Illiberal democracy կամ անազատ ժողովրդավարություն հայկական ձևով

Այս ֆենոմենը առաջին անգամ նկարագրել է հայտնի լրագրող և քաղաքական մեկնաբան Ֆարիդ Զաքարիան 1997 թվականին:Փաստացի այս տերմինը նշանակում է մի ռեժիմ, որն իշխանության է գալիս ժողովրդի քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումների միջոցով նախորդ իշխանության հեռացման հետևանքով, ազատ և արդար ընտրությունների արդյունքում, սակայն հետզհետե սկսում է արհամարհել իր լիազորությունների սահմանադրական սահմաններն ու երկրի քաղաքացիներին զրկում է հիմնարար իրավունքներից և ազատություններից:
Իշխանության եկած քաղաքական ուժի կողմից նման դրսևորումները բոլորովին պատահական բնույթ չեն կրում: Այդպիսի ռեժիմները շարունակաբար չարաշահում են ժողովրդի կողմից ստացված քվեն և մշտապես այն օգտագործում են որպես փաստարկ զանազան օրենսդրական ակտերի միջոցով քաղաքացիների իրավունքներն էապես սահմանափակելու համար:
Անազատ ժողովրդավարությունները ունեն մի շարք առանձնահատկություններ: Այդպիսի ռեժիմները միշտ ձևավորում են ընդհանուր ներքին թշնամու կերպարը, որը սովորաբար մարնավորում են նախորդ իշխանությունները, քանի որ նրանց թիրախավորելն ամենահեշտ քաղաքական միջոցն է իշխանությունը պահելու և վերարտադրվելու համար: Այդ նպատակին հասնելու համար գործի է դրվում պետական քարոզչամեքենայի ողջ գործիքակազմը: Զուգահեռաբար փորձեր են կատարվում արժեզրկել ավանդական արժեքներն ու ստեղծել սեփական արժեքների համակարգը:
Վերջինը միշտ չէ, որ ստացվում է, քանի որ անազատ ժողովրդավարությունների իշխանություններն առավելապես լինում են ամբոխահաճո հռետորաբանության հենքի վրա կազմավորված քաղաքական ուժեր, որոնք չեն ունենում բովանդակություն:
1997 թվականից ի վեր անազատ ժողովրդավարությունների նկարագիրը փոքր-ինչ փոխվել է, այն ավելի լավ է թաքնվում իրական ժողովրդավարության դիմակի հետևում և ավելի հաճախակի է կիրառում վիճահարույց գործիքակազմ ժողովրդից թաքցնելու համար այն, թե ինչ է կատարվում իշխանության ներսում և ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում իշխանությունը: Հանրային քննարկումները կորցնում են թափանցիկությունը և հետզհետե առհասարակ դադարեցվում են, սակայն իշխանությունը շարունակում է շահարկել ընտրողների մեծամասնության քվե ստանալու փաստարկը: Այս ֆենոմենը տասնամյակ անց դարձյալ դառնում է քննարկման առարկա:
2019 թվականին Journal of Democracy ամսագիրը հրապարակել էր «Անազատ ժողովրդավարությունը և պայքարն իրավունքների համար» խորագրով: Հատկանշական է, որ այդ հոդվածում մասնավորապես շեշտվում էր, որ համաշխարհային մասշտաբով առկա է միտում շեղվելու ազատական ժողովրդավարության սկզբունքներից և հարել անազատ ժողովրդավարությանը: Հաճախակիորեն այդպիսի զարգացումներն արդարացվում են օրվա հրամայականներով՝ պետության անվտանգություն, տարածաշրջանային վտանգավոր զարգացումներ և այլն: Այս ամենի ֆոնին կարող ենք փաստել, որ վերջերս Հայաստանին Freedom House-ի կողմից տրված գնահատականը այնքան էլ ճիշտ չէ: Մեր համոզմամբ Հայաստանում երկու տարի առաջ հաստատվել է անազատ ժողովրդավարություն:
Ռեժիմը իշխանության է եկել ազատ ընտրությունների արդյունքում, սակայն դրսևորում է ֆաշիստական ռեժիմին բնորոշ բոլոր առանձնահատկությունները:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով