Դիմակի «գերիները»

Մայիսի 18-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է պարտադիր դիմակի առկայության և փակ տարածքներում դրա կրելու պարտադիր պահանջը: Մի կողմ դնենք այն փաստը, որ դիմակների արդյունավետ լինելու-չլինելու մասին կարծիքները հակասական են, և նույնիսկ ՀՀ Առողջապահության նախարարը կարծես թե չի կողմնորոշվում՝ սկզբից ասում էր, որ դիմակը արդյունավետ չէ, իսկ այսօր դիմակ կրելը համարում է կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը:

Անդրադառնանք մեկ օրվա կտրվածքով պահանջվող դիմակների քանակի և դրանց գնի հիմնախնդրին: Պարզ է, որ եթե քաղաքացին գնում է ամենապարզ դիմակը, ասենք 100-150 դրամով, իսկ մեկ զույգ ձեռնոցը՝ 100 դրամով, ապա մեկ օրվա կտրվածքով աշխատանքի գնացող քաղաքացում անհրաժեշտ կլինի առնվազն 2 հատ դիմակ և 2 զույգ ձեռնոց, այսինքն՝ միջինը 500 դրամ: Ուղղակի լրացուցիչ տեղեկատվության կարգով նշենք, որ հաստ սև գույնի դիմակները հնարավոր է գնել նվազագույնը 200 դրամով, իսկ մարտի 13-ն դիմակների արժեքն եղել է 30 դրամ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արձանագրենք, որ հիմնականում խոշոր կազմակերպություններն ու պետական հիմնարկները հիմնականում ապահովում են դիմակներն ու ձեռնոցները մուտքի մոտ, ինչպես նաև ախտահանիչ միջոցները: Նշված 500 դրամի բեռը առավելապես ընկնում է արդեն մեծ հնչեղություն ստացած օրավարձով աշխատողների վրա, որոնք, ինչպես որ պարզ դարձավ ԱԴ-ի առաջին փուլի ժամանակ, ըստ էության ամենախոցելի խումբն են թոշակառուներից և սոցիալապես անապահովներից հետո:

Համաձայն լինելով այն մոտեցման հետ, որ խստացումների թուլացումը պետք է հավասարակշռվի որոշակի պայմանների խիստ կատարմամբ, մասնավորապես դիմակների առկայությամբ, սոցիալական հեռավորությունը պահպանելով և այլն, այդուհանդերձ փաստենք, որ նշված պայմանների կատարումը խնդրահարույց է նշված խոցելի խմբերի համար:

Այս ամենը հաշվի առնելով՝ հասկանալի չէ, թե ինչու կառավարությունը ոչ մի ծրագիր չի մշակել դիմակները անվճար տրամադրելու համար: Ակնհայտ է, որ հանրության շատ որոշակի խմբեր, որոնց նույնականացման խնդիր ըստ էության չկա, ի վիճակի չեն լինելու կատարել պարետատան պահանջները և կդառնա տուգանքների թիրախ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այո, դիմակներ անվճար բաժանելն ունի իր բարդությունները: Օրվա իշխանության անգործությունը պաշտպանողների դերը ստանձնողները ասում են, որ եթե օրինակ մեծ սուպերմարկետների մուտքերի մոտ դրվեն տաղավարներ և բաժանվեն անվճար դիմակներ, ապա այդտեղ կուտակումներ կգոյանան և մարդիկ կվերցնեն ավելի շատ դիմակներ, քան իրենց պետք է, ինչի արդյունքում դարձյալ կունենանք դիմակների դեֆիցիտ:

Այո, առաջին օրերին կարող է նաև այդպես լինել: Բայց պետության դերը կայանում է նրանում, որպեսզի ճգնաժամի ժամանակ համակարգի հանրային կարևորություն ունեցող ռեսուրսների հավասարաչափ բաշխումը և մատչելիությունը: Չի կարելի օրվա իշխանության անգործությունը արդարացնել նրանով, որ կարողա հետո վատ լինի: Օրվա իշխանությանը չէր խանգարի ծանոթանալ հասարակության շրջանում տեղի ունեցող գործընթացների սպեցիֆիկան ուսումնասիրած և նկարագրած փորձագետների աշխատանքների հետ: Ապացուցված է, որ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում հասարակությունը ինքնակազմակերպվելու միտում ունի և նույնիսկ եթե անվճար դիմակների տրամադրման կետերում առաջին մի քանի օրերի ընթացքում լինեն որոշակի կուտակումներ, ապա դրանք հեշտությամբ կարելի է կարգավորել ոստիկանների բարեհամբույր միջամտությամբ: Իսկ մի քանի օր հետո, երբ մարդիկ հասկանան, որ այդ կետերում միշտ առկա են անվճար դիմակներ, ամեն ինչ կընկնի իր հունի մեջ:

Այսպիսի մեխանիզմներ արդեն կիրառվել են տարբեր երկրներում: Բայց ավաղ, մենք տեսնում ենք, որ ՀՀ Կառավարությունը ավելի շատ մտահոգված էր այն բանով, որ հանկարծ օժանդակության ծրագրերից պատահաբար չօգտվեին մի քանի անբարեխիղճ քաղաքացիներ, քան նրանով, որ այդ օժանդակության ծրագրերը հասանելի լինեն և ընդգրկեն առավելագույն թվով իրական կարիք ունեցողներին:

Կառավարությունը մշտապես հենվում է այն փաստարկների վրա, որ կամ փող չկա, կամ անվերահսկելի իրավիճակ կլինի:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ բացված հաշվեհամարին փոխանցված է շուրջ 2 միլիարդ դրամ գումար: Մենք իհարկե կարող ենք Կառավարության փոխարեն մի լավ ծրագիր մտածել, հուշել, թե որ հեղինակների աշխատանքներին ծանոթանան կամ որ երկրների փորձը ուսումնասիրեն: Բայց եթե մենք կարող ենք դա անել, ուրեմն Կառավարության անդամներն ու իրենց օգնականներ/խորհրդականները նույնպես պետք է կարողանան դա անել: Իսկ եթե չեն կարողանում և մեր հույսին են մնացել, ապա իրենք իրենց տեղում չեն և արժանի չեն անբարոյական չափերի հասնող աշխատավարձերի, որոնք իրենց վճարվում են պետական բյուջեից իբր շատ արհեստավարժ և գիտակ լինելու համար: Հարցը մնում է անպատասխան: Ինչո՞ւ ՀՀ Կառավարությունը չի կազմակերպում անվճար դիմակների տրամադրում առավել խոցելի խմբերի համար:

                                                                                                                  Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով