Իսկ Փաշինյանը համառորեն լռում է

Այսօր բոլորս հետաքրքրությամբ դիտեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպում-քննարկումը: Հայտարարված էր, որ հանդիպումը նվիրված է լինելու արցախյան հակամարտության կարգավորման շուրջ ծավալվող բանակցային գործընթացին:

Բայց հանձնաժողովի անդամները բնավ այդպիսի նպատակ չեն ունեցել: Կողքից դիտողի մոտ տպավորություն էր ստեղծվում, որ այնտեղ հավաքվածներից գրեթե բոլորը՝ բացառությամբ երևի հենց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, ներկա էին գտնվում միայն մեկ նպատակով՝ օգտագործել առիթը դարձյալ նախկիններին հիշատակելու և տարիներ ի վեր իրականացված ծավալուն աշխատանքը պիտակավորել և արժեզրկել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրվա իշխանության կպչուն-սևեռուն խանգարման մասին արդեն տեղյակ ենք՝ անկախ հավաքի ֆորմատից, մինչև յոթ անգամ նախկիններին չհիշատակեն՝ տեղները չեն գտնում: Բայց այսօր առաջարկում ենք անտեսել կպչուն մտքերի ազդեցության տակ ընկածներին և կենտրոնանանք բուն խնդրո առարկաի վրա:

Եվ այսպես, ի՞նչ ասեց կամ չասեց Զոհրաբ Մնացականյանը: Ըստ էության, ԱԳ նախարարը այդպես էլ չբացառեց Արցախյան հիմնախնդրի փուլային հանգուցալուծումը և այդպես էլ չհստակեցրեց Հայաստանի իշխանության դիրքորոշումը Լավրովի հայտարարության վերաբերյալ: Հասկանում ենք, որ պարոն Մնացականյանը կադրային դիվանագետ է և ուստի խուսանավելու մեծագույն վարպետ: Բայց այսօր այդ հմտությունները իրեն չօգնեցին, այլ հակառակը՝ էլ ավելի թուլացրեցին օրվա իշխանության դիրքերը:

Որքան էլ փաշինյանական խունտային թվա, որ իրենց հաջողվել է երկու տարիների ընթացքում Հայաստանում ձևավորել որոշակի անտարբերություն Արցախի հիմնախնդրի նկատմամբ, իրենք սխալվում են: Մոլորություն է մտածելը, որ հանրությունը առավելապես անտարբեր է այդ հարցի վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գիտակից հանրությունը, որը օրեցօր համալրվում է էյֆորիկ տոքսիկոզից ազատվող քաղաքացիներով, սպասում է հստակ պատասխանի առ այն՝ արդյոք Լավրովը ճի՞շտ է ասել, թե՞ ոչ: Վճռական դիրքորոշման բացակայությունը թույլ է տալիս մտածելու, որ Լավրովը ոչ միայն ճիշտ էր, այլև նրա հայտարարությունը Հայաստանի իշխանություններին ուղղված ազդակ էր հետագա գործողությունների արագացման մասին: Լավրովը նույնիսկ ուրվագծեց այս գործողությունների առաջին փուլը՝ հայկական զորքերի դուրսբերումը: Մնացականյանը նաև իրեն բնորոշ ոճով խուսափողական պատասխան տվեց հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի մասին, սակայն ընդունեց, որ կան որոշակի խնդիրներ, բայց դա լավ է:

Պատահականորեն, թե ոչ՝ Մնացականյանը ուղղակիորեն հայտարարեց, որ օրվա իշխանությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ այնուամենայնիվ վարում է բանակցություններ: Կարելի է սպասել, որ Փաշինյանի արձագանքը չի ուշանա, քանի որ վարչապետը համառորեն հերքում է բանակցությունների առկայությունը՝ դրանք կոչելով խորհրդակցություններ, ինչը ընդամենը հերթական մանիպուլյացիա է:

Ամփոփելով, արձանագրենք, որ քանի դեռ ինքը Փաշինյանը ոչ մի կերպ չի արձագանքել Լավրովի հայտարարությանը, բանակցությունների և զիջումների մասին Մամեդյարովի ակնարկին և Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարությանը, Զոհրաբ Մնացականյանի բոլոր խոսքերը, կոպիտ ասած, նշանակություն չունեն: Իսկ Փաշինյանը համառորեն լռում է, ինչպես միշտ ողջ պատասխանատվությունը թողնելով ուրիշների վրա:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով