Այսօր լրանում է Երևանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսերի» փակման 1 ամիսը

Հայաստանը երևի թե գլոբուսի վրայի միակ երկիրն է, որտեղ կարանտինի օրերին փակվել է հիվանդանոց: Դեռևս 2019-ի երկրորդ կեսին առողջապահության նախարարությունը նվազեցրեց Երևանի «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսավորումը և հայտարարեց, որ ցանկանում է փակել այն: Իսկ բոլորովին վերջերս՝ 2020-ի ապրիլի 28-ին, երբ արդեն իսկ կորոնավիրուսի համաճարակը սկսված էր, Երևանի ավագանու որոշմամբ լուծարվեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսերը»:Ընդհանուր առմամբ 70-ից ավելի աշխատակիցների ճակատագիր մնաց օդից կախ:
Հիշեցնենք, որ Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները 2019-ի դեկտեմբերի 15-ից ևս ազատվել են աշխատանքից: Հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակվեց, իսկ աշխատակիցները՝ մնացին առանց աշխատանքի: Այսօր արդեն Շիրակի մարզպետարանից տեղեկանում ենք, որ «Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցը» աշխատում է արտակարգ ռեժիմով: Հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքը ամբողջովին լի է կորոնավիրուսային հիվանդներով: Սակայն միևնույնն է, հակատուբերկուլյոզային բաժանմունքը և’ դե ֆակտո և’ դե յուրե այլևս գոյություն չունի:
Այսօր այս հաստատության աշխատակիցների մի մասը կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով ժամանակավորապես վերադարձել է ինչ-որ տեղ աշխատանքի, սակայն դա ոչինչ չի ասում նրանց մասնագիտական գործունեության հետագա ճակատագրի մասին: Հայաստանն այսօր արդեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի արդյունքներով տարածաշրջանում ամենավերջին՝ ամենավատ ցուցանիշն է գրանցում:
Նիկոլ Փաշինյանը մի կողմից փորձում է փրկել երկրի տնտեսությունը գահավիժելուց, իսկ մյուս կողմից՝ գահավիժում է երկրի առողջապահական համակարգը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նստած հաշվում է ազատ մնացած հիվանդանոցային մահճակալների քանակը և հայտարարում առաջիկայում սպասվող հիվանդների սորտավորման գործընթացի մասին, քանի որ հիվանդանոցային մահճակալների սակավության պատճառով առողջապահության համակարգը ստիպված կլինի հրաժարվել մի շարք ծանր հիվանդներին վերահսկելուց և բուժօգնություն ցույց տալուց: Տեղ չկա: Որոշ բուժհաստատություններում հավելյալ մահճակալներ են տեղադրվում միջանցքներում… Հայաստանը տարածաշրջանում օրեցօր գրանցում է ավելի ու ավելի խայտառակ ցուցանիշներ: Սակայն, ցավոք իշխանավորներին հաջողվում է «մաքուր դուրս գալ», մեղքը բարդել նախկինների վրա և ասել, որ առիթն ու պատճառն այն է, որ նրանք չեն կարողացել 2 տարվա ընթացքում վերացնել առողջապահական համակարգում «20 տարի կուտակված» խնդիրները և կրկին ու կրկին պատճառը նախկիններն են: Սակայն ի՞նչ է արվել առողջապահության ոլորտում վերջին 2 տարիների ընթացքում:
Մի՞ թե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ի՞նչ-որ բան է արել նախկինում հիվանդանոցների պայմանները բարելավելու, բուժանձնակազմները մեծացնելու կամ մահճակալների քանակն ավելացնելու համար: Պարզվում է, որ ոչ և ընդհակառակը՝ նա միայն կրճատել է բժիշկների թիվը, մարդկանց զրկել աշխատանքից, փակել բուժհաստատություններ և կրճատել հիվանդանոցային մահճակալների ընդհանուր թվաքանակն ու թուլացրել Հայաստանի բուժհամակարգի պոտենցիալը:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով