության թվի համեմատ ունեցած վարակակիրների և մահացածների թվի տոկոսային մեծությամբ անցնելով բոլորին և զիջելով միայն Բելառուսին, որտեղ սակայն արտակարգ ռեժիմ չկա և չկա նաև կորոնավիրուսի դեմ ակնհայտ պայքար:

Այնինչ տվյալ իրավիճակում անգամ երկրի առողջապահության նախարարի պաշտոնը հանգամանքների բերումով զբաղեցնող անձը ֆեյսբուքում քաղաքական տափակ ու էժանագին գրառումներ է անում, ծաղրում ընդդիմադիրների, նրանից հետ չի մնում նաև ԿԳՄՍ սուպերնախարարը, որն էլ ծաղրական գրառում է անում ոչ ավել և ոչ պակաս հենց իր հեղափոխական ընկերոջ մասին, այն անձի մասին, որը ԿԳՄՍ համակարգում բարձր պաշտոն էր զբաղեցնում և աշխատանքից դուրս էր եկել ընդամենը 1-2 օր առաջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զավեշտալի հայտարարությունների թիվն ու հաշիվն ենք արդեն կորցրել: Սկզբում սննդի օբյեկտների գերկարևորը զուգարանների դեմ պայքարն էր, շնաբարո դուրսպրծուկները, սևերի և սպիտակների բաժանումը, ասֆալտին ծեփելը թե՛ կոկորդիլոսի ձվերի ներմուծումը: Զավեշտների շարքը ցավոք չի սահմանափակվում միայն հայտարարություններով:

Նույն առողջապահության նախարարի որոշմամբ վերջին 1 տարվա ընթացքում փակվեցին հակատուբերկուլյոզային հիվանդանոցներ, կրճատվեց պետական հիվանդանոցային մահճակալների ընդհանուր թվաքանակը, աշխատանքից հեռացվեցին բազմաթիվ վիրուսոլոգներ, իմունոլոգներ և շնչառական խնդիրներում մասնագիտացած բուժակներ: Բաներ, որոնց կարիքն այսօր մենք ունենք օդի ու ջրի նման: Սակայն անգամ այս կորոնավիրուսային ճգնաժամի և պանդեմիայի օրերին, «թավշյա» իշխանավորները չեն դադարում զարմացնել բանիմաց և գիտակից անձանց:

Ընդամենը օրեր առաջ հապճեպ կերպով Ազգային ժողովն ընդունեց Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության կոնվենցիան, որն ավելի հայտնի որպես Լանզարոտիի կոնվենցիա: Մի բան, որը բացարձակապես այս օրերի համար կարևորություն չի՛ ներկայացնում և որն ունի բազմաթիվ բացեր և անհայտներ, չէ՞ որ երեխաներին սեռական շահագործումից պաշտպանվել սովորեցնելը ևս ենթադրում է, սեռական շահագորման մասին ուսուցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը աբսուրդային ժանրի նոր օրենսդրական նախաձեռնություն ունի, որը հավանաբար նույնպես առաջիկայում կհայտնվի ԱԺ-ում և կընդունվի: Նա առաջարկում է հնարավորություն ընձեռել մեծ պահանջարկ ունեցող մեքենաների պետհամարանիշների ընտրություն` սեփականատիրոջ ցանկությամբ: Պետհամարանիշների տառերի և թվերի ընտրություն, որն ըստ «հաճախորդի» ցանկության պետհամարանիշի փոխարեն կարող է գրվել նաև անուն:

Նախագծի հիմնավորումներում Ալեն Սիմոնյանը նշում է, որ շատ երկրներում ընդունված փորձառություն է, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերը կարող է ինքն ընտել իր մեքենայի համարանիշը` կազմված որոշակի նիշերից: Այսինքն, չկա ոչինչ այս նախաձեռնության մեջ, որը ստեղում է նյութական կամ հոգևոր բարիք և որը կարելի է կապել այսօրվա մեր իրականության հետ: Այդտեղ կա միայն հաճախորդների սպառողական հոգեբանության ամբիցիաներին հագուրդ տալուն նվիրված նոր ծառայություն, որը պետությունը պիտի մատուցի հասարակության ցոփ ու շվայտ կյանքով ապրող շերտին և նրանց ծանոթ-բարեկամներին:

Չէ՞ որ գաղտնիք չէ, որ «գոլդ» համարանիշերի համար շուկայում պտտվում են աստղաբաշխական գներ: Գներ, որոնց մասին Ալեն Սիմանյանի նախաձեռնությունը լռում է: Այստեղ խոսքեր չենք գտնում այդ հսկայական գումարների մասին: Քար լռություն է: Այս նախաձեռնությունը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ չինովնիկներին հնարավորություն է տալիս կամայական համարները վաճառել մտացածին գներով և նաև էժանացնելով՝ փոխարենը «մաղարիչ» վերցնելով. Օրինակ՝ “DUXOV06” պետհամարանիշի համար, կարող է սահմանվել պետական 3,000,000 դրամ, սակայն առաջարկվել 1,000,000-ով՝ որից պետական պետք է մուծել 500,000-ը, իսկ 500,000-ն էլ տալ ինչ-որ մեկին մաղարիչ՝ 3,000,000 դրամանոց համարի զեղչը կազմակերպելու համար:

Կարող է պատահել նաև հակառակ տարբերակը: Նույն “DUXOV06” համարի համար կարող է սահմանվել 100,000, կամ 20,000 դրամ գին կամ էլ ընդհանրապես 0 դրամ, սակայն այն տրամադրել միայն ինչ-որ մեկի հետ «բարիշելուց» հետո: Այսինքն` կան մի շարք բացեր և կոռուպցիոն մեխանիզմների ռիսկեր:

Այժմ եկեք պարզենք թե ի՞նչպես է այս հարցը լուծվում առաջադեմ երկրներում, որի օրինակ է ներկայացնում Ալեն Սիմոնյանը, սակայն թերի ուսումնասիրած լինելու պատճառով, կամ էլ, ավելի հավանաբար, երևույթները միտումնավոր ներկայացնելով կիսատ-պռատ: Ամեն ինչ սկսվում է բարեգործական հիմնադրամից:

Մի շարք երկրներում, ոստիկանությանը կից ստեղծվում են բարեգործական հիմնադրամներ, որոնք վաճառում են «գոլդ» պետհամարանիշներ, ինչպես նաև փողոցային կայանման անվանական տեղեր և այլ առավելություններ, նախապես հաստատված գներով: Մարդիկ բաց և ազատ կարող են կատարել բարեգործական հիմնադրամին մուծումներ, փոխարենը ստանալով իրենց անվանական համարը կամ անվանական ավտոկայանատեղին: Նրանք կարող են նաև չօգտագործել իրենց հեղինակային, անվանական համարը, այլ պահել որպես հիշողություն, կան նվիրել ինչ-որ մեկին: Կարևորը՝ հիմնադրամն է, որը բաց և լեգիտիմ գործող հիմնադրամ է:

Հիմնադրամ, որը կարողանում է ոստիկանական համակարգին հնարավորություն ընձեռել հասարակական բարեգործական միջոցառումներ անելու համար վաստակել մեծ գումարներ: Ահա այսպես էր կարող կազմակերպել և ներկայացնել իր նախաձեռնությունը, այնինչ դա այդպես չէ:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով