Մենք արդեն հայտարարել ենք․ շուտով սկսելու ենք շարժում, որը նպատակ կհետապնդի քաղաքական ուժերի կոնսենսուսի

Այսօր լսեցինք ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա արեց հետեւյալ հայտարարությունը, մեջբերում եմ․ «Եթե ժողովուրդը մտածում է, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը վատ որոշում է, ցանկացած պահի կարող է անել նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի «հին, բարի» ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ են ստանում եւ լափում պետական համակարգը, փայ մտնում բիզնեսներին: Ժողովրդի իրավունքն է, կարող են ասել՝ սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք: Դա ժողովրդի լեգիտիմ իրավունքն է»։

Սա ոչ միայն փողոցի զրույց է, այլև շանտաժ է՝ ուղղված իրեն իշխանության հասցրած ժողովրդին, իսկ ժողովրդի մեկ մասնիկն էլ ես եմ: Այսինքն, նա խոսքն ուղղելով մեզ ասում է․ «ուզես չուզես խելոք կընդունես մեր բոլոր որոշումները, այլապես հետ կգա հին թալանչի համակարգը, որից ես եմ քեզ պաշտպանում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որպես ժողովրդի մասնիկ, ահա եւ մեր պատասխանը Փաշինյանին։
Շտապեմ հիասթափեցնել Ձեզ պրն. Փաշինյան ՀՀ քաղաքացիները ստիպված չեն լինելու ընտրել վատի և վատթարագույնի միջև, կաշառակերության և այլասերության միջև, թալանի և այդպես կոչված պարգևատրումների միջև, ապազգայինի և հակազգայինի միջև, այդ ո՞վ է Ձեզ համոզել, որ հայ ժողովրդի քաղաքական արգանդը չորացել է և որ հայ ժողովուրդը քաղաքական նոր ուժեր, ապագայի ուժեր չի՛ ծնել և չի՛ ծնելու …
անգամ ցեղասպանության տարիներին, երիտթուրքերը նման սին երազանքներ և իղձեր չունեին, այդ ի՜նչ երազանքներ եք փայփայում Դուք…
Ցանկանում եմ նաև ընդգծել, որ պրն. Փաշինյան
Դու՛ք այլեւս հեղափոխությունը մարմնավորող առաջնորդը չեք: Դուք հյուծված եք, Ձեր քաղաքական թիմն սպառված: Դուք վաղուց արդեն շեղվել եք հեղափոխության նպատակներից և արժեքներից, Ազգային Զարթոնք և Ազգային Արժեքներ գոռալով, Դուք փորձեցիք թաղել Ազգային Զարթոնքի և Ազգային Արժեքների վերջին նշույլները:

Եվ հետո, ո՞ւմ եք էշի տեղ դրել, ո՞ւմ եք ձեռ առել ու բավ չէ՞ մեր գլխին լոլոներ կարդաք, արդեն օր օրի շատերի համար է դառնում տեսանելի, որ հենց Ս․ Սարգսյանն ու Լ․ Տեր-Պետրոսանն են ներկա իրավիճակում Ձեր վարչակարգը փլուզումից փրկելու համար ջանք չխնայողները:

Մենք արդեն հայտարարել ենք․ շուտով սկսելու ենք շարժում, որը նպատակ կհետապնդի քաղաքական ուժերի կոնսենսուսի, պետք է մեկ միասնական ճակատում համախմբվեն բոլոր այն առողջ ուժերը, որոնք պատրաստ են պայքարելու երկարաշունչ և հանուն հզոր Հայաստանի գաղափարի միավորվել ազգային երկարաժամկետ ծրագրի շուրջ:
Մենք բոլորս միասին կերտելու ենք նոր և հզոր Հայաստան, իրական նոր Հայաստան, որը կերտելու քվեն Ձեզ և Ձեր քաղաքական թիմին տվեց հայ ժողովուրդը, իսկ Դուք հերթական անգամ գողացաք հայ ժողովրդի բաղձալի երազանքը և այն ծառայեցրիք Ձեր նեղ անձնական շահերին, Հայաստան՝ որտեղ այլևս ֆեյքագրոհներով քաղաքական հակառակորդներին լռեցնելու փորձեր չեն լինելու, Հայաստան՝ որտեղ այլևս ատելությունն ու պառակտումը քաղաքական օրակարգում տեղ չեն ունենալու, Հայաստան՝ որտեղ ոչ ոքի նկատմամբ այլեւս հալածանքներ չեն լինելու:
Բոլոր նրանք, ովքեր կհամաձայնվեն երկրից հանած միջոցները ներդնել Հայաստանում ռազմավարական ներառողական ծրագրերում, նրանց հնարավորություն կտրվի այդ միջոցները ապահով վերաներդնել Հայաստանի Հանրապետությունում: Ոչ միայն հայաստանյան օլիգարխներին, այլև օտար երկրներում ապրող և գործող՝ մասնավորապես ՌԴ-ում հսկա միջոցների տիրապետող հայ օլիգարխներին, այլև առիթ չի տրվելու նախկինի նման վերաբերվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և հայկական շուկային: Սակայն նրանց նույնպես պետք է առիթ և հնարավորություն ընձեռվի մասնակիցը դառնալ Հայաստանի հզորացման և շենացման Աստվածահաճո գործերում, ինչպես նաեւ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ներդնել ազգային ծրագրեր կյանքի կոչելու մեջ:
Մի խոսքով պրն. Փաշինյան, Դուք պետք է հասկանաք, որ հեղափոխության գնացքն արդեն անցել է: Հիմա ժամանակն է հանգիստ գործելու, հիմա երկիր կառուցելու ժամանակն է, իսկ ժողովրդին դասեր տալ հարկավոր չէ, որովհետեւ ժողովուրդն ինքը կարող է դասեր տալ, ոչ միայն Ձեզ, այլև Ձեզնից առաջ բոլոր եղածներին և Ձեզնից հետո բոլոր եկողներին: Ժողովուրդն այսօր կարիք ունի ուշադրության, հոգատարության եւ հեռատես տնտեսական եւ սոցիալական ծրագրերի:
Մենք էլ ենք այդ ժողովրդի մի մասնիկը, բայց մենք Ձեր նման չենք կտրվել իրականությունից, մենք հասկանում ենք, որ ժողովրդի հետ այդ լեզվով խոսում են միայն իրականությունից կտրված իշխանավորներ, որոնց ներկայից նախկին լինելն ընդամենը մի կես քայլ է, ընդամենը կես քայլ:
Այսօր այսքանը: Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալությունս հայտնել պրն. Մարուքյանից, ով իր ճիշտ և իրատեսական խորհուրդներով կարողացավ տնտեսական դաշտի նկատմամբ կառավարության անհեռատես քայլերը զսպելու և երկրի տնտեսությունը վերջնական կոլափսի տանող քայլերից հետ կանգնեցնելու համար:
ԵՒ վերջում ցանկանում եմ մեզ բոլորիս առողջ լինել և ավելի հանդուրժող մեկ մեկու հանդեպ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Վահագն  Չախալյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով