Թորոսյանը հավանական է համարում մինչև մայիսի վերջ Հայաստանում 10 հազար վարակման դեպքը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավանական է համարում այն սցենարը, որ մինչև մայիսի վերջ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնի 10 հազարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին, թե մինչև մայիսի վերջ որքան վարակակիր կլինի, նա նշեց. «10 հազար թիվը հավանական սցենար է: Դա բարձր է այն իմաստով, որ ավելի բարձր է, քան կկարողանանք բոլորին պահել հսկողության տակ, և հավանաբար ոմանց տուն կուղարկենք: Սակայն բարձր չէ այն իմաստով, որ ամեն դեպքում ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կկարողանանք սպասարկել»,-ասաց նախարարն ու նկատեց՝ ամեն ինչը կախված է 10 հազարին հաջորդող քայլերից:

Անդրադառնալով հանձնաժողովի նիստում իր հնչեցրած այն մտքին, որ եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ Հայաստանում հնարավոր է, որ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով՝ Թորոսյանն ասաց, որ դա պատահական թիվ չէր: «Դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիներ և հազարավո մահեր: Բարեբախտաբար, դա մինչև օրս տեղի չի ունեցել, կարողացել ենք ամեն դեպքում զսպել բռնկման տարածումը, հարթեցնել կորը: Սրագագաթ պիկ չէ, դա բլուր է դառնում, պետք է կարողանանք այնպես անել, որ հետո աստիճանաբար իջնի ներքև»,-ասաց նախարարն ու նշեց՝ սակայն, թե դա երբ կհաջողվի, դժվար է ասել:

Անդրադառնալով սահմանափակումների վերացմանը՝ նա նշեց, որ դա միգուցե մի քիչ կպաստի ավելացմանը, սակայն նաև պետք է խոստովանել, որ դա անխուսափելի է, քանի որ հնարավոր չէ ապրել երկրում, որտեղ ամեն ինչ փակ է: Նախարարը նկատեց՝դա  ինչ-որ մի օր պետք է տեղի ունենար, և այդ ժամանակն իրենք օգտագործել են՝ ինչ-որ կերպ առողջապահական համակարգը կարգի բերելու համար և մարդկանց որոշակի վարքագծային կանոններ սովորեցնելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով