Եթե ինքնամեկուսացածը լքում է մեկուսացման վայրը, ոստիկանությունն ազդանշան է ստանում

Եթե տանն ինքնամեկուսացման հրահանգ ստացած անձը լքում է մեկուսացման վայրը, ավտոմատ համակարգը հաղորդագրություն է ուղարկում ոստիկանություն։ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։

«Անձի գտնվելու վայրի մասին մենք ինֆորմացիա ենք ստանում բջջային օպերատորներից, ինչպես նաև տվյալ անձի տեղաշարժման կոորդինատներն ենք ֆիքսում։ Երկու դեպքում էլ հաղորդագրություն է ուղարկվում ոստիկանություն»,–ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բադալյանի խոսքով` բացի այդ, բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալներն օգտագործվում են կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցող անձանց գտնելու համար։ Դրանք համակարգվում են ու մշակվում «Էկենգ» սերվերում և հասանելի են միայն այդ համակարգով աշխատողների համար։ Այդ տվյալները համադրվում են բժշիկների կողմից կորոնավիրուսով վարակվածի հետ իրականացված հարցազրույցներին, և հետո բժիշկները լրացուցիչ հարցազրույց են անում։

Պարետի խորհրդականը նշեց` կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելուց հետո նրանց ինքնամեկուսացնում են, այնուհետև առողջական վիճակի մասին հաղորդագրություն են ուղարկում ինքնամեկուսացված անձանց, ու նրանք պատասխանում են դրանց` կից նաև լուսանկար ուղարկելով, որպեսզի հավաստի լինի, որ պատասխանողը նա է, ով պետք է։ Այդ ընթացքում բջջային օպերատորների միջոցով հավաքագրվում է տեղեկություն նրանց մեկուսացման վայրի մասին, որպեսզի պարզեն՝ չե՞ն լքել արդյոք մեկուսացման վայրը։ Օրվա ընթացքում ինքնամեկուսացված անձինք մի քանի անգամ են նման հաղորդագրություն ստանում։

Բադալյանը հայտնեց` ինքնամեկուսացված անձը վարչական տույժի է ենթարկվում, եթե լքում է ինքնամեկուսացման վայրը։ Իսկ եթե մի քանի անգամ է նման քայլի գնում, ապա կարող են նրան մեկուսացման վայր տեղափոխել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ եթե անձը չունի բջջային հեռախոս, ապա օրական մի քանի անգամ բժիշկները զանգահարում ու այդ ձևով են ճշտում նրա առողջական վիճակի, ինքնամեկուսացման վայրի մասին ինֆորմացիան։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածերի թիվը 881 է:

armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով