«ԱՅՈ»-ի վախճանը

Այսօր Ազգային Ժողովում քննարկվում էր ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝

ա) «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին

գ) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին:

Պատկերը էլ ավելի ամբողջական դարձնելու համար նշենք, որ այս երեք նախագծերի հեղինակը իրավագիտական որևէ կրթություն չունեցող, բայց տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանին հավատարիմ ծառայած Վահագն Հովակիմյանն է: Նախագծերի քննարկումը շատ բուռն էր անցնում ԱԺ-ում, սակայն քվեարկությունը կկայանա հաջորդ նիստի ընթացքում: Սա մի յուրօրինակ մանևր է, որը հաճախակի է օգտագործվում ՔՊ ֆրակցիայի կողմից: Այն միտված է անհամաձայններին հայտնաբերելուն և իրենց հետ աշխատանք տանելու համար ժամանակ շահելուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես որ արձանագրենք, որ նախագծերի քննարկման օրը պատահականորեն չէր ընտրված: Բայց ինչի՞ համար է պետք չեղարկել հանրաքվեն: Որովհետև այսօր նույնիսկ օրվա իշխանության համար ակնհայտ է դարձել այն, ինչը մեր համար ակնհայտ էր արդեն փետրվարի վերջին: Հանրաքվեն կդառնա Փաշինյանի ամենաէպիկ ձախողումը:

Հիմա հասկանանք, թե ինչու են ընդդիմադիր գործիչները և արտախորհրդարանական ընդդիմությունը դեմ հանրաքվեի չեղարկմանը և ներկայացված լրացումների և փոփոխությունների փաթեթի ընդունմանը:

Իսկապես, հանրաքվեն անցկացնելու անօրինական որոշումը կայացնելուց հետո ընդդիմադիր դաշտում սկսվեց լրջագույն պայքար դրա դեմ: Սակայն այսօր մենք չպետք է ուրախանանք հանրաքվեն չեղարկելու նախաձեռնության առիթով, քանի որ այն ոչ այլ ինչ է, քան մի նենգ թակարդ ընդդիմության համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ մարտին բոցաշունչ և աշխարհացունց լոզունգներով քարոզվող անօրինական հանրաքվեն չեղարկելու նախագիծը ներկայացվել է մի շարք լրացումների և փոփոխությունների հետ մի փաթեթով: Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ իշխող մեծամասնությունը կփորձի բոլորը անցկացնել մեկ քվեարկությամբ: Սակայն այդ փոփոխություններն ու լրացումները ունեն շատ վիճահարույց բովանդակություն:

Ըստ էության «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքը և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը նախատեսվում է լրացնել այնպիսի դրույթներով, որոնք Ազգային Ժողովին հնարավորություն կտան ներկայացնել մի որոշման նախագիծ, ըստ որի՝ այն դեպքում, եթե հանրաքվեն արտակարգ կամ ռազմական դրության պատճառով չի անցկացվել, պետք է ուժը կորցրած ճանաչվի հանրաքվեի դրված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Ընդ որում, այդ նախագիծը հնարավոր կլինի ներկայացնել պատգամավորների մեկ քառորդի կողմից և այն ընդունել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Այստեղ ուշադրություն՝ բոլորս գիտենք, որ ԱԺ-ում կա 132 պատգամավոր: Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ 132-ի երկու երրորդը ուղիղ 88 է: Հետևությունները թողնում ենք ընթերցողին:

Ինչո՞ւ է սա խնդիր: Երդվյալ նիկոլական Վահագն Հովակիմյանի հեղինակած այս «Պլան Բ»-ն ունի խնդրահարույց ասպեկտ՝ հանրաքվեն նշանակում է ՀՀ Նախագահը օրենքով սահմանված կարգով: Ուստի «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին այս նախագիծը առ ոչինչ է դարձնում ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և օրենքի ուժով որոշակի ժամկետներում կիրարկման ենթակա հրամանագիրը: Չմոռանանք նաև, որ այս նախագիժը քննարկման դնելով ԱԺ-ն լրջորեն գերազանցում է Սահմանադրությամբ ԱԺ-ի համար նախատեսված լիազորությունները: Արդեն վաղուց զարմանալի չէ, որ օրվա իշխանությունը շատ թեթև է վերաբերվում նման հարցերին՝ եթե խիստ անհրաժեշտ է, կարելի է ամեն ինչ, միայն թե Caporegime-ի առաջնորդը բավարարված լինի:

Հիմա ավելի մանրամասն այն մասին, թե ինչու է սա ծուղակ ընդդիմության համար:

Փաշինյանական խունտան, ելնելով այն պոստուլատից, որ ընդդիմությունը, հատկապես արտախորհրդարանական ընդդիմությունը միշտ գործում է հետևողական, տրամաբանական և արհեստավարժ՝ համոզված է, որ անօրինական հանրաքվեն չեղարկելու այս նախաձեռնությունը ուրախությամբ կընդունվի նշված ընդդիմության կողմից և այդ նախաձեռնության շղարշի տակ հնարավոր կլինի «սղացնել» նաև մնացած երկու օրենքներում փոփոխությունները և լրացումները: Օրվա իշխանության ներկայացուցիչների կարծիքով՝ ընդդիմությունն այնքան է տարված սեփական իրավացիությունը ամեն գնով ապացուցելով, որ չի նկատի այս նախագծում թաքնված ռումբը:

Քավ լիցի, ընդդիմությունը, հատկապես արտախորհրդարանական ընդդիմությունը գործում է միանգամայն այլ շարժառիթներից ելնելով: Ցավոք, իշխանավորներին հասու չէ հասկանալ այդ շարժառիթները:

Ամփոփելով նշենք ևս մեկ բան: ՔՊ-ական փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համոզմունք արտահայտեց, որ իրենք՝ ««Իմ քայլը» խմբակցությունը «կարող է ժամը մեկ էլ հանրաքվե անցկացնել, քանի որ վստահության ոչ մի խնդիր չունի»: Ավաղ, պարոն Սիմոնյանի կուսակցի ներկայացված նախագիծը խոսում է հակառակի մասին: Օրվա իշխանությունը այլևս գիտի, որ հանրաքվեն անցկացնելու դեպքում տապալվելու է: Այնպես որ, պետք չէ փորձել դարձյալ կասկածի տակ դնել մեր բոլորի մտավոր ընդունակությունները:

Բոլորը, այո հենց այն բոլորը, որոնք ըստ օրվա իշխանության՝ իրենց վստահության քվե են տվել, արդեն հասկացել են, որ իշխանությունը սպառել է ինքն իրեն: Չէ, տիկնայն և պարոնայք իշխանավորներ, եթե անց կացնենք այն հանրաքվեն, որի քարոզարշավը չդադարացնելու համար դուք վտանգեցիք բոլորիս առողջությունը՝ անլրջացնելով աշխարհում այդ պահին մոլեգնող համավարակը:

                                                                                   Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով