Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ: Այն տրվեց յուրօրինակ փաշինյանական եղանակով: Փոխանակ իրավապահ մարմինները անհապաղ քննություն սկսեն Փաշինյանի հասցեին հնչեցված զենքի ապօրինի վաճառքի հետ կապված մեղադրանքների առիթով, իշխանական ամբողջ քարոզչամեքենան գործի դրվեց տասը տարվա վաղեմության ինչ-որ տեղեկություններ տարածելու համար: Եվ իհարկե այդ տեղեկությունների կենտրոնում Սերժ Սարգսյանն է:

Այն, որ Փաշինյանը առանձնահատուկ մտասևեռում ունի հենց ՀՀ 3-րդ նախագահի վրա և չի կարողանում ազատվել իրեն հանգիստ չտվող այդ կպչուն մտքերից, վաղուց արդեն ապացույցներ չպահանջող փաստ է:

Հիմա եկեք փորձենք հասկանալ, թե ինչում է կոնկրետ կայանում օրվա իշխանության կողմից շրջանառության մեջ դրված՝ «մեր պատասխանը Չեմբերլենին» ոճի անհեթեթությունը: Այստեղ օրվա իշխանության քարոզչամեքենային օգնության է գալիս WikiLeaks-ի նման շատ դեպքերում վիճահարույց աղբյուրը: Պարզվում է, որ ըստ նշված աղբյուրի 2010 թվականի հրապարակման, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ներգոպոնտեն նամակ է հղել Սերժ Սարգսյանին: Նամակի բովանդակությունը վերաբերում էր Հայաստանի կողմից Իրանին զենքի ենթադրյալ անօրինական փոխանցմանը: Նշվում էր, որ այդ զենքը հետագայում հայտնվել է Իրաքում և դրա պատճառով զոհվել են ամերիկյան զինվորականներ: Նեգրոպոնտեն ակնկալում էր Հայաստանից սպառիչ ապացույցներ առ այն, որ այդ զենքը ապօրինի ճանապարհով չի մատակարարվել և հստակ նշում էր իր նամակում, որ ապացույցների սպառիչ և համոզիչ չլինելու դեպքում Հայաստանի նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ:

Որև՞է մեկը հիշում է, որ Հայաստանի նկատմամբ կիրառվեն այդպիսի պատժամիջոցներ: Իր նամակում Նեգրոպոնտեն սպառնում էր, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը և կկիրառվեն արտահանման որոշակի սահմանափակումներ: Եկեք պատկերացնենք, որ Հայաստանի այդ ժամանակվա ղեկավարությունը չի կարողացել ներկայացնել ակնկալվող ապացույցները:

Պատկերացրեցի՞նք: Հիմա պատկերացնենք, ինչպիսի պատժամիջոցներ կիրառված կլինեին Հայաստանի նկատմամբ: Պատկերացրեցի՞նք: Իսկ հիմա վերադառնանք իրականություն՝ ոչ մի պատժամիջոց չի եղել, ԱՄՆ-ից տրամադրվող օժանդակությունը տարեցտարի ավելանում էր և դեպի ԱՄՆ արտահանումը ոչ մի կերպ չի սահմանափակվել: Կասկած չկա, որ եթե նման խստացումներ տեղի ունեցած լինեին, օրվա իշխանությունը մեծ աղմուկով արդեն թմբկահարած կլիներ այդ փաստը:

Այստեղից կարելի է անել միայն մեկ օրինաչափ եզրահանգում՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ պետքարտուղարությանը ներկայացրել է սպառիչ և աներկբա ապացույցներ, որ ոչ մի զենք Հայաստանից Իրան չի մատակարարվել, այն էլ՝ անօրինական ճանապարհով: Փաշինյանի գլխավորած իշխանությունը երիցս դրսևորում է իրեն բնորոշ արատավոր վարքագիծ՝ բոլոր հիմնավոր մեղադրանքներին պատասխանում է անհեթեթ հերյուրանքներով և բամբասանքների վրա հիմնված «ուշագրավ տեղեկություններով» նախկինների, առավելապես՝ Սերժ Սարգսյանի մասին:

Երկու տարի է անցել իշխանազավթումից հետո, սակայն ՀՀ 3-րդ նախագահի անձը հանգիստ չի տալիս օրվա իշխանությանը: Փաշինյանը չի անդրադառնում կարևորագույն հարցերին՝ Լավրովի հայտարարությանը, կիրթ և կառուցողական Ալիևի կողմից արտահայտած այն մտքին, որ իրենց հինավուրց քաղաք Էրիվանը նվիրվել է հայերին ու դա չի ներվելու, Ադրբեջանի ՊՆ-ի ռազմատենչ հայտարարություններին, այդ թվում՝ հենց այսօր հնչեցրած զենքի ուժի կիրառման սպառնալիքներին, սակայն մեծ խանդավառությամբ իր քարոզչամեքենան գործի է դնում Սերժ Սարգսյանի անունը շահարկելու և հերյուրանքներ տարածելու համար: Երկու տարիների ընթացքում հերքվեցին Սերժ Սարգսյանի և իր մերձավորների հետ կապված բազմաթիվ միֆերը, որոնք տարիներ շարունակ տարածվում էին Փաշինյանների ընտանեկան լրատվամիջոցի և դրա արբանյակների կողմից:

Այս մեկն էլ հերքվեց: Փաշինյանի սպասարկուների կողմից նկարած՝ «Բոլշևիկները նամակ են գրում Չեմբերլենին» այս կեղծիքը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ:

Նատալյա  Սաղիյան

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով