«Ինչո՞ւ չեք խոսում այդ մասին». Արմեն Աշոտյանի նամակը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
Տիկին Անդրեա Վիկտորինին

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեծահարգ տիկին դեսպան,

Հուսամ՝ Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը Ձեզ չի վնասել:

Այս բաց նամակը գրելու պատճառն օրերս ռադիոկայաններից մեկի ասուլիսին հնչեցրած Ձեր հանրային խոսքն էր, որն ունկնդրել եմ համակ ուշադրությամբ, քանզի կարևորում եմ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետևողական ամրապնդումը, ինչպես նաև սեփական համեստ լուման ունեմ և շարունակում եմ ներդնել այդ կապերն ամրապնդելու գործում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր կուսակցական պատվիրակությամբ պատիվ ենք ունեցել հանդիպել Ձեզ դեռևս արտակարգ դրությունից առաջ և ներկայացնել մեր տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի, քաղաքական հետապնդումների, ժողովրդավարական նահանջի և այլ խնդիրների կապակցությամբ: Եւ այս ամենից հետո երկրում «ժողովրդավարական առաջընթացի» մասին Ձեր գնահատականը թե խնդրահարույց է մեր երկրում ստեղծված իրականության համեմատ, թե վիրավորանք է այս ընթացքում անհարկի եւ ապօրինի հետապնդվող ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ հանդեպ։ Ցավով արձանագրեմ, որ նման կանխակալությունը մեծապես վնասում է նաեւ Հայաստանում ԵՄ քաղաքական ինստիտուտների հանդեպ վստահությանը եւ ԵՄ ժողովրդավարական իմիջին, ինչպես նաեւ կարող է հրահրել հարաբերություններին վնասող քննադատական դիսկուրս։

Ուստի Ձեր կողմից հրապարակավ հնչած մի շարք գնահատականները ստիպում են ինձ կարծիքս հայտնել նույնպես հրապարակավ:

Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քայլերի մեջ մարդու հիմնարար ազատություններին և իրավունքներին սպառնացող որոշումները տեսանելի են եղել և արժանացել են միջազգային հանրության արձագանքին: Մասնավորապես, մամուլի գործունեության անհիմն սահմանափակումներին և քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված խնդիրներին անդրադարձել են ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և այլք, իսկ բրիտանական BBC-ն Հայաստանը ներառել էր կորոնավարակի դեմ պայքարի համատեքստում ավտորիտար գործողություններ ձեռնարկած երկրների ցանկում: Զարմանալի է, որ այս իրողությունները տեղ չեն գտել Ձեր գնահատականների մեջ: Չեմ կարող ասել, անտեղյակությո՞ւնն է դրա պատճառը, թե՞ 2018 թվականի ապրիլից սկսած Հայաստանում առկա խնդիրները չտեսնելու կանխակալ մոտեցումները:

Կրկնակի զարմանալի է ԵՄ ներկայացուցչի անտարբերությունն այս զարգացումներին՝ հաշվի առնելով, որ ԵՄ անդամ որոշ երկրներում առկա նմանատիպ զարգացումները ԵՄ ղեկավարության ուշադրության և քննադատության կենտրոնում են: Արդյո՞ք նման կրկնակի ստանդարտները նպաստավոր պայմաններ են ստեղծում՝ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում վստահության ամրապնդման համար:

Մեղմ ասած, խիստ կասկածում եմ:

ԵՄ-Հայաստան հարաբերությունների անկյունաքարը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արտաքին քաղաքականության մեր զավակներից է, և մենք սրտացավ և շահագրգիռ ենք այն ամբողջությամբ վավերացնելու և կյանքի կոչելու գործում: Տիկին դեսպան, խոսելով այս փուլում համաձայնագրի իմպլեմենտացիայի մասին, արդյո՞ք լիարժեք և ամբողջական տեղեկություններ եք տրամադրել հայ հասարակությանը համաձայնագրի իրագործման ընթացքում առկա բազմաթիվ խնդիրների և դանդաղկոտության մասին, որոնց հիմնական պատճառը հայկական կառավարության բազմաթիվ ներկայացուցիչների ցածր պրոֆեսիոնալ մակարդակն է և քաղաքական կամքի բացակայությունը: Մի՞թե սա այն հարցն է, որը պետք է համառորեն շարունակել դիտարկել «վարդագույն ակնոցների» միջով և չխոսել այս փուլում առկա բազմաթիվ ուշացումների և թերակատարումների մասին: Արդյո՞ք հայ հասարակությանը թափանցիկ և ամբողջական տեղեկատվության չտրամադրումը նպաստելու է այդ համաձայնագրի լիարժեք իրագործմանն ու Հայաստանում հաշվետվողականության ինստիտուտի ներդրմանը:

Մեղմ ասած, խիստ կասկածում եմ:

ԵՄ-ի հետ հարաբերություններում մշտապես կարևորվել է վիզաների երկխոսության ազատականացման մեկնարկը: Սակայն օրերս հրապարակված Եվրոպական խորհրդի փաստաթղթից պարզ դարձավ, որ 2017 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդունված բանաձևից այս կողմ ԵՄ-ի կողմից այս հարցով ձևակերպումներն ու մոտեցումները չե փոխվել: Արդյո՞ք խնդիրը միայն ԵՄ անդամ որոշ պետությունների մեջ է: Ես և Դուք լավ գիտենք, որ ուժեղ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր էր հարթել այդ հարցը և մեր հասարակությանն այսքան հետաքրքրող և հուզող խնդրով վերջապես արձանագրել առաջընթաց: Ինչո՞ւ չկա այդ քաղաքական կամքը: Գուցե խնդիրը նախևառաջ Հայաստանի գործող իշխանությունների անբավարար ջանքերի և հետևողականության մե՞ջ է:

Եթե այո, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին:

Հայոց ցեղասպանության առիթով Ձեր հնչեցրած ձևակերպումներին չեմ անդրադառնա, քանզի գործընկերներս արդեն հայտնել են իրենց տարակուսանքը: Ընդամենը կրկնեմ. Ինչո՞վ կբացատրեք, որ մինչև 2020 թվականը Ձեր ղեկավարած կառույցի կողմից հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքում այդ իրադարձությունները կոչվում էին «Հայոց ցեղասպանություն», իսկ հիմա՝ «Մեծ եղեռն»: Եթե չեմ սխալվում, Դուք լիազորված եք հայտնելու ոչ թե՝ ԱՄՆ վարչակազմի, այլ՝ ԵՄ պաշտոնական տեսակետը, ըստ որի՝ 1915 թվականի իրադարձությունները բազմիցս ճանաչվել են՝ որպես ցեղասպանություն:

Մեծահարգ տիկին դեսպան,

Կարող եմ շարունակել խնդիրներ թվարկել, սակայն այս պահին կբավարարվեմ այսքանով: Պաշտոնական Բրյուսելը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին տեղեկություններ է ստանում տարբեր խողովակներով, և շատ եմ ցանկանում, որ Ձեր պատվիրակությունը լինի այդ անաչառ և ամբողջական ինֆորմացիայի հիմնական տրամադրողը: Վերջիվերջո, այն ոչ թե Հայաստանի ավտորիտար ու պոպուլիստ իշխանությունների շահերի լոբբիստն է Բրյուսելում, այլ ԵՄ պաշտոնական ինստիտուտը բարեկամ երկրում:

Կառավարություններն անցողիկ են, մեր և Ձեր իրական առաքելությունը միջպետական կապերի ամրապնդման և ԵՄ-Հայաստան համագործակցության պտուղները մեր բոլոր քաղաքացիներին հասանելի և շոշափելի դարձնելու մեջ է: Ուստի այսրոպեական և հատվածական քաղաքական շահերի փոխարեն՝ կարևոր է վերադառնալ արժեհամակարգային քաղաքականության ակունքներին:

Վստահ եմ, որ նամակս կհասնի Ձեզ, ուստի շնորհակալ եմ այն ընթերցելու համար: Որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման իրական և հետևողական ջատագով՝ վստահ եմ, որ ընթացիկ քաղաքական կոնյունկտուրան՝ իր բացասական երանգներով և դրսևորվող քաղաքական նախընտրություններով, չպետք է խաթարի այս գործընթացը, բայց վնասել կարող է: Ուստի հարկ եղած դեպքում պատրաստ եմ նամակիս մեջ թվարկած, ինչպես նաև լրացուցիչ հարցերի մասին խոսել Ձեզ հետ հնարավոր հաջորդ հանդիպման ընթացքում:

Առողջություն եմ մաղթում Ձեզ և Ձեր անձնակազմին: Անփորձանք եղեք:

Հարգանքով՝

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նախկին համանախագահ

ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով