Այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք խոսել. Արայիկ Հարությունյանը՝ Ադրբեջանի նախագահին

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարությանը: Նա նշեց, որ թեև չի ցանկանում վիրավորել, սակայն դա քաղաքական գործչին վայել հայտարարություն չի համարում:

Արցախի նախագահը նշեց, որ Ալիևն ասել է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում: «Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն եք ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են, այն, ինչ ունեցել եք 94 թվականին, կունենաք նաև այսօր, մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերում է Ալիևի հաջորդ հայտարարությանը՝ «մեր հին քաղաք Երևանը տվել ենք Հայաստանին, դա չի կարելի ներել», Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Դուք հնարավորություն ունեք չակերտավոր ձեր «պատմական» անճշտությունները շտկելու, եթե այդպես եք մտածում, բայց դա լինելու է կործանարար Ադրբեջանի համար»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ պատրաստ են խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի լուծմանը, և փուլային լուծում կարող է լինել մի տարբերակով․ «Առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ հերթին անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո բանակցություններ, այլ տարբերակ չի լինելու»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով