Դուք եք բերել ինձ այստեղ նստեցրել, ինչի համար եք բերել, որ ես ռեկե՞տ անեմ, եթե այո, ուրեմն՝ անում եմ. Նիկոլ Փաշինյան

Խնդրում եմ՝ անհեթեթ լուրերով մեզ չդիմեք՝ դե հերքեք, որ դիմակի մեջ «փայ» չեք մտնում, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, ապացուցեք, որ ուղտ չեք: Ես ասում եմ՝ ով ուզում է դրան հավատալ, թող հավատա: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսին առնչվող սուտ լուրերի տարածմանը:

«Ստի շրջանառությունն էական դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա: Կորոնավիրուսի առաջին դեպքից ոչ մի տեղեկություն չենք պահել, դուք իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը: Ասում են՝ կառավարությունը կամ վարչապետը, կամ այլ պաշտոնյաներ դիմակի գործ է անում, հետևից էլ ասում են՝ ինչի չեք հերքում: Ժողովուրդ ջան, այս ընթացքում ինչ ասես հերքեցինք: Վաղն էլ ասելու են՝ ընդմիջման ժամին մարդ է ուտում: Ասում էին՝ հողերը ծախեցին, դիմակի բիզնես են անում, փայ են մտնում, ոսկիները ծախեցին, թալանեցին. եթե պետք է հավատաք, հավատացեք»,-ասաց նա՝ նշելով, թե այսուհետ չեն պատրաստվում  հերքել այդ լուրերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես այստեղ ինչի՞ համար եմ նստել: Դուք եք բերել ինձ այստեղ նստեցրել, ինչի համար եք բերել, որ ես ռեկե՞տ անեմ, եթե այո, ուրեմն՝ անում եմ: Ոնց կարող է ընդհանարապես նման խոսակցություն լինել: Երկու տարի է՝ հերքում ենք տարածում, կարո՞ղ է կյանքներս անցնի հերքում տարածելու վրա: Ով ուզում է հավատալ, թող հավատա, յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի մասին, որովհետև յուրաքանչյուրը մտածում է՝ որ վարչապետ լինեի, ինչ կանեի՝ կդնեի «կդմփցնեի» սաղին, կլափեի, կթալանեի, ռեկետ կանեի, կսպանեի, ոտքի տակ կտայի: Ով այդպես է մտածում, թող մտածի, ես այդ մարդկանց հետ կապ չունեմ, ընդ որում կապ չունի՝ իրենք հրապարակում կանգնա՞ծ են եղել, թե՞ չեն եղել: Այս խոսակցությունները պետք է ի վերջո վերջացնել»,-ասաց նա՝ նշելով, թե այդ ամենն ասում է նրա համար, որ հավատան՝  կորոնավիրուս կա, և երբ ասում են՝ դիմակ է պետք կրել, նրա համար չեն ասում, որ դրանից «փայ» կա:

«Ով ուզում է, թող հավատա, գնա իր սիրելի իշխանությանը հետ բերի ընդհանրապես ու երջանիկ ապրի, որ ոչ մի լուր իշխանության մասին սուտ չլինի, ամն ինչը ճիշտ լինի: Բայց ես ասում եմ՝ դա իշխանության մասին ստերեոտիպից է գալիս: Այդպիսի ստերեոտիպ կա, որ մարդը մտածում է՝ որ դեպքում մարդը ԱԺ-ից այսպես կխոսեմ, միայն մի պարագայում՝ երբ պայմանավորված կլինեմ, մեջը «քյար» լիներ: Հիմա շատերը մտածում են՝ որ մենք իշխանություն լինեինք, ինչ կանեինք կամ որ իշխանություն ենք եղել, ինչ ենք արել՝ ռեկետ, մաքսանենգություն, սպանություն, բիզնես: Մաֆիոզ մտածողությունը մեր երկրում այնքան խորացած է, որ կապ չունի՝ հեղափոխություն էր, մի շաբաթ ուրախացանք, կամաց վերականգնվում է մարդու մոտ՝ որ ինքը լիներ, ինչ կաներ: Ես այդպես մտածողներից մեկը չեմ, հանկարծ չփորձեք կապել ձեզ հետ ձեր մտածողությամբ: Մեր կյանքով հերքել ենք, 20 տարի է՝ հերքել ենք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, թե 100 լուր հերքրեն, ևս 100-ը «պոչից կկպցնեն»:

«Բոլորս ունենք դժվարություններ, հիմա կասեն՝ ձենդ տաք տեղից է դուրս գալիս, սա էլ իր դժվարությունն ունի, և ամենևին փաստ չի, որ ինքն իր բարոյական ծանրությամբ թեթև է: Բոլորս նույն «յուղի մեջ ենք տապակվում», «կաթսայի» մեջ տարբեր տեղեր ենք, բայց «կաթսան» նույնն է, յուղն էլ նույն աստիճանի վրա է եռում»,-ամփոփեց վարչապետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով