Կադրային աճպարարություն փաշինյանական ոճով

Ծանոթացեք Արգիշտի Քարամյանի հետ: Այս երիտասարդը վերջին 48 ժամերի ընթացքում կարիերայի կայծակնային, նույնիսկ կարելի է ասել՝ աննախադեպ առաջընթաց է գրանցել, մայիսի 4-ին վարչապետի որոշմամբ Արգիշտին ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Քննչական կոմիտեի նախագաhի տեղակալ:

Հաշվի առնելով երիտասարդ Արգիշտիի 2013 թվականից սկսված մասնագիտական կարիերայի սրնթաց վերելքը իրավապահ մարմիններում՝ ոմանց կարող է թվալ, որ նշանակումը տրամաբանական էր: Սակայն սա, ինչպես պարզվեց 12 ժամ անց, ընդամենը պրելյուդիան էր, որին հաջորդեց տարակուսելի ապոգհեյը՝ ընդամենը 7 տարվա աշխատանքային փորձ ունեցող և կասկածելի ծագման գումարների հետ կապված սկանդալի գլխավոր դերակատար հանդիսացած երիտասարդը հեռացվեց այդ պաշտոնից և նշանակվեց ոչ ավել ոչ պակաս ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենի տեղակալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ տխրահռչակ Դավիթ Սանասարյանի պաշտոնական լիազորությունների աղմկահարույց դադարեցումից հետո մեր պատմության հերոսը հանդիսանում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և այդ պաշտոնը ստանձնելուց հետո նա հայտնվեց հանրության քննարկումների կենտրոնում անհասկանալի ծագման խոշոր դրամական միջոցների պատճառով։

Հիշեցնենք նաև, որ Քյարամյանը պարզաբանել է, որ դրամական միջոցների մեծ մասը նվիրաբերել է արտասահմանում բնակվող քեռին: Հարկավոր է նշել, որ այս երիտասարդն իր աշխատանքային կարիերան սկսել է ընդամենը 2013 թվականին որպես քննչական բաժնի սովորական քննիչ, բայց շատ արագ՝ արդեն 2016 թվականին դարձել է ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության դատախազ:

Փաստորեն, այս երիտասարդն իր կարիերան սկսել և շատ արագ այն զարգացրել է օրվա իշխանության կողմից համառորեն և անհիմն պիտակավորվող նախկինների ժամանակ: Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի գրեթե ֆիզիկական անտանելիության հասնող ատելությունը նախկինների նկատմամբ՝ կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ծառայություններ է մատուցել այս երիտասարդը օրվա իշխանությանը, որպեսզի Փաշինյանը մոռանա իր նախկինների օրոք արագ առաջընթաց ունեցած կարիերան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա եկեք փորձենք հասկանալ, թե ինչն է իրական պատճառը այդպիսի տարակուսելի կադրային տեղափոխությունների:

Հարցը ավելի խորը ուսումնասիրելուց հետո կարող ենք փաստել հետևյալը. ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար անձը պետք է ունենա առնվազն գնդապետի կոչում: Ավաղ, նույնիսկ Արգիշտիի արագընթաց կարիերան դեռ բավարար չէ ուղղակիորեն հենց այնպես գնդապետի կոչում իրեն շնորհելու համար: Ուստի, Նիկոլ Փաշինյանը ինքն իրեն հարց տվեց՝ «Արդյո՞ք դուք ունեք պլան, միստեր Ֆիքս» և ինքն իրեն պատասխանեց՝ «Այո, միստեր Ֆիքս»: Եվ ահա ունենք այն, ինչ ունենք, պարոնայք երդվյալ ատենակալներ:

ԱԱԾ նոր աստղ Աչգիշտի Քարամյանը մեկ օրով նշանակվեց Քննչականում պետի տեղակալ, ստացավ այդ նշանակումից բխող հատուկ կոչում, որը օրենքով հավասարեցված է քաղաքացիական ծառայության դասային աստիճաններին, իսկ այդ հատուկ կոչումն արդեն հավասարեցված լինելով զինվորական կոչումներին՝ լեգիտիմ հնարավորություն է տալիս ի կատար ածելու միստեր Ֆիքսի պլանը, 29 տարեկանը դեռ չբոլորած Արգիշտին դառնում է գնդապետ:

Համաշխարհային պատմության մեջ միայն Նապոլեոնն է այդպես միանգամից գեներալ դարձել: Մենք հեռու ենք այն մտքից, որ երիտասարդ Արգիշտին ունի Նապոլեոն Բոնապարտի որակներից գոնե մի քանիսը: Այս նշանակումը էլ ավելի տարակուսելի է դառնում վարչապետի խոսնակի այն հայտարարությունից հետո, որ դա քաղաքական որոշում է եղել:

Այսինքն, մեկ օր էլ կարողա արթնանանք ու իմանանք որ, օրինակ Սահակաշվիլի Միշիկը քաղաքական որոշմամն Հայաստանում նշանակվել է ինչ-որ պաշտոնի: Ի՞նչ է նշանակում քաղաքական որոշում:

Ֆոկուսնիկ Փաշինյանը փաստորեն չանհանգստացավ այն փաստով, որ այս երիտասարդի անվան հետ դեռ մեկ տարի առաջ կապված էր մի մութ պատմություն: Իսկ այդպիսի մութ պատմությունների հերոսները հեշտ թիրախ կարող են դառնալ զանազան ոչ այնքան բարեխիղճ օտարերկրյա գործակալների համար, որոնց ՀՀ տարածքում գոյության մասին ինքը Փաշինյանը բազմիցս հայտարարել է:

Իսկ միգուցե Փաշինյանն արդեն զգու՞մ է իր անխուսափելի և աղմկահարույց տապալման մոտեցումը և ղեկավարվում է «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: Քանի որ Փաշինյանը վերջին շրջանում դրսևորում է տարակուսելի վարքագիծ, դժվար է հասկանալ, թե ինչն իրեն դրդեց այսպիսի կոմբինացիա իրականացնել: Սակայն կարող ենք արձանագրել, որ մեծն կոմբինատորի այս աճպարարությունը վնասակար կլինի Հայաստանի անվտանգության համար:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով