Նախկին զոմբիները և տապալված իշխանությունը

Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են 2018 թվականի գարնանը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ձևավորված տարօրինակ ֆենոմեններ՝ «կալբաս տատի» և «БТР կանայք»:

Դրանք աչքի են ընկել Փաշինյանին և իր խունտային անվերապահորեն սատարելով, բոլոր այլախոհների նկատմամբ անզուսպ ագրեսիայի դրսևորումներով և նախկինների հասցեին զանազան ածական անուններ արտաբերելով և փաշինյանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված ստերը կրկնելով: Այդ մարդիկ մշտապես «հեղափոխության» առաջնագծում էին, պարում էին փողոցներում, ակտիվորեն մասնակցում էին Փաշինյանի կողմից կազմապերպվող փողոցային խորոված-փարթիներին, հանրահավաքների ժամանակ դարձյալ առաջին շարքերում էին՝ ինքնամոռաց բղավում էին «Մերժիր», «Հու-հու-դըմփ», «Նիկոլ վարչապետ» և քաղտեխնոլոգների կողմից մտածված և տիրաժավորված այլ կարգախոսներ:

2018 թվականի գարնանը Հայաստանում տիրող համընդհանուր էյֆորիկ վիճակում այդ մարդիկ իրենց շատ լավ էին զգում, դա իրենց կոմֆորտ զոնան էր: Անցել է երկու տարի և ի՞նչ ենք տեսնում:

Այսօր այդ մարդիկ և մի շարք այլ խմբեր, որոնց հույսերը չարդարացվեցին, իսկ խնդիրները չլուծվեցին Փաշինյանի և իր վարչակազմի կողմից, դուրս են եկել փողոց: Եկել են Կառավարության շենքի մոտ և իրենց դժգոհությունն են հայտնում: Ավելին, այդ մարդիկ այսօր բացահայտ կարոտախտով են հիշում նախկիններին և գովեստի խոսքեր են ձոնում նրանց հասցեին: Սա թերևս ամենամեծ պարտությունն է, որը կարող էր ունենալ օրվա իշխանությունը:

Քավ լիցի, մենք հեռու ենք այն մտքից, որ այսօր բողոքի ակցիա իրականացնող մարդկանց խմբով սահմանափակվում է դժգոհների զանգվածը: Իհարկե, բոլորս գիտենք, որ այսօր արդեն Փաշինյանի երբեմնի բազմաթիվ աջակիցներ խորը հիասթփություն են ապրում իրենց ընտրյալ վարչապետից: Այսօր նույնիսկ հանրայնացվեց մի նոր տերմին «նախկին զոմբի»: Սա նշանակում է, որ հանրության մի ստվար զանգված սկսում է ընդունել, որ երկու տարի առաջ Փաշինյանն իր մերձավորագույն շրջապատի հետ որոշակի քաղտեխնոլոգիաների կիրառման շնորհիվ շատ արհեստավարժ կերպով մոլորեցրել և «զոմբիացրել» էր հանրությանը, այդ թվում՝ էյֆորիկ միջավայր ստեղծելու և աջ ու ձախ ապրիորի անիրականանալի խոստումներ տալու միջոցով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հենց դա էր պատճառը, որ Փաշինյանն այդքան ջանք գործադրեց հնարավորինս արագ անցկացնելու արտահերթ պարլամենտական ընտրություններ: Նա գիտեր, որ էյֆորիկ վիճակը շատ արագ անցնելու է: Այսօր, հատկապես ամբողջ աշխարհում և Հայաստանում մոլեգնող համավարակի պայմաններում, Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից դրսևորած անլրջության, իսկ այնուհետև անհասկանալի և ոչ հետևողական քայլերի ֆոնին այս դժգոհությունը օրինաչափ է:

Պարոն Փաշինյան, կրկնելով Ավրաամ Լինքոլնին վերագրվող խոսքերը՝ հիշեցնենք, որ կարելի է անընդհատ խաբել ոմանց, կարելի է որոշ ժամանակ խաբել բոլորին, սակայն հնարավոր չէ անընդհատ խաբել բոլորին: Այն մարդիկ, որոնք այսօր հիասթափված դժգոհում են բառացիորեն իրենց ուսերի վրա վարչապետի աթոռին հասած Փաշինյանից, խորհրդանշում են Փաշինյանի ժամանակների ավարտը:

                                                                                                                                          Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով