Քննիչ նոր հանձնաժողովի հրամայականը

Այսօր Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի տարակուսանք առաջացնող ճառ է ասել: Անդրադառնալով դեռ ուժի մեջ գտնվող կարանտինի պայմաններին` նա իբր զարմանքով արձանագրեց, որ մարդիկ ըստ էության չեն պահպանում Կառավարության կողմից սահմանված պայմանները:
Փաշինյանին զարմացրել էր, որ մարդիկ փողոցներում խմբերով հավաքվում և զրույց են անում և եթե այնտեղ մեկ վարակված լիներ, ապա 10-15 հոգի միանգամից կվարակվեին:
Այսինքն, վարչապետը արձանագրեց, որ վարակվելու վտանգ այնուամենայնիվ առկա է: Տպավորություն է, որ վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը մարտի 13-ից Հայաստանում չի եղել և նոր է վերադարձել ու հանկարծ տեղեկացել է, որ քաղաքացիները իր ղեկավարած Կառավարության որոշումներն ու հորդորները բանի տեղ չեն դնում և չեն պահպանում սահմանափակումները:
Դա իհարկե շատ վատ է, քանզի բոլորիս կարգապահությունից է կախված այն, թե կկարողանա՞նք հաղթահարել այս համավարակը Հայաստանում, թե՞ ոչ: Բայց սա հստակ ազդակ պետք է լինի վարչապետի համար: Քաղաքացիները լուրջ չեն ընդունում Փաշինյանին և իր Կառավարությանը:
Ինչևիցե, շարունակելով իր խոսքը, Փաշինյանն ասում է, որ այլևս այսպես ապրել հնարավոր չէ, մենք արդեն հստակ գիտենք, որ մոտակա մեկ տարին ապրելու ենք կորոնավիրուսի առկայության պայմաններում, ուստի որոշել ենք աստիճանաբար թուլացնել սահմանափակումները և վերադառնալ նորմալ կյանքի: Նա նույնիսկ շեշտում է, որ նոր քաղաքականության պայմաններում, երբ ասիմպտոմ և թեթև վիճակում գտնվող վարակվածներին տուն ուղարկեն, կարողանալու են սպասարկել մոտ 1500 ծանր դեպք՝ հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման կարիք կունենան:
Ասենք թե որոշ քաղաքացիների մոտ վարակը անցնում է առանց ախտանիշների, թեթև ձևով, սակայն այդ մարդիկ կարող են վարակել այնպիսի խոցելի խմբերի ներկայացուցիչներին, ինչպիսիք են տարեցները, որոնց համար այդ վարակը կարող է ճակատագրական լինել: Մյուս կողմից, հիմա Փաշինյանը եկել է այն համոզման, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ և կարելի է աստիճանաբար թուլացնել խստացումները՝ չնայած այն բանի, որ ամեն օր հիվանդացածների թիվն ավելանում է:
Սա անլրջացնում է բոլոր այդ խստացումները, որոնք Կառավարությունը թեպետ ուշացած, բայց այնուամենայնիվ սահմանել էր, կամ ավելի ճիշտ՝ փորձում էր սահմանել: Հենց այստեղ է սթափ դատող քաղաքացու մոտ առաջանում առնվազն տարակուսանք:
Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր վարչապետը բոցաշունչ հայտարարություններ անում այն մասին, որ կարևորը անվտանգությունն է, եթե միջոցներ չձեռնարկենք, ապա մեզ կոլապս է սպասում: Եթե այդպես է, ապա ի՞նչ է նշանակում «թեթև տանողներին տներով ուղարկենք»: Ո՞վ և ինչպե՞ս պիտի վերահսկի այդ թեթև տանորղերի տեղաշարժը, եթե նույնիսկ խիստ կարանտինի պարագայում իշխանությունը չի կարողացել վերահսկել վարակի տարածումը: Չմոռանանք նաև բջջային հեռախոսները տեղայնացնելու մասին խայտառակ օրենքը, որը մեծամասնություն կազմող քաղաքական ուժը ուղղակի զոռով անցկացրեց ԱԺ-ում:
Ըստ էության , այն ոչ մի օգուտ չտվեց, այլապես իշխանավորները ամեն անկյունում կթմբկահարեին դրա արդյունավետության մասին:
Այստեղ կարևոր է նշել, որ վերջին 15 օրերի ընթացքում արտակարգ դրությունը ձևական բնույթ է կրել, մենք ականատես եղանք տարբեր բողոքի ակցիաների և բռնությունների բռնկումների: Փաստացի պարետատունը ի զորու չէր և շարունակում է ի զորու չլինել վերահսկել իրավիճակը: Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին՝ իշխանությունը չգիտի ինչպես դիմակայել այս մարտահրավերներին և գործում է խիստ ինտուիտիվ:
Մենք բազմիցս նշել ենք, որ ճգնաժամային կառավարումը պետք է լինի առավելապես պրոակտիվ, այլ ոչ թե ռեակտիվ, իշխանությունը պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնի, այլ ոչ թե սպասի մինչև խնդիրը գա երկրի դուռը ծեծի՝ նոր մտածի, թե ինչ պետք է անել: Այս ամենի ֆոնին առավել հստակ են դառնում հաջորդ իշխանության անելիքները:
Հաջորդ գումարման Ազգային Ժողովում պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով, որը փաստահավաք խմբի միջոցով պետք է մանրակրկտորեն ուսումնասիրի օրվա իշխանության գործունեությունը կամ անգործությունը համավարակի և արտակարգ դրության պայմաններում և բացահայտի այն ամենը, ինչը պետք է արվեր և չի արվել, կամ ոչ մի պարագայում չպետք է արվեր, բայց այնուամենայնիվ արվել է այս ընթացքում:

Նատալյա   Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով