Գյուղատնտեսական աննախադեպ աճն ապահովենք գյուղացու կոկիկ հագուկապով

Նիկոլ Փաշինյանը չի թողնում, որ գեթ մեկ օր տխրենք: Շատ է մտահոգ, թե էլ ինչ նոր շոու սարքի, որ արտակարգ դրության պատճառով բողոքի ակցիաների իրավունքից զրկված քաղաքացիներին զբաղացնի և շեղի իրենց դժգոհությունը:

Այսօր վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը այցով մեկնել էր Արարատի մարզ: Դե հասկանալի է, թե ինչու հենց Արարատի, այլ ոչ թե մեկ այլ մարզ: Արարատում կարելի է մարզպետին զանգել և ամեն ինչ սիրուն պատրաստված կլինի, գյուղացիները կոկիկ հագնված կլինեն և ճիշտ բաներ կասեն կադրի մեջ, որ հանկարծ անհամություն չստացվի: Եվ ահա, Փաշինյանը հերթով այցելում է տարբեր ջերմոցներ, կաթիլային ոռոգման սկզբունքով աշխատող տնտեսություններ, հարցեր տալիս, իրեն բնորոշ արհեստական անմիջականությամբ փորձում դարձյալ աշխատացնել «Ժողովուրդ ջան, ո՞ նց եք, լավ ե՞ք» հին և այլևս անարդյունավետ քծնանքի գործիքակազմը: Սակայն ամեն ինչ այնքան էլ իդեալական չի ստացվում, որքան Փաշինյանը կարող էր ակնկալել Արարատի մարզից: Ֆերմերներից մի քանիսը փաստել են, որ իրենք վնասներ են կրել արտակարգ դրության և կարանտինի պատճառով, բայց չեն կարողացել ստանալ օժանդակություն որևէ միջոցառման շրջանակներում: Իհարկե, ժողովրդի ցավերով ապրող Փաշինյանն անմիջապես իր օգնականին հանձնարարում է վերցնել տվյալները և պարզել, թե ինչու է պետական համակարգը թերացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սպասենք տեսնենք՝ արդյո՞ք կլինեն հետագա տեղեկություններ այն մասին, թե ինչպես լուծվեց կամ չլուծվեց այս հարցը: Նախկինում Փաշինյանը հաճախակի է խոստումներ տվել տարբեր քաղաքացիներին թե հեռախոսազանգեր կատարելիս, թե տարբեր այցելությունների ընթացքում: Սակայն ժամանակն անցնում է, իսկ հանրությունը այդպես էլ չի տեղեկացվում՝ արդյո՞ք այդ խոստումները կատարվել են: Փաշինյանն իր գյուղատնտեսական վոյաժի ընթացքում ամեն կերպ ջանում էր տպավորություն ստեղծել, որ Հայաստանում գյուղատնտեսությունը սկիզբ է առել 2018 թվականի իշխանափոխությունից հետո միայն: Դրանից առաջ ոչ գյուղատնտեսություն ենք ունեցել, ոչ էլ իմացել ենք, թե դա ինչ է: Սակայն ստացվեց հակառակը: Բավականին հաջողված տնտեսություններից մեկի ղեկավարն իր խոսքի մեջ նշեց, որ իրենց տնտեսությունը ստեղծվել է 2013 թվականին և միշտ ստացել է անհրաժեշտ աջակցությունը: Փաշինյանն անմիջապես փորձեց խոսակցությունը տանել այլ ուղղությամբ, հարցեր տվեց բերքատու ծառերի տեսակների մասին և այլն, բայց ակնհայտ էր, որ իրեն դա հեչ դուր չեկավ: Այցելության ժամանակ Փաշինյանն ինչպես միշտ ցույց տվեց իր «կայծակնային» հումորը՝ գյուղացիներից մեկից հարցնելով, թե արդյո՞ք կողքի ծառի շլորները իրական են, թե՞ ոչ, և ճշտել է՝ հո այդ ծառն իր այցելության կապակցությամբ չի՞ սարքվել: Ինչի՞ մասին է խոսում սա:

Միգուցե այն մասին, որ այցելությունը լավ պատրաստված էր, իսկ Փաշինյանը փորձում էր տպավորություն ստեղծել որ դա այդպես չէ: Ամփոփելով իր այցելությունը՝ Փաշինյանը դարձյալ փայլատակեց, ասելով, որ «Մինչև գյուղացին կոկիկ չհագնվի ու չգնա այգին մշակելու, պրոբլեմները չեն լուծվելու»: Սա երիցս ապացուցում է այն, որ օրվա իշխանությունը ավելի շատ մտահոգվում է ձևի մասին և բացարձակապես չի կարողանում ապահովել բովանդակություն: Մի՞թե կա մեկը, ով կարծում է, որ իսկապես կարևոր է, թե գյուղացին ինչպես է հագնվում իր այգին մշակելուց:

Փաստենք, որ գյուղատնտեսությունը Հայաստանում թեպետ դանդաղ, բայց զարգանում էր տարիներ շարունակ, իր խնդիրներով, դժգոհ գյուղացիներով և բավականին արդյունավետ արտահանումով: 2018 թվականին Փաշինյանի իշխանության գալուց հետո գյուղատնտեսության ոլորտը բավականին լուրջ անկում էր ապրել: Իրավիճակը մի փոքր կարգավորվեց 2019 թվականին միայն նախորդ տարիների պետական օժանդակության շնորհիվ ձևավորված իներցիայի շնորհիվ: 2020 թվակյանի բերքատու ժամանակաշրջանի հեռանկարները դեռ պարզ չեն, հատկապես կառավարության կողմից բացարձակապես աչքաթող արած համավարակի պայմաններում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

                                                                                                                       Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով