Օրավարձով աշխատողների համար փող չկա, իսկ 50 նոր պետական բարձրաստիճան պաշտոնների հաստիքների համար՝ կա

Այսօր տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը կայացրել է հետևյալ որոշումը՝ «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում «891» թիվը փոխարինել «941» թվով»: Այսինքն, պետական իշխանության մարմիններում կավելանա ևս 50 հաստիք:

Սկզբի համար եկեք հասկանաք, թե որոնք են այդ առեղծվածային պետական իշխանության մարմինները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն N 706-Ա որոշումը սահմանում է, որ դրանք են Նախարարությունները, Հյաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինները, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինը, նախարարություններին ենթակա մարմինները, մարզպետարանները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված ինքնավար, վարչական և մի շարք այլ պետական իշխանության մարմինները:

Միգուցե կլինեն մարդիկ, որոնք կասեն, թե լավ, ինչու՞ եք աղմուկ բարձրացնում, ընդամենը 50 հաստիք է: Բայց այդ հաստիքներին նշանակվող մարդիկ ստանալու են բարձրաստիճան պաշտոնյաների համար սահմանված բարձր աշխատավարձ և պարգևավճարներ:

Այսօր նախարարի ամսական աշխատավարձը կազմում է 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը՝ 1 միլիոն դրամ, իսկ մարզպետներինը՝ 900 հազար դրամ: Սրանք ամենաբարձր վարձատրվող հաստիքներն են: Ընդունենք, որ նոր նախարարներ չեն ավելանա, բայց կավելանա փախնախարարների և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների թիվը: Ընդունենք նաև, որ այդ հաստիքների միջինացված աշխատավարձը կլինի 800 000 դրամ: Այդ դեպքում յուրաքանչյուր ամիս պետական բյուջեից կծախսվի 800 000 անգամ 50՝ 40 000 000 դրամ, այսինքն տարեկան կտրվածքով՝ 480 000 000 դրամ: Մեր հաշվարկով՝ 40 միլիոն դրամով հնարավոր կլիներ Հայաստանի սահմանամերձ գյուղերից 5-ում, օրինակ, մանկապարտեզները կամ դպրոցները ապահովել արևային էնէրգիայի համակարգերով, որպեսզի բալիկները և դաստիարակ-ուսուցիչները ձմռանը չմրսեն և ամեն տարի այդ հաստատությունների տնօրեններն անելանելի վիճակում չհայտնվեն ջեռուցման վարձը տալու անխուսափելի անհրաժեշտության առջև:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ դեպքում կկարողանանք արձանագրել, որ գումարը ծախսվել է 100 տոկոս արդյունավետ: Բայց ոչ, այդ գումարները կուղղվեն որպես աշխատավարձ ինչ-որ մի նոր պաշտոնյայի համար, որի աշխատանքի արդյունավետությունը չգիտենք, թե ինչպես է չափվելու: Այդ 50-ից մի քանիսին հավանաբար կտրամադրվի ծառայողական ավտոմեքենա, այսինքն՝ վառելիք և վարորդ: Նրանց համար նախատեսված է բժշկական ապահովագրություն և այլ արտոնություններ, որոնք նույնպես բեռ են պետական բյուջեի վրա: Այդ 50 հոգին տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնելու են զանազան վոյաժների: Բացի նշված աշխատավարձից այդ 50-ը կհավակնեն նաև պարգևավճարներ ստանալու:

Մինչդեռ կորոնավիրուսի պատճառով մարտի 14-ից հարկադիր պարապուրդի մատնված ՀՀ հպարտ քաղաքացիները ստանում են միանվագ 68 000 դրամ օգնություն, իսկ մի ստվար զանգված առհասարակ ոչինչ չի ստանում: Փաշինյանն ասում է՝ փող չկա: Մի խոսքով, տարիներ շարունակ պետական ապարատի անթույլատրելի ուռճացվածության մասին ամեն անկյունում իրեն ճղող Նիկոլ Փաշինյանն այսօր թույլատրելի է համարում, անհասկանալի պատճառներով ընդլայնում է պետական ապարատը:

Մենք չենք մոռացել, թե ինչպես էր ընդդիմադիր Փաշինյանը քննադատում նախկին իշխանությանը ուռճացված պետական ապարատի համար, վերջինի կտրուկ կրճատման ջատագովներից էր և իշխանազավթման օրերին այդ արատավոր երևույթը արմատախիլ անելու խոստումներ էր տալիս «ժողջանին»: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ արդեն առկա պետական ապարատի արդյունավետությունը խիստ վիճահարույց է, քանի որ չկա կամ գոնե հանրությանը հայտնի չէ այն մեխանիզմը, որով գնահատվում է յուրաքանչյուր՝ միջին և բարձր օղակների պաշտոնյայի արդյունավետությունը:

Վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը, որը դեռ ամիսներ առաջ հոխորտում էր, որ իրեն դիմադրող պետական ապարատի հարցերը կլուծի, այսօր ավելացնում է նույն պետական ապարատը: Հասկանալի է, որ խոսքը գնում է բարձրաստիճան պաշտոնների մասին: Իսկ միգուցե վարչապետի պաշտոնում հայտնված գերագույն գլխավոր լրագրողը դեռ բոլոր մերձավորներին չէ, որ հաջողացրել է տաքուկ տեղավորել:

Այս ամենի ֆոնին հանրությունը իրավունք ունի տալ օրինաչափ հարց՝ ու՞մ համար են ստեղծվել այդ նոր հաստիքները և ո՞ր էլէկտրոնային հասցեով կարելի է ուղարկել CV-ները: Չէ՞ որ դեռ 2018 թվականին հայտարարվել էր, որ Կառավարությունը ստեղծում է CV-ների pool, որպեսզի հնարավորություն ունենա ընտրել ամենալավ մասնագետներին: Հեգնանքը ակնհայտ է, բոլորիս հայտնի է, որ այդ CV-ների pool-ի նախաձեռնությունը ևս մեկ շոու էր հանրության աչքերին թոզ փչելու համար:

Վստահաբար Փաշինյանն արդեն լավ գիտի, թե ում է նշանակելու այդ նորաստեղծ հաստիքների վրա: Շուտով կլսենք, թե ովքեր են այն երջանիկները, ում համար Փաշինյանը պետական իշխանության մարմիններում 50 նոր հաստիք է նախատեսել:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով