Սյունեցիները ցույց տվեցին իշխանության իրական դեմքը

Երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցածը հատկանշական էր: Ավելի հատկանաշական էր այն, որ Կապանում ծավալվող իրադարձությունները ոչ ոքու չզարմացրեցին: Երբ պարզ դարձավ, որ առանց ընթացակարգը պահպանելու բերման ենթարկվածներից մի քանիսին բաց թողեցին ներողություններով, դա զավեշտ էր, բայց մի կողմից էլ՝ ողբերգություն: Պատկերացնու՞մ եք, դիմակավորված զինված անձինք  թևերը ոլորելով ձեզ տանում են, ենթադրաբար, նաև բռնություն են կիրառում ձեր նկատմամբ, իսկ հետո բաց են թողնում` պարզաբանելով, որ ձեզ սխալմամբ են բերման ենթարկել: Եվ այս առիթով ընդամենը ծառայողական քննություն: Սրան կանդրադառնանք ստորև:
Արձանագրենք, որ Կապանում հավաքվել էին քաղաքացիներ և ներկայացնում էին օրինաչափ և արդարացի պահանջ՝ չտանել այդ եղանակով բերման ենթարկածներին Երևան և հնարավորության դեպքում նրանց գրավի կամ ստորագրության դիմաց բաց թողնել: Շրջափակվել էր Ոստիկանության շենքի դիմացի հրապարակը, և ոստիկանության ավտոմեքենաները չէին կարող շարժվել: Իրականում տեղի ունեցածը մի խառը պատմություն է: Մի կողմից հայտարարվում է, որ այս ամենը քաղաքական բնույթ է կրում, բայց մարզպետը հերքում է: Մյուս կողմից՝ փաստացի մարդկանց են բերման ենթարկել մասկի-շոուի մասնակցությամբ առանց որևէ իրավական հիմքեր ներկայացնելու: Այս պատմությունը խիստ կասկածելի է նաև այն պատճառով, որ այդպես էլ հանրությանը չեն բացատրում, թե այդ ո՞ր շատ խոշոր քրեական գործի շրջանակներում են բերման ենթարկել քաջարանցիներին: Այժմ եկեք հասկանանք, թե ինչպես ստացվեց, որ մարզպետ Հունան Պողոսյանը ցերեկը եկավ Կապանի ոստիկանության շենքի դիմաց հավաքվածների մոտ, երկար խոսեց, բայց ապարդյուն: Առաջին բանը, որը հատկապես աչքի է ընկնում մարզպետի խոսքերում, այն է, որ արտահայտվում է հետևյալ միտքը՝ երկիրը իննսունականների մեջ չի վերադարձել, որ քաղաքական հիմքերով մարդկանց բերման ենթարկեն: Սա քողարկված արդարանալու փորձ է հավանաբար, քանի որ նույնիսկ կույրն է տեսնում, որ հենց այդպես էլ կա՝ մեր երկիրը հետզհետե ընկղմվում է իննսունականների մղձավանջի մեջ: Մարզպետը նաև բացատրություն տվեց, թե ինչու պետք է ձեռբակալվածներին անպայման տանեն Երևան՝ գործը Երևանում է հարուցված, ուստի պետք է քննվի այնտեղ: Սա հասկանալի է, բայց անհասկանալի է մնում այն, թե ինչու է բերման ենթարկվածների նկատմամբ արդեն հաստատված բռնության փաստի առիթով անցկացվելու միայն ներքին ծառայողական քննություն: Ծառայողական քննությունը նշանակում է, որ հանրությունը երբեք չի իմանա, թե իրավապահ համակարգի որ մի աշխատակիցն է կոնկրետ ձեռքերին ազատություն տվել և չարաշահել իր դիրքը:
Նշենք, որ այս առիթով մի շարք իրավաբաններ արդեն հստակ ներկայացրել են քրեական գործ հարուցելու անհրաժեշտությունը, քանի որ այսպիսի բռնությունը Հայաստանի իրավապահ համակարգի համար լրջագույն նահանջ է: Վերադառնալով մարզպետի հորդորներին՝ նշենք նաև, որ մարզպետի խոսելու ընթացքում հայտնի դարձավ, որ Կապան ժամանելու է նաև Քաջարանի համայնքի ղեկավարը, և այդ լուրը ժողովրդի կողմից արժանացավ այնպիսի ծափահարությունների, որ մարզպետը ստիպված էր դադարեցնել իր խոսքը: Այնուհետև նա առաջարկեց 15 հոգուց բաղկացած խմբով գնալ բանակցությունների, որպեսզի խնդրին հանգուցալուծում տրվի: Առաջարկը մնաց անպատասխան: Այնուհետև տեղ հասավ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, որը և գնաց բանակցությունների: Իրավիճակի հետագա զարգացումը ցույց կտա, որ այդ մարդը շատ մեծ դերակատարություն ունեցավ այն առումով, որ դեպքերը ողբերգական ավարտ չունեցան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երևանից Կապան ուղարկվել են ոստիկանության զորքեր: Եվ սա այն դեպքում, երբ բողոքի ակցիայի մասնակիցները պահպանում էին հանգստություն, որևէ ագրեսիվ դրսևորումներ չէին գրանցվել, մարդիկ կրում էին դիմակներ և հնարավորինս աշխատում էին պահպանել սոցիալական հեռավորություն: Ուստի արձանագրենք, որ իշխանությունն այդուհանդերձ խուճապահար էր: Կարևոր է նշել, որ մարդիկ մնացին այդտեղ՝ չնայած եղանակային պայմաններին: Արդեն մութն ընկնելուց հետո Քաջարանի համայնքի ղեկավարը վերադարձավ և ներկայացրեց բանակցությունների արդյունքները՝ իրեն տրվել են երաշխիքներ, որ գործը քննվելու է օբյեկտիվորեն և օրենքի շրջանակներում: Կարևոր է, որ այս խոսքերը հնչեցվեցին նաև ուղիղ եթերում, և ամբողջ Հայաստանը լսեց դրանք: Հիմա մենք բոլորս պետք է հետևողական լինենք և թույլ չտանք, որ իշխանությունը կամայականություն թույլ տա այս գործով: Ամփոփենք: Մանվել Փարամազյանն իր խոսքով և պահվածքով կարողացավ այնպես անել, որ հավաքվածները հանդարտվեն և ընդունեն ձերբակալվածներին Երևան տեղափոխելու անհրաժեշտությունը: Նրանք բացեցին ճանապարհը և ոստիկանությունը կարողացավ իրականացնել իր գործառույթը:
Սակայն ավելի վաղ, երբ մարզպետը դիմեց նույն հորդորով, այն արդյունք չունեցավ: Արձանագրենք, որ ըստ էության Քաջարանի համայնքի ընտրված ղեկավարի խոսքն ավելի լուրջ ընկալվեց հավաքվածների կողմից, քան Փաշինյանի կողմից նշանակված մարզպետի խոսքը: Սա շատ բաների մասին է խոսում:

                                                                                                                                                      Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով