Քառօրյայի մասին ստերի ոչնչացումը. Ճշմարտության գարուն

Երեկ լրացավ ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: Եվ իհարկե դարձյալ շրջանառվեցին 2016 թվականից ի վեր շահարկվող և իրականության հետ որևէ աղերս չունեցող ստեր: Կեղծ տեղեկությունների տեղատարափը ինտենսիվ էր, դիտավորությամբ կառուցված էր այնպես, որպեսզի ներազդի մարդկանց հոգիների ամենանուրբ լարերի վրա և առաջացնի ծայրահեղ բացասական վերաբերմունք թիրախավորված անձանց նկատմամբ:

Այդ առումով շատ ճիշտ ժամանակին «5-րդ ալիք»-ը ցուցադրեց «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը, որը ամեն ինչ գցեց իր տեղը: Այսօր մենք կբացահայտենք բոլոր ստերը և կկոտրենք բոլոր կարծրատիպերը, որոնք արդեն հասցրել են ձևավորվել ապրիլյան քառօրյայի շուրջ: Այդ ստերը հիմնականում թիրախավորում են չորս թեմա՝

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Մերոնք կռվել են 80-ականների զենքով: Այս տեքստը բազմիցս տիրաժավորվել է օրվա իշխանությունը ներկայացնող տարբեր կալիբրի գործիչների կողմից: Եթե մի փոքր ուսումնասիրենք այս հարցի պատմությունը, կիմանանք, որ «80-ականների զենք» եզրույթը առաջինն օգտագործել է հենց ինքը Սերժ Սարգսյանը ապրիլի 6-ին Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ: Սակայն կարևոր է հասկանալ, թե ինչպիսի համատեքստում է այն օգտագործվել: Ինչպես որ «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմում նշում է ՀՀ 3-րդ նախագահը, նա դիմում էր միջազգային հանրությանը և ասում, որ չնայած նրան, որ միջազգային հանրությունը աչք է փակել Ադրբեջանի մինչև ատամները սպառազինվելու վրա, այն փաստի վրա, որ նրանք միլիարդներ են ծախսել, այնուհանդերձ մեր զինվորների տոկունությունը և մասնագիտական ունակությունները գերազանցում են հակառակորդին և մերոնք կատարեցին իրենց պարտականությունները: Ուստի արձանագրում ենք, որ այս թեմայով էժանագին փիառ և քաղաքական դիվիդենդներ կորզել փորձողները չգիտեն, որ 80-ականների զենք՝ չի նշանակում հին զենք:

2. Ապրիլյան քառորյայի ժամանակ կորցրել ենք 800 հեկտար հող: Նշենք, որ 2016 թվականին դեռ ընդդիմադիր, իսկ 2018 գարնանը իրականացված իշխանազավթումից հետո իշխանական մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժը 2018 թվականից ի վեր համառ պնդաճակատությամբ փորձում է առաջ տանել այս սուտը: Սուտը տարածելու համար օրվա իշխանությունը լայնորեն օգտագործում է ինքնագործ կար ու ձևի խմբակներում ռազմագիտական փորձագետի դերում հանդես եկող զանազան «գործիչների» բոցաշունչ ելույթներն ու գրառումները: Հիմա պարզենք, թե ինչու է այդ 800 հեկտարի թեման ամբողջովին սուտ: Սերժ Սարգսյանը այդ հարցին նույնպես անդրադարձել է, ասելով, որ «Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»: Մի՞թե մեր հասարակությունը այդքան կարճ հիշողություն ունի և չի հիշում, որ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ թշնամու բանակը հետ շպրտվեց և այդպիսով թույլ չտրվեց Արցախի գրավումը, որ մեծ թվով մարդկանց ֆիզիկական գոյությանը սպառնացող ռազմական գործողությունները կանգնեցվեցին և թշնամին չկարողացավ գրավել և ոչ մի բնակավայր: Ոչ, մենք այդպիսիք չենք, ուղղակի մեզ փորձեցին վարպետորեն մոլորեցնել, բայց չի ստացվելու:

3. Հարյուրավոր զոհեր ենք ունեցել, ինչը մեզանից թաքցնում են: Այս գաղափարը հատկապես ազդեցիկ է, քանի որ այստեղ գործ ունենք իրականության նենգափոխման հետ, որը մեկ նպատակ է հետապնդում՝ 2016 թվականին երկրի ղեկավար հանդիսացող անձի դեմոնիզացիա: Այս գործընթացը նույնպես չեզոքացվեց: Այստեղ ուղղակի ցիտենք երկու մարդու խոսքերը՝ «Ապրիլի 2-5-ը ունեցել ենք ընդամենը 75 զոհ». Լևոն Մնացականյան, և «Թող տպավորություն չստեղծվի, որ մեր 75 զոհերի կսկիծը նույնիսկ մինչև հիմա անցել է ինձ մոտ, ո՛չ, 75 երիտասարդ, յուրաքանչյուրն ամեն մի տան ճրագ… Բայց, ցավոք սրտի, հող պահելը, ռազմական գործողությունները երբեք չեն լինում առանց կորուստների». ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

4. «Իմացել են» պատերազմի մասին և ոչինչ չեն ձեռնարկել այն կանխելու համար: Այս անհեթեթությունները տարածողները հույս են ունեցել այդպիսով իրականացնել character assassination, այսինքն՝ կերպարի ոչնչացում, ավելի ճիշտ՝ մի քանի լուրջ ռազմական և քաղաքական գործիչների կերպարների ոչնչացում: Ահա թե ինչ են ասում այս ամենի մասին Սերժ Սարգսյանը և Լևոն Մնացականյանը. «Մարդիկ լավ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում 216 կմ շփման գիծ ունեցող հրամանատարի համար ընդհանրական զեկույցը: … Ես հայտարարել եմ, հայտարարում եմ, որ մենք հստակ տեղեկություններ չունեինք ոչ ռազմական գործողությունների սկզբի, ոչ էլ առավելևս մոտավոր ժամկետների մասին»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ունեցել ենք տեղեկատվություն շարժերի մասին, բայց դրանք վերլուծել և ստանալ տեղեկատվություն, որ հարձակում է լինելու, հնարավոր չէր»,- պատմել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Այդ ստերը 2018-ին Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը ակտիվորեն կիրառել է թե Սերժ Սարգսյանին և թե Հայոց բանակի գեներալներին անվանարկելու համար: Ազգային Ժողովում նույնիսկ ստեղծվել է 2016 քառօրյայի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողով, որի նախագահը պարբերաբար անզուսպ ցանկություն է արտահայտում Սերժ Սարգսյանին հրավիրել հանձնաժողովի հարցերին պատասխանելու համար, իսկ երբ իր ցանկությունը մնում է օդի մեջ կախված՝ հոխորտում է, սպառնալիքներ շաղ տալիս և ամեն կերպ ջանում է իր անձի անձի վրա ասևեռել հանրության ուշադրությունը:

Ամփոփելով փաստենք, որ այս չորս միֆերը պայթեցնելուց և հանրությանը հուզող բոլոր հարցերի սպառիչ պատասխանները ստանալուց հետո ակնհայտ է, որ ԱԺ-ում ստեղծված անհեթեթ հանձնաժողովը սպառել է իրեն և տրամաբանական կլինի մոտ օրերս լսել դրա լուծարման մասին:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով