Նորատուսի բնակիչը հերքում է՝ 500 հոգի հիվանդանոց չի ներխուժել, ոստիկանությունը հավելում է՝ թիվն իրենց հրապարակածը չէ.168.am

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչը հերքում է այն տեղեկությունները, թե ոստիկանական ուժերի կողմից վերահսկվող Գավառի բժշկական կենտրոն է  ներխուժել 500-ից ավելի մարդ:

«Սուտ է, չկա նման բան, ի՞նչ 500 մարդու մասին է խոսքը, ամոթ է, երևի իրենց ինչ թիվ պետք է, դա են գրել: Այո՛, մարդիկ են ներխուժել հիվանդանոց, բայց նրանց թիվը չի հասել 500-ի: Իրականությանը չհամապատասխանող բաներ են գրել: Կրկնում եմ, իմ ունեցած տեղեկություններով՝ հիվանդանոց ներխուժողները եղել են հարազատ-բարեկամները, ընկերները, բայց այդ թիվը 500 չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նորատուսի բնակիչը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Գավառի բժշկական կենտրոն ներխուժածների թվի մասին տեղեկատվությունը լրատվամիջոցի հետ զրույցում հնչեցրել էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը»,- հայտնել էր մարզպետը:

168.am-ը ոստիկանության կողմից վերահսկվող Գավառի բժշկական կենտրոն ներխուժածների թվի վերաբերյալ փորձեց տեղեկություն ճշտել նաև ՀՀ ոստիկանությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ արդյո՞ք հիվանդանոց նեխուժածների թիվը եղել է 500, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ  Աշոտ Ահարոնյանը պատասխանեց.

«500 թիվը դա ոստիկանության հրապարակած թիվը չէ: Այս պահին ոստիկանությունն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ, եթե հարկ լինի տեղեկություններ հրապարակելու, մենք դա կանենք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեսյբուքյան գրառմամբ տեղեկացրել էր,  որ Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում ապրիլի 28-ին, ժամը 17:40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ։ Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում կատարվում է նախաքննություն:  Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով