Լավրովը խոսեց, իսկ Փաշինյանը զարմանալիորեն լուռ է

Հայաստանում երևի թե մարդ չմնաց, որ չիմանա ՌԴ ԱԳ նախարար, փորձառու և հմուտ դիվանագետ Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարության մասին:

Ինչի՞ համար ենք շեշտում, որ Լավրովը հմուտ և փորձառու դիվանագետ է: Նրա համար, որ հենց սկզբից կանխենք այսօր իշխանական և մերձիշխանական տարբեր «գործիչների կողմից տիրաժավորված «դե հիմա, Լավրովնա էլի, մի բան ասելա, հո լուրջ չենք ընդունելու» ոճի ակնարկները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սկսենք նրանից, որ Լավրովը երբեք ոչինչ հենց այնպես չի ասում: Լավրովը, հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար, ուղղակի չէր կարող ասել մի բան, որը չի համապատասխանում իրականությանը: Ի վերջո, բացի Ռուսաստանից Մինսկի խմբում ներգրավված են նաև Ֆրանսիան, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլյանդիան, ԱՄՆ, Թուրքիան, Ադրբեջանը։ Վստահաբար, եթե երկրների ներկայացուցիչներին որևէ մեկը հայտարարեր մի բան, որը գոյություն չունի, մնացած մասնակից երկրները կարձագանքեին: Ուստի պետք է հասկանանք, որ Լավրովը որպես համանախագահող երկրի ԱԳ նախարար հնչեցնում է ընդհանուր կարծիքը: Այնպես որ, Լավրովին ինչ-որ բաներում մեղադրելու փոխարեն մեր հանրությունը պիտի պարզաբանում պահանջի մեր ԱԳ նախարարությունից:

Ինչ խոսք, Լավրովի հայտարարությունը պահանջում էր արձագանք: Այսօր մենք լսեցինք լղոզված արձագանք ՀՀ ԱԳ նախարարի կողմից, որին հաջորդեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը: Երկուսն էլ հերքեցին բանակցությունների և սեղանին փաստաթղթի առկայության մասին Լավրովի պնդումները… Սա մեղմ ասած, դիվանագիտական կազուս է:

Փաստորեն, կամ Լավրովն է ստում, կամ Զոհրաբ Մնացականյանը: Ինչպե՞ս հասկանալ, թե ինչպիսին է իրականությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաշվի առնելով մի քանի հանգամանք, մասնավորապես՝ – Նիկոլ Փաշինյանը դեռ 2019 թվականին Մերկելի հետ հանդիպելիս շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» եզրույթը՝ դրանով լեգիտիմազնելով Ադրբեջանի նկրտումները այդ հարցում, – 2019 թվականի օգոստոսին Արցախում կայացած հանրահավաքի ընթացքում «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որի քաղաքական հետևանքները դեռ տեսնելու ենք, – Նիկոլ Փաշիննյանի կողմից շրջանառության մեջ դրված «Արցախյան հիմնահարցի լուծման Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի տարբերակ» սկզբունքը, – «Շրջանները ոչ թե տարածքներ են, այլ անվտանգություն» սկզբունքի ներդրումը բանակցային գործընթացում, – Մերձեցման քաղաքականության որդեգրումը, որից բխեցին լրագրողների փոխայցելությունները, – Այն, որ Փաշինյանն ամեն կերպ խուսափում է հնչեցնել այն պնդումը, որը Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, կարող ենք փաստել, որ օրվա իշխանությունը ավելի հակված է համաձայնության գալ շրջանների զիջման հարցում առանց Արցախի կարգավիճակը ֆիքսելու:

Հիշեցնենք, որ նախկինում մենք ունեցել ենք լուրջ հաջողություններ Արցախի հիմնահարցի կարգավորման հարցում: Ինչպե՞ս կարելի էր մոռանալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ հեղափոխությունից հետո մենք սկսում ենք բանակցային գործընթացը նոր կետից, եթե մենք ունենք փառահեղ բանակցային պատմություն և արձանագրել ենք լուրջ արդյունքներ Արցախի հիմնահարցի կարգավորման ոլորտում:

Ինչպե՞ս կարելի է բանակցային գործընթացի մասին խոսելիս չհիշատակել այն, որ ըստ էության Լեռնային Ղարաբաղը այսօրվա Ադրբեջանի հետ ոչ մի կապ չունի, քանի որ այն լեգիտիմ հանրաքվեով անկախացել է Սովետական Ադրբեջանից և այսօրվա Ադրբեջանի կազմում երբեք չի եղել…

Ուստի արձանագրենք, որ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարում է, որ բանակցային սեղանին կա մի փաստաթուղթ, որի բովանդակությունը ենթադրում է Արցախյան հիմնախնդրի փուլային լուծում և առաջին կետը պետք է լինի գրավյալ տարածքների զիջումը, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում հայտնված անձնավորությունը, որը սովորություն ունի ամեն պատեհ-անպատեհ առիթով ուղիղ եթեր մտնել և հոխորտալ, պահպանում է քար լռություն:

Փաստորեն այս օրհասական պահին Փաշինյանը դարձյալ չի ցանկանում իր վրա վերցնել պատասխանատվությունը և արձագանքը թողնում է Զոհրաբ Մնացականյանի և այլոց վրա:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով