Արտակարգ դրությունը որպես հանրային դժգոհությունը ճնշելու լեգիտիմ գործիք

 

Երեկ հանրությունն ականատես եղավ, թե ինչպես Երևանի կենտրոնում տեղի ունեցավ այն, ինչը երիցս ապացուցում է, որ արտակարգ դրության երրորդ փուլը իրականում ծառայում է մեկ նպատակի, և այդ նպատակը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի դեմ պայքարի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սկզբից եկեք հասկանանք, թե ինչ կատարվեց երեկ:

Խիստ ընդդիմադիր ուղղություն ունեցող կազմակերպություններից մեկի ղեկավարը գտնվում էր քրեական գլխավոր վարչության շենքում  նախորդ օրը մաքսանենք ծխախոտի աղմկահարույց դեպքերի վերաբերյալ իր կողմից կատարված գրառումը պարզաբանելու համար: Նրան սատարելու համար նույն շենքի մոտ հավաքվել էին մի խումբ աջակիցներ, ընդ որում տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Հասկանալով, որ իշխանությունը կարող է այդ առիթը օգտագործել ուժ կիրառելու համար, բոլոր մասնակիցները, ըստ ականատեսների, ունեցել են դիմակներ և ձեռնոցներ և պահպանում էին սոցիալական հեռավորություն:

Այդուհանդերձ, ոստիկանները բերման ենթարկեցին շուրջ 20 հոգի պատճառաբանելով, որ իրենք չեն պահպանել սոցիալական հեռավորությունը: Շեշտենք, որ բոլոր ականատեսները փաստում են, որ աջակիցները պահպանում էին սոցիալական հեռավորությունը:

Ի՞նչ կարող ենք արձանագրել այդ ամենի հիման վրա:

Օրվա իշխանությունը զգում է իր մոտալուտ վախճանը և ընտրում է գնալ ամենաանարդյունավետ ճանապարհով՝ պահպանել արտակարգ դրության ռեժիմը, ընդ որում ոչ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Բոլորս տեսնում ենք, թե ինչ տեմպով է աճում հիվանդացողների թիվը: Այսօր քաղաքացիներից պահանջվում է պարտադիր կրել դիմակ և ձեռնոց, սակայն այդ պահանջը ծայրահեղ անարդյունավետ է: Այդ պահանջը պետք էր պահպանել և վերահսկել կարանտինի առաջին իսկ օրվանից, և միգուցե մենք կկարողանայինք արդեն հաղթահարած լինեինք կորոնավիրուսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն Փաշինյանի իշխանության համար հավանաբար դա առաջնահերթություն չէր: Ուստի կարող ենք արձանագրել, որ արտակարգ դրությունը խիստ անհրաժեշտ է հատկապես Նիկոլ Փաշինյանին հանրային դժգոհությունը ճնշելու համար: Բայց մի՞թե 2018 թվականին ընտրությունների եկած ընտրողների մեծամասնության վստահության քվեն ստացած քաղաքական ուժի առաջնորդը կվախենա հանրահավաքներից կամ ակցիաներից: Փաստորեն այսօր տեսնում ենք, որ այո, վախենում է: Վախենում է, որովհետև թեպետ Փաշինյանը և իր քաղաքական ուժը շարունակում է համառորեն թմբկահարել, որ իրենց ընտրել է ժողովրդի 80 տոկոսը, իրականում իրենց ձայն է տվել ընտրելու իրավունք ունեցողների շուրջ 39 տոկոսը: Իրականում 2018 թվականին ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը շուրջ 49 տոկոսը, մնացածը նույնիսկ չեն ներկայացել ընտրություններին: Փաստենք, որ Փաշինյանը չի ներկայացնում ընտրողների մեծամասնությունը, նա շարունակաբար խաբել է ժողովրդին երկու տարիների ընթացքում, նրա կողմից նշանակված Կառավարությունը ապիկար է և դիլետանտ, օրվա իշխանությունը ըստ էության ամեն հարցում ձախողել է, Փաշինյանի գլխին Դամոկլյան սրի պես կախված է իր կողմից նախաձեռնած անօրինական հանրաքվեի հարցը, իշխանության ներսում առկա է դժգոհություն և հասունանում է պառակտում և, ամենակարևորը՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման ընթացքը չի ստացվում տանել այնպես, որ այն ընդունելի լինի երեք կողմերի համար:

Փաշինյանը կանգնած է այս բոլոր խնդիրների կույտի առջև և չի կարողանում ելք գտնել: Այս ամենի ֆոնին տրամաբանական է, որ Փաշինյանը ունի շատ իրական վախ՝ նա վախենում է փողոցից, հենց այն փողոցից, որը 2 տարի առաջ իրեն բերեց իշխանության: Իսկ այս պարագայում մարդկանց հանրահավաքներ անելու սահմանադրական իրավունքից զրկելու լավագույն օրինական միջոցը արտակարգ դրությունն է:

                                                                                                                         Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով