«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ կոչ անելով ՍԴ-ում վիճարկել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը

Հարգելի պարոն Թաթոյան

Հայտնի է Ձեզ, որ սույն թվականի ապրիլի 16-ին, ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմանբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, որը մայիսի 11-ին արդեն ստորագրվեց հանրապետության նախագահի կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու իրավական գործիքակազմն անհրաժեշտ է կոռուպցիայի եւ փողերի լվացման դեմ պայքարի գործում, եւ լայնորեն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ամերիկայի միացյալ նահանգներում, Իտալիայում, Իսլանդիայում, Ավստրալիայում եւ մի շարք երկրներում: Բացի այդ, նմանատիպ օրենսդրական կարգավորումների ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ մի շարք միջազգային պայմանավորվածություններով, որոնց Հայաստանի հանրապետությունն արդեն իսկ միացել է:

Այնուամենայնիվ, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքն (այսուհետ նաեւ`օրենք), ունի բազմաթիվ խնդրահարույց կետեր, որոնք դրսեւորվում են իրավական անորոշությունների, մեր իրավական համակարգի հետ անհամադրելի եւ, որ ամենակարեւորն է`Սահմանադրության որոշ նորմերի հետ առերեւույթ հակասությունների մեջ:

Նախ, օրենքի գործողությունը տարածվում է`սկսած 1991 թվականից: Մինչեւ օրենքի ընդունումը գույքի սեփականատերը չի ունեցել գույքի ձեռք բերման աղբյուրի օրինականությունն ապացուցելու պարտականություն: Այսինքն, գույքի սեփականատերն իր սեփականության իրավունքն անխոչընդոտ իրացնելու նպատակով պարտավոր չի եղել ապացուցել գույքի ձեռքբերման աղբյուրի օրինականությունը, այլ հակառակը, քրեական հետապնդման շրջանակներում, հենց քրեական հետապնդում իրականացնող մարմինն է պարտավոր եղել ապացուցել անձի` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ հանցագործություն կատարած լինելու հանգամանքն ու, որպես հետեւանք, հնարավոր դարձնել պատճառված վնասի հատուցման համար այդ անձի գույքը բռնագանձելը: Ընդ որում, օրենքի 23-րդ հոդվածը վատթարացնում է նաեւ այն երրորդ անձանց իրավական կարգավիճակը, որոնք տվյալ պահին գործող օրենսդրությամբ, ձեռք են բերել օրինական ծագում ունեցող գույք: Նշված իրավակարգավորումը, արդյունքում, էապես վատթարացնում է անձի իրավական վիճակը`առերեւույթ հակասելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրենքի նույն 23-րդ հոդվածը խնդրահարույց է նաեւ սեփականության իրավունքի անձեռմխելիության մասով: Այն սահմանում է, որ երրորդ անձի կողմից ձեռք բերված գույքը ենթակա չէ բռնագանձման, միայն եթե դատարանում ապացուցվում է, որ նա գույքը ձեռք բերելիս չգիտեր եւ ողջամտորեն չէր կարող իմանալ գույքի`ապօրինի ծագում ունենալու մասին: Սա ընդլայնում է օրենքի գործողությունը այն անձանց վրա, որոնք ընդհանրապես որեւէ հակաիրավական գործողություն չեն ձեռնարկել, սակայն գույք են ձեռք բերել այլ անձանցից, որոնք գույքի օրինական ծագման վերաբերյալ, բնականաբար, պարտավոր չէին որեւէ տեղեկություն ունենալ, քանի որ նախկինում գույքի ձեռք բերման իրավաչափ գործարք կնքելու համար, նման պահանջներ սահմանված չեն եղել: Այս իրավանորմն առերեւույթ հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածով սահմանված սեփականության հիմնարար իրավունքի էությանը:

Մարդու հիմնարար իրավունքի տեսանկյունից այս հակասական օրենքն այդպես էլ չունեցավ միարժեք ընկալում մասնագիտական հանրության մեջ եւ արժանացավ խիստ քննադատության, իսկ կառավարության հակափաստարկներն այդ քննադատություններին, այդպես էլ մնացին ոչ համոզիչ:

Հատկանշական է, որ հանրապետության նախագահը`ստորագրելով այս օրենքն, այնուամենայնիվ, եւս իր բազմաթիվ մտահոգություններն է հայտնել օրենքի կիրառման հնարավոր ոչ իրավաչափ եղանակների մասին: Այդ մտահոգությունները, մասնավորապես, վերաբերվում են օրենքի անբարեխիղճ կիրառման, մարդու հիմնական իրավունքների անհամաչափ միջամտության, օրենքով պաշտպանվող գաղտտնիք համարվող տեղեկությունների ստացման իրավաչափ նպատակի, դրանց հետագա տնօրինման թույլատրելի սահմանների եւ այ հնարավոր ռիսկերի մասին: Ընդ որում, հայտարարության մեջ նշվում է, որ վերը թվարկված մտահոգությունների շուրջ ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանումներ է ստացել ՀՀ արդարադատության նախարարությունից եւ ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովից, սակայն, ինչպես տեսնում ենք հայտարարությունից, այդ պարզաբանումները չեն ցրել ՀՀ նախագահի մտավախությունները:

Հաշվի առնելով վեոնշյալը, կոչ ենք անում Ձեզ`օգտվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված Ձեր իրավունքից, դիմել ՀՀ Սահմանադրական դատարան`օրենքի վերոնշյալ իրավակարգավորումները Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության պարզման նպատակով: Ըստ անհրաժեշտության, պատրաստ ենք տրամադրել լրացուցիչ պարզաբանումներ:

Հարգաքով`

Խորհրդի նախագահ Արա Հակոբյան»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով