«Թավիշի»  վախճանը. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում  է.

«Մենք չենք փորձում պրոցեսները խորքային (ինչպես ասում էին “հեղափոխականները” մինչև հեղափոխությունը՝ ինստիտուցիոնալ) կերպով դիտարկել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018-ի «Թավիշը» երկկողմանի պրոցես էր՝ «հեղափոխականները» ձեռքները վեր պարզած էին երթի գնում, ոստիկաններն էլ ուժ չէին կիրառում։ Այսինքն, ամեն ինչ օրենքի շրջանակում էր կատարվում։

Ճշտենք, «թավշյա, ոչ բռնի»արտահայտությունը նշանակում է գործել օրինականության շրջանակում։ Այլ իմաստ այդ արտահայտությունը չի պարունակում։

Հիմա «հեղափոխականները» սպառնում են, որ իրենց համբերության բաժակը լցվել է և կհրաժարվեն «թավիշից», այսինքն կհրաժարվեն 2018-ի իշխանությունների ու 2018-ի ըննդիմության սոցիալական պայմանագրից՝ գործել օրինականության շրջանակներում։ Ֆիքսենք, որ դա երկու կողմ ունեցող պայմանավորվածություն էր, այլ ոչ թե «հեղափոխականների»  բարիության արգասիք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դա լավ է, թե վատ է, այլ խոսակցություն է։ Ավելի սկզբունքային է այն հարցը, թե ինչու «թավիշից» ոչինչ չի ստացվում, որն է դրա ինստիտուցիոնալ պատճառը։

Ինչպես ասել էի, «թավիշը» նշանակում է հրաժարվել ոչ կենվենցիոնալ ուժի կիրառումից, այսինքն ամեն ինչ օրենքի շրջանակում պետք է տեղի ունենում, իսկ դրա համար պետք է անկողմնակալ արբիտր՝ դատական համակարգ։

Սակայն «ժողովրդի սրտի առաջնորդ» օրենքից դուրս է հայտարարել դատական համակարգը՝ դատավորները սրիկաներ են, Սահմանադիր Դատարանը՝ հակահեղափոխականներ, ավելին, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախկին արատավոր համակարգի մնացուկներ, օտարերկրյա լրտեսներ են և այլն։ Այսինքն մնացել ենք առանց օրինական Արբիտրի։

Հանրագումարի բերենք, հարցերը չեն կարող լուծվել թավիշով՝ օրենքով, որովհետև օրենք կիրառողները վարկաբեկված են։ Տակը մնում է Սամասուդը, հիմնված լեռնականների ավանդույթների վրա, այլ, ինստիտուցիոնալ, տարբերակ չկա։ Սա է այն էկզիստենցիալ՝ գոյաբանական ծուղակը, որում հայտնվել են «հեղափոխականները» և որից դուրս գալու ելքեր չունեն։ Մենք նույնպես, իրենց պատճառով, նույն տեղում ենք հայտնվել, բայց մենք դրանից դուրս գալու ճանապարհներ ունենք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով