Սպառված ղեկավարի վերջին ասուլիսը

Այսօր Նիկոլ Փաշինյանի կատարմամբ շուրջ 4 ժամ հանրությունը լսում էր հերթական 100 փաստի մասին բալլադը: Մի կողմ դնենք այն, որ պահը մեղմ ասած բոլորովին ճիշտ չէր ընտրված հերթական հեքիաթը պատմելու համար և նշենք, որ Փաշինյանը դարձյալ սկսեց անհասկանալի և իրականում ոչինչ չասող թվեր հրապարակելուց:
Թվերի աճպարարությունից հետո եկավ կուլմինացիան: Փաշինյանը անդրադարձավ բոլոր մանր-մունր հարցերին, հիշեց 2018 թվականի մայիսին կարագի գինը, որը 70 դրամով ավել էր, քան այսօր, նորից հիշեց ընձառյուծին, հանգամանալից ձևով անդրադարձավ Աննա Հակոբյանի տուգանվելուն և մի շարք այլ «արխիկարևոր» դրվագներին՝ դրանք ներկայացնելով որպես օրվա իշխանության ծանր աշխատանքի արդյունք և նվաճում:
Դարակազմիկ նվաճումները բոցաշունչ ներկայացնելուց հետո Վարչապետի աթոռին հայտնված Փաշինյանը հպանցիկ նշում է, որ այս տարի մենք ունենալու ենք 2 տոկոս տնտեսական աճի անկում: Այնպես ի միջի այլոց է դա ասում, որ կասկած է առաջանում, թե վարչապետը կամ չի հասկանում՝ ինչի մասին է խոսում, կամ հասկանում է, բայց փորձում է այդ ոչ այնքան հուսադրող փաստը ներկայացնել poker-face դեմքի արտահայտությամբ՝ հուսալով, որ ուրիշները չեն հասկանում, թե ինչի մասին է նա խոսում:
Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում շատ այլ անկարևոր թեմաների է անդրադարձել՝ փորձելով լղոզել Հայաստանում տիրող իրողության լրջությունը, երբ արտակարգ դրության պահպանման պայմաններում փաստացի չի գործում ոչ մի արտակարգ դրություն, և բոլորին պարզ է, որ ԱԴ-ի երկարացումը ձեռք է տալիս միայն օրվա իշխանությանը: Հատկանշական է, որ կարևոր թեմաներին նա դարձյալ գերադասում է կամ չանդրադառնալ, կամ անդրադառնամ իր մակերեսային դիլետանտական ոճի մեջ:
Մասնավորապես անհասկանալի էր մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ Փաշինյանի խոսքերը: Բոլորս հիշում ենք, որ նախկինում նա բազմիցս հայտարարել է, որ մարտի 1-ը բացահայտված է, իսկ այսօր ասում է, որ դեռ շատ չբացահայտված հարցեր կան և դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանացնել Փաշինյանի պատասխանը Միքայել Մինասյանի կողմից արված հայտարարություններին վերաբերող հարցին: Նախկինում Փաշինյանը անկասկած մի աշխարհացունց ճառ կասեր այն մասին, որ նախկինների հետ փողկապակցված շնաբարո դուրսպրծուկները ինչպես են ուզում սևացնել հեղափոխության լուսավոր առաջնորդին:
Բայց այսօր մենք տեսանք նյարդային ջղաձգումները հազիվ զսպող Փաշինյանին, որը զայրույթը հազին զսպելով ատամների արանքից արտաբերում է այն միտքը, որ Միքայել Մինասյանի հայտարարություններով պետք է զբաղվեն և զբաղվում են իրավապահ մարմինները: Ուշագրավ է նաև այն, որ կորոնավիրուսի տարածման վտանգը մաքսիմալ անլրջացրած և այն ծաղր ու ծիծաղի վերածած Փաշինյանն այսօր հայտարարեց, որ չի հիշում, որ կորոնավիրուսը պինցետով հատիկ-հատիկ հանելու կամ տնական արաղով ախտահանելու մասին որևէ բան ասած լինի:
Այս տրամաբանության մեջ տեղավորվում է նաև Փաշինյանի կողմից տարված անալոգիաները բարեփոխումների և խորովածի միջև: Բարեփոխումների լրջագույն թեման խորովածի հետ գռեհիկաբար համեմատելով՝ Փաշինյանն էլ ավելի խորացրեց իր ոչ ադեկվատ լինելու մասին հանրության կասկածները: Արցախի հիմնախնդրին անդրադառնալով՝ Փաշինյանը դարձյալ արտաբերում է «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» եզրույթը՝ պատահաբար կամ դիտավորությամբ բարեհաջող մոռանալով այն մասին, որ բոլորովին վերջերս Արցախում կայացել են ընտրություններ և ընտրվել է նախագահ և պարլամենտ:
Հիշեցնենք, որ ընտրված ներկայացուցիչների եզրույթը շրջանառության մեջ է դրել ինքը Փաշինյանը, ինչի արդյունքում այսօր Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ունի ընտրված ներկայացուցիչ, որն արդեն հասել է ԵԽԽՎ և այնտեղ լոբբինգ է անում ադրբեջանական շահերը: Մինչդեռ Փաշինյանն այսօր միանգամայն հանգիստ ընդունեց, որ երկու տարում չհաջողվեց Արցախը բերել բանակցությունների սեղան: Եվ դարձյալ սլաքներն ուղղեց նախկինների վրա՝ անամոթաբար շեշտելով, որ քսան տարուց ավել տարվել է այնպիսի քաղաքականություն, որպեսզի Արցախը չլինի բանակցությունների մասնակից:
Այսօրվա ասուլիսի հռետորաբանությունն ակնհայտորեն տարբերվում էր նախորդներից, այն այլևս չուներ այն էմոցիոնալ ֆոնը, որը մշտապես ուղեկցում էր Փաշինյանի նախորդ 100 փաստերը:
Եզրափակելով արձանագրենք, որ այսօրվա ասուլիսը աչքի էր ընկնում նաև ուղիղ եթերի դիտումների ռեկորդային ցածր թվով: Թեպետ ուղիղ եթերի ավարտից հետո դիտումների թիվը աճեց, բայց վարչապետին ուղիղ եթերում կենդանի տեսնելու բերկրանքը վայելողների շատ փոքր թիվը բացահայտ ցույց է տալիս, որ Փաշինյանն այլևս մերժված է նույնիսկ սեփական ավանդական լսարանի կողմից, նա սպառված ղեկավար է, որն այսօր ունեցավ իր վերջին ասուլիսը:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով