Կարանտինն առանց կարանտինի կամ կառավարությունն առանց կառավարության

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցել է կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը հանրությանը ներկայացրել է մի շարք դարակազմիկ հայտարարություններ: Մասնավորապես, պարզ դարձավ, որ՝ • Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան մենք (այս դեպքում հավանաբար իրենք՝ Կառավարությունը) պատկերացնում ենք: Ներողություն իհարկե հիշեցման համար, բայց մի՞թե պարոն Փաշինյանը կարծում է, որ հանրությունը, այսինքն ՝ մենք, մոռացել է, թե ինչպես էր նա մեծամտաբար, ամբարտավան կերպով հոխորտում, թե կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ մեր գործերին խանգարի:

Եվ սա այն ժամանակ, երբ համավարակը արդեն մոլեգնում էր չորս բոլորը: • Մենք (դարձյալ իրենք՝ Կառավարությունը) պետք է խստագույն միջոցներ ձեռնարկենք համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցառումների: Բայց չէ՞ որ Արսեն Թորոսյանը դեռ ապրիլի 20-ին էր հայտարարել, որ ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ էր զբաղված պարետատունը և ամբողջ կառավարությունը առողջապահության նախարարի այդ հայտարարությունից հետո:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր, մեկ ամիս անց, նոր խելքի է ընկնում, որ մի բան պետք է անել համավարակը վերահսկողության տակ առնելու համար: Ինչո՞ւ նույն խստությամբ չէիք հետևում հանրության կարգապահությանը կարանտինի ընթացքում: Մենք գիտենք, որ այս բոլոր հարցերը անպատասխան են մնալու: Օրվա իշխանությունը որդեգրել է ականջները և աչքերը փակ պահելու քաղաքականությունը և ապրում է պատրանքներով, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում: Այսօր հավանաբար վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը վերջապես հասկացավ, որ եթե ոչինչ չանի, ապա հետևանքները անդառնալի են լինելու, քանի որ 1 միլիոն բնակչության հաշվով հիվանդացածների թվով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է: Եվ ահա առավոտյան մենք լսեցինք աշխարհացունց հայտարարություն՝ եկեք արձանագրենք լրջությունը և ընդունենք մեր մարտավարությունը:

Մեզ պետք է ապահովել կարանտինային պայմաններ առանց կարանտին հայտարարելու, այսինքն կարանտին առանց կարանտինի: Մինչ այդ խոսքերը ուղիղ եթերով լսած հանրությունը փորձում էր ըմբռնել Փաշինյանի երևակայության աշխատանքի այս աննախադեպ արգասիքը, նա չի հապաղում և հասցնում է հաջորդ հարվածը՝ մենք (այս դեպքում դարձյալ մենք՝ քաղաքացիներս) պետք է դրսևորենք անհատական պատասխանատվություն, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել այս համավարակը: Այսինքն, դարձյալ կառավարությունը պատասխանատվությունը դնում է քաղաքացիների ուսերին: Բա ինչպե՞ս եղավ, որ Հունաստանում արդեն հայտարարված է, որ կորոնավիրուսը հաղթահարվել է, քանի որ օրեր շարունակ մահեր չեն արձանագրվել, Իտալիան, որ ամենաշատն էր տուժել կորոնավիրուսից, հայտարարել է, որ հունիսից կբացի սահմանները ԵՄ երկրների համար, ԱՄՆ-ում արդեն գրեթե բոլոր նահանգներում հանվել է արտակարգ դրությունը, իսկ մենք, ըստ առողջապահության նախարարի՝ կարող է դեռ 2 տարի դիմակ կրենք: Նշված երկրներում ոչ ոք չեր խոսում այն մասին, որ հանրությունը պետք է պատասխանատվություն կրի, բայց արի ու տես, որ իրենք ավելի արդյունավետ են պայքարել կորոնավիրուսի դեմ, քան մենք: Եվ դա բոլորովին երջանիկ պատահականություն չի եղել: Բոլոր այս հարցերը առաջացնում են հանրության օրինաչափ և արդարացված դժգոհությունը: Հիշեցնենք նաև, որ այսօրվա նիստի ժամանակ Փաշինյանն արեց ևս մեկ հայտարարություն, որը ուղղակի աննախադեպ է իր կեղծավորությամբ: Նա ասել է, որ իրենք «կորոնավիրուսի առաջին օրվանից որևէ ոչ ստույգ տեղեկատվություն չենք հաղորդել և մանիպուլյատիվ ինֆորմացիա չենք տարածել»: Պարոն Փաշինյանը ստում է: Նա ամեն գնով ջանում էր մանիպուլացնել հասարակական կարծիքը և համոզել բոլորիս, որ ամեն ինչ նորմալ է: Փետրվարի վերջին և մարտի առաջին օրերին, երբ արդեն ակնհայտ էր, որ սա համավարակ է, երբ արդեն ԱՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, նա մաքսիմալ անլրջացրեց ամեն ինչ՝ հանրության շրջանում տարածելով պատրանք, որ իրավիճակը այնքան էլ լուրջ չէ:

Փաշինյանն ու իր թիմը այնքան էին տարված իրենց կողմից նախաձեռնված անօրինական հանրաքվեի քարոզով, որ գերադասեցին խաբել հանրությանը և ձևանալ, որ ամեն ինչ կարգին է, գրիպի նման մի բան է, թեյ խմեք, կանցնի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձանագրենք, որ այսօր մենք ունենք ոչ միայն կարանտին առանց կարանտինի, այլ նաև կառավարություն առանց կառավարության:

                                                                                Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով