Անհեռանկար Հայաստան՝ հօդս ցնդած խոստումներ և գնացող իշխանության օրակարգը

Վերջին օրերին հաճախակի ենք լսում տարբեր բառերով ձևակերպված մի միտք՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է և հեռանալու ճանապարհին է: Թեպետ առաջին հայացքից դա կարող է ակնհայտ չլինել և հանրությունը դեռ չի զգում Փաշինյանի վարչակազմի շրջանակներում արդեն սկսված նեխման պրոցեսի հոտը, այնուամենայնիվ նշանները առավել քան ցցուն են: Մեկ ամսվա ընթացքում Փաշինյանն առնվազն երկու անգամ հրապարակավ հնչեցրել է այն գաղափարը, որ ժողովուրդը կարող է օգտվել իր իրավունքից և ևս մեկ անգամ փոխել իշխանությունը:

Այստեղ հատկապես կարևորն այն է, որ առաջին անգամ այդ միտքը հնչեցնելուց Փաշինյանն ասաց, որ ժողովուրդը կարող է իրենց քշել և նորից նախկիններին բերել՝ դարձյալ գործի դնելով արդեն վաղուց ակտուալությունը կորցրած «եթե ես հանկարծ գնամ, նախկինները հետ կգան ու նորից ձեզ կթալանեն» մանիպուլյացիան: Իսկ դրանից ընդամենը շաբաթներ անց Փաշինյանի հռետորաբանությունը միանգամայն այլ էր, նա ասաց, որ, այո, միգուցե նրա վարչակազմը իր խոստումները 100 տոկոսով չի կատարել և դրա համար հանրությունը կարող է իրենց հայհոյել որպես վատ իշխանություն և ընդունել դա ի գիտություն հետագա գործողություններ համար: Ոչ մի սպառնալիք, ոչ մի նախկինների հիշատակում: Կասկած չկա, որ Փաշինյանը և իր վաիչակազմը հայտնվել են էկզիստենցիալ վակումի մեջ: Նրանք անկարող են բացի խոստումներից և ամբոխահաճո կարգախոսներից որևէ այլ բան առաջարկել ընտրողներին, իսկ դրանք այլևս չեն աշխատում: Չի աշխատում նույնիսկ «թալանի» մանտրան: Ավելին, օրերս ընդունված անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին վիճահարույց օրենքը նույնպես չի օգնում, քանի որ արդարադատության նախարարը փչացրեց ամբողջ գործը՝ անզգուշորեն ասելով, որ այդ օրենքը չի նշանակում, որ անօրինական գույքը խլելու են, ծախեն ու գումարները բաժանեն ժողովրդին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց անխուսափելիորեն մոտեցել է խոստումները կատարելու ժամանակը, իսկ ապիկար իշխանությունը պարզապես չի կարող, ունակ չէ ոչինչ անել: Համավարակը որոշակիորեն հետաձգեց վարչակազմի վերջնական տապալումը և շանս տվեց իրենց գոնե այս ճգնաժամի հանգամանքները օգտագործել ռեաբիլիտացվելու համար: Սակայն, ավաղ, նույնիսկ այս հրաշալի շանսը օգտագործել չկարողացան:

Անօրինական հանրաքվեի քարոզարշավով զբաղված համառորեն անտեսեցին համավարակի առկայությունը և դրա տարածման վտանգը, ուշացրեցին սահմանների փակումը և արտակարգ դրության հայտարարումը, չկարողացան ճիշտ հասցեականացնել օժանդակությունը, անդադար ամեն ինչի համար մեղադրեցին նույն ժողովրդին, ափսոսեցին ժողովրդի վճարված հարկերի հաշվին կուտակված պահուստային ֆոնդը: Այս խայտառակությունների շարքը եզրափակվեց «կոմունալ համերաշխություն» կոչված անհեթեթությամբ:

Մայիսի 4-ից արդեն աստիճանաբար պիտի վերադառնանք կյանքի սովորական ռիթմին: Ի՞նչ է դա նշանակում սովորական քաղաքացիների համար: Շատ պարզ է՝ քաղաքացիները կվերադառնան իրենց իրականություն՝ Փաշինյանի չկատարված և հօդս ցնդած խոստումներին և առանց որևէ հեռանկարի ապրելու դաժան ճշմարտությանը: Միևնույն ժամանակ օրվա իշխանության համար նորմալ կյանքի ռիթմին վերադառնալը նշանակում է հրատապ հեռանալու օրակարգ մշակելու անհրաժեշտություն: Կարելի է ենթադրել, որ իշխանության շարքերում համերաշխություն չի լինելու: Ի վերջո, ապիկար վարչակազմը դժվար թե սեփական կամքով համաձայնվի թողնել տաքուկ և բոլոր իմաստներով ապահով պաշտոնները, հատկապես որ այս «մեկ մարդու շոու» անորակ պիեսի մեջ իրենք ոչինչ չեն որոշում և ուստի ոչ մի բանի համար պատասխան չեն տալու: Բայց Փաշինյանը պիտի հեռանա, քանի որ չհեռանալու այլընտրանքը պատասխանատվությունն ու պատիժն է լինելու, և նա դա շատ լավ է հասկանում: Մի՞թե կլինենք վարչակազմի տրոհման ականատեսը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հնարավոր է: Մի բան հստակ է՝ մոտ ապագայում ականատես ենք լինելու առանց հեղափոխական էյֆորիայի իր գոյության իմաստը կորցրած կավե ոտքերով հսկայի փլուզմանը, ինչից հետո Հայաստանը կկանգնի իրական մարտահրավերի առջև, բայց նաև զարգանալու ու միջազգային բեմահարթակում իր տեղը վերադարձնելու և ամրապնդելու հեռանկար կունենա: Ամենադժվարը լինելու է հաջորդ իշխանությունը ձևավորելը: Համոզված ենք, որ հաջորդ իշխանությունը կլինի իրապես համերաշխության իշխանություն, որը չի ընկնի ծայրահեղությունների մեջ և միահամուռ ուժերով Հայաստանը դուրս կբերի սպասվող ճգնաժամից:

Իսկ առայժմ սպասվում են նոր բացահայտումներ, որոնցից առաջինը այսօր արեց Միքայել Մինասյանը, ինչը շատ լուրջ է և թույլ է տալիս կարծելու, որ շարունակությունը առջևում է:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով