Սերժ Սարգսյանի ողջախոհության և հայրենասիրության շնորհիվ մենք խուսափեցինք արյունահեղությունից

Այսօր լրացավ երկու տարին… Երկու տարին այն օրվանից, երբ ՀՀ նորընտիր վարչապետ, Արցախի հերոս և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց և հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Հեռացավ առանց մեկ կաթիլ արյուն թափելու:

Եվ այդպես էլ պետք է լիներ: Ինչո՞ւ: Որովհետև այն ուժերը, որոնք ամբոխը հանել էին փողոց, իրենց հետ առաջնագիծ էին բերել նաև երեխաներին, որովհետև այդ նույն ուժերը Փաշինյանի Գյումրիից դուրս գալուց հետո ամեն օր սադրանքներ էին կազմակերպում՝ հուսալով, որ իշխանությունը կարձագանքի, կլինեն բախումներ, որոնք կընդլայնվեն և կվերածվեն զանգվածային անկարգությունների ու ի վերջո անխուսափելիորեն կհանգեցնեն զոհերի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր արդեն ակնհայտ է, որ 2018 թվականին մենք Սերժ Սարգսյանի ողջախոհության շնորհիվ խուսափեցինք ամենասարսափելիից՝ արյունահեղությունից: Այս երկու տարիները դժվար ժամանակաշրջան էին մեր հայրենիքի համար: Սակայն մենք պետք է շնորհակալ լինենք, որ եղավ այն, ինչ եղավ: 2018 թվականի իշխանազավթման շնորհիվ մենք իմացանք, որ Սաշիկի 50/50-ը և կարմիր գծերը լոկ միֆեր են, որոնք սերմանվեցին և այնուհետև զարգացվեցին տարիներ շարունակ հենց «թավշյա» պրոեկտը կյանքի կոչելու շրջանակներում:

Մենք իմացանք, որ հայ զինվորները զոհվել են ոչնչի համար և որ Հայաստանի վարչապետի կինը կարող է առանց աչքը թարթելու Մեհրիբան Ալիևային հրավիրել Ստեփանակերտի վերածննդի հրապարակ թեյ խմելու և մուղամ լսելու: Մենք բացահայտեցինք, որ Ալիևը կիրթ մարդ է: Մենք իմացանք որ Հայաստանում մոտ ապագայում կարող են օրինականացվել մարիխուանայի օգտագործումը, մարմնավաճառությունը և մի շարք այլ բաներ, որոնք խիստ անընդունելի են մեր հասարակության գերակշռող մասի համար:

Թավշյա հեղափոխական Նիկոլ Փաշինյանը ժողովրդին խոստացել էր հանել արագաչափերը, սակայն այս երկու տարիների ընթացքում բազմիցս դրժել է իր խոստումը և նույնիսկ պնդել է, որ այդպիսի բան չի խոստացել: Թավշյա հեղափոխական Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ներդրումների աննախադեպ հոսք և նույնքան աննախադեպ տնտեսական աճ: Նա նույնիսկ հորինել էր նոր տերմին՝ տնտեսական հեղափոխություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սակայն մինչ օրս մենք չենք տեսնում ոչ միայն աննախադեպ ներդրումներ, այլև գրանցում ենք կապիտալի արտահոսք: Մեզ խոստացել էին աննախադեպ ներգաղթ, Սերժ Թանկյանը խոստացել էր բնակարան գնել Հյուսիսային պողոտայում, սակայն ոչ մեկը տեսանք, ոչ էլ մյուսը: Մենք իմացանք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը կարող է ժողովրդին կոչ անել շրջափակել դատարանների մուտքերը սեփական քմահաճույքի համար: Իմացանք նաև, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը կարող է առանց կաշկանդվելու հրապարակել հորինված վիճակագրական թվեր, որոնք հնարավոր չէ որևէ կերպ ստուգել: Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը հեշտությամբ դիմում է մանիպուլյատիվ գործիքների և պատրաստ է բառացիորեն ամեն ինչի իր սուտը որպես ճշմարտություն ներկայացնելու համար:

Տեսանք նաև, որ Փաշինյանի կողմից նշանակված Կառավարությունը ապիկար և ապաշնորհ է, իմացանք, որ օրվա իշխանության ներկայացուցիչները նվիրյալներ չեն և չեն աշխատի սովորական աշխատավարձի դիմաց: Ականատես եղանք, թե ինչպիսի անբարոյական չափերի են հասել նախարարների, փոխնախարարների և ԱԺ պատգամավորների աշխատավարձերն ու պարգևավճարները 0 արդյունավետության պարագայում:

Ավելորդ է հիշեցնել, որ այդ պաշտոններում տեղավորված են Փաշինյանի բոլոր մերձավորներն ու համախոհները: Մենք ականատես եղանք Սահմանադրական դատարանի դեմ կազմակերպված արշավին, որի կուլմինացիան կլիներ անօրինական հանրաքվեն, եթե չխառնվեր կորոնավիրուսի համավարակը և որի խիստ անձնավորված բնույթը ակնհայտ էր նույնիսկ Վենետիկյան հանձնաժողովի համար: Մեզ ծանոթացրեցին վարչապետի հիվանդ երևակայության անհատակ խորքերում ծնվող զանազան հայհոյանքների հետ՝ շնաբարո դուրսպրծուկներ, հոխորտացող թափթփուկներ և այլն:

Մեր համար պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը չունի, կամ ունի, բայց հասկանալի պատճառներով հանրությանը չի ներկայացնում իր դիրքորոշումն Արցախի հիմնախնդրի վերաբերյալ: Փոխարենը տեսանք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց 20 տարիների ընթացքում Հայաստանի փառահեղ դիվանագիտության շնորհիվ ձեռքբերված շահեկան դիրքը բանակցային գործընթացում:

Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով լեգիտիմացվեց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որն այսուհետ ունի ընտրված ներկայացուցիչ և կարող է մասնակցել բանակցային գործընթացին: Մինչդեռ նույն Փաշինյանը խոստացել էր, որ Արցախը դառնալու է բանակցային կողմ և բարեհաջող մոռացել է իր խոստման մասին:

Մենք սրտատրոփ սպասեցինք, բայց այդպես էլ չլսեցինք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը արտաբերում «Արցախի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի» և «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» խոսքերը: Փոխարենը լսեցինք, որ Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար: Սրանք վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցած բացահայտումների մի մասն են միայն:

Վստահ ենք, որ յուրաքանչյուր «Մերժիր Սերժին» և «Դըմփ-դըմփ-հու» բղավողը իր համար շատ հիասթափեցնող բացահայտումներ է արել այս ընթացքում: Մենք տեսանք՝ ինչպես երկու տարիների ընթացքում համառորեն ոչնչացվում են հայ ժողովրդի երեք հիմնարար սյուները՝ ընտանիքը, հավատքը և բանակը: Դրանք փոխարինվեցին Ստամբուլյան կոնվենցիայի ներդրման փորձերով, եկեղեցու դեմ կազմակերպվող արշավներով և հերոսների անվանարկմամբ: Արձանագրենք, որ եթե Սերժ Սարգսյանը չլիներ այնպիսի անձնավորություն, ինչպիսին որ կա, մենք երբեք շանս չէինք ունենա տեսնել կեղծ հեղափոխության պատռված՝ «սիրո և հանդուրժողականության» դիմակի տակից երևացող հրեշավոր դեմքը:

Պարոնայք այսպես կոչված հեղափոխականներ, դուք գոնե գիտակցու՞մ եք՝ եթե չլիներ Սերժ Սարգսյանի խոհեմությունը, ապա ձեր հեղափոխությունը «թավշյա» չէր լինի:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով