ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը`պատգամավոր դարձած Հրաչյա Հակոբյանը, միշտ նվիրված աներձագ է եղել: Հայերը շատ են սիրում աներձագների մասին անեկդոտներ ու պատմություններ հորինել, սակայն դրանք չի կարելի ասոցացնել Նիկոլ Փաշինյանի և նրան նվիրված աներձագի հարաբերությունների հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին՝ նույնպես պատգամավոր դարձած Սիփան Փաշինյանն էլ, իր հերթին, միշտ նվիրված զարմիկ է եղել: Տարիներ շարունակ, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը չուներ բազմաթիվ ակտիվիստներ, փող և հայտնիություն, Սիփան Փաշինյանն ու աներձագ Հրաչյա Հակոբյանն էին առաջինը կանգնում նրա կողքին, կազմակերպում երթեր, ցույցեր, բողոքի ակցիաներ, «դեբոշներ» ոստիկանների դեմ… «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից Գարիկ Սարգսյանը ևս նվիրված է Նիկոլ Փաշինյանին: Ասում են, թե նա 2012-2015 թվականներին ՀՀ-ում աշխատանք չգտնելով՝ մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն, որտեղ զբաղվել է ասֆալտ փռելով: Սակայն 2015-ին վերադարձել է Հայաստան և դարձել նվիրյալ ՔՊ-ական: 2016 թվականի սեպտեմբերի 18-ին մասնակցելով հայրենի գյուղի՝ Նոր Կյանքի համայնքապետի ընտրություններին, հաղթել է և ընտրվել գյուղապետ, ինչը եզակի ձեռքբերում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: «Թավշյա հեղափոխությունից» հետո, 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում կուսակցությանը բերել է բազմաթիվ ձայներ և դարձել պատգամավոր, իսկ այնուհետև հրաժարվելով մանդատից՝ դարձել Արարատի մարզպետ: Ո՛չ Հրաչյա Հակոբյանն ու Սիփան Փաշինյանը, ո՛չ Գարիկ Սարգսյանը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ չեն, երբեք չեն փայլել իրենց ինտելեկտուալ կարողություններով և ոչ էլ ունեցել են վարչական աշխատանքներ կատարելու որևէ փորձ: Հրաչյա Հակոբյանը նախկինում քիչ թե շատ հայտնի էր ֆիլմերում խաղացած իր էպիզոդիկ դերերով և ընդդիմադիր ակտիվիստի կերպարով: Սիփան Փաշինյանը նախկինում ևս զբաղվել է զուտ Նիկոլ Փաշինյանի «օգնականությամբ» և ակտիվիստություն անելով: Գարիկ Սարգսյանի համար ևս կարելի է ասել նույն բանը: Սակայն վերադառնալով մեր օրեր՝ ի՞նչ ենք տեսնում:
Վերոնշյալ երեք անձինք «հայտնիություն» են ձեռք բերել մի շարք էպատաժային, ձեռք առնող արտահայտություններով և համացանցային գրառումներով: Մարտ ամսի 2-րդ կեսին պարզվեց, որ Գարիկ Սարգսյանի ղեկավարած մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի գործը գլուխ չի գալիս, և որ կորոնավարակակիրների ընդհանուր թվով մարզը գերազանցում է անգամ Վրաստանին:
Սակայն այստեղ պետք է ընդգծենք, որ մարտի առաջին կեսին Հայաստանում մեկնարկել էր սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու «այո»-ի համար տարվող նախընտրական քարոզարշավը, որը ղեկավարում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը: Ընդհուպ մինչև մարտի 12-ը Նիկոլ Փաշինյանը զբաղվում էր քարոզարշավով, անտեսելով կորոնավիրոսի վտանգը, և նրա հետ էր նաև իր հավատարիմ կուսակցական ընկեր Գարիկ Սարգսյանը, որն էլ այդ օրերին առանձնակի ժրաջանությամբ քարոզարշավ էր իրականացնում իր մարզում: Եվ արձանագրված փաստը ոչ այլինչ է, քան հերթական նվիրվածության և «ժրաջան աշխատանքի» արգասիք:
Այժմ եկեք անդրադառնանք մեկ այլ անձի: Ավստրիայում ծնված Ադոլֆ Շիկլգրուբերն իր ծնողների կողմից շատ սիրված երեխա էր: Նա էլ իր հերթին շատ նվիրված էր իր մայրիկին և ջանում էր նրան երջանկացնել: Դպրոցական առաջին տարիներին նա հաճախում էր գյուղական դպրոց, որտեղ շատ լավ էր սովորում: Նա լավագույն և օրինակելի աշակերտներից մեկն էր, որին մյուսները նախանձով էին նայում և ենթարկվում: Նա անգամ զինվորականների նման շարում էր իր դասարանցիներին և տալիս հրամաններ…Հետագայում սակայն նրան տեղափոխեցին ավելի լավ բնակավայր և ավելի բարձրակարգ ուսումնական հաստատություն, որտեղի երեխաների համեմատ, նա արդեն չէր փայլում իր ինտելեկտով, առաջադիմությամբ և վարքով և անգամ հետ էր ընկնում: Նույնիսկ իր տեսքով ու պահվածքով էր զիջում և այլևս չէր կարողանում լինել իրեն բնորոշ առաջնորդի «ամպուլայի» մեջ:
Նա այլևս չէր կարողանում գոհացնել իր պաշտելի մայրիկին, ինչից անասելի նյարդայնանում և չարանում էր, լցվելով ատելությամբ: Նրա մայրը մահացավ՝ որդուն այդպես էլ չտեսնելով երջանկացած, իսկ որդու ատելությունն աշխարհի նկատմամբ մոր մահով կրկնապատկվեց և եռապատկվեց, որի արդյունքում աշխարհում հայտնվեց Ադոլֆ Հիտլեր անունով մարդը: Կան նաև հազարավոր այլ նման դեպքեր, սակայն սա ամենաբնորոշ և վառ օրինակն է, որը ցույց է տալիս, թե գովեստների, բարձր գնահատանքի ու ինքնագնահատականի սովոր անձն ինչպես է լցվում թույնով և ատելությամբ, երբ հայտնվում է իրեն մի քանի անգամ ինտելեկտով և փորձով գերազանցող անձանց շրջապատում: Նա վերածվում է օտարի կարծիք չհարգող, այլախոհներին և հատկապես իրենից բարձրերին ու խելացիներին ատող անձի: Այս ամենը ցույց է տալիս, որ ամենևին էլ զարմանալի չէ այն փաստը, որ այսօր ասպարեզ են դուրս եկել պետական պաշտոնատար անձանց շրջանակներում «սամասուդներ» իրականացնելու մասին խոսակցությունները:
Չէ՞ որ լավ ընդդիմադիր ակտիվիստը, վիրավորանք գոռացողն ու փողոց փակողը միշտ չէ որ ինտելեկտուալ ու նախաձեռնող է: Նրանց ոչ բոլորն են ենթարկվում ու հնազանդվում: Իսկ այնտեղ, ուր չկա փորձ, սկզբունք, օրենք և իմաստություն, առաջ են գալիս բիրտ ուժն ու զոռբայությունը: