Քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու արվեստը 11-րդ միջոցառման տեսքով

Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը: Նախագծի շահառու են ճանաչվում բոլոր այն անձինք, որոնց փետրվար ամսվա ծախսը գազի գծով կազմել է ոչ ավել, քան 10 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի գծով ծախսը կազմել է մինչև 5 հազար դրամ:

Այս նորությունը այնպիսի պաթոսով մատուցվեց հանրությանը, որ ոմանք նույնիսկ սրտանց հավատացին, որ օրվա իշխանությունը վերջապես որոշել է գոնե մի բան անել անապահովների համար: Իշխանական և մերձիշխանական օղակները հեղեղեցին համացանցը և հեռուստաեթերը գովքի բոցաշունչ խոսքերով՝ այս միջոցառումը կոչելով դարակազմիկ և աննախադեպ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատկերացնո՞ւմ եք, շուրջ 220 000 բաժանորդ կդառնան այդ ծրագրի շահառուները, ընդ որում՝ ըստ Գևորգ Պապոյանի, այդ ընտանիքներում ապրում է մինչև 600․000 մարդ: Ինչպիսի՜ աննախադեպ մեծահոգություն, սկսեցին մտածել ոմանք: Մենք նույնպես մի պահ տրվեցինք լավատես լինելու գայթակղությանը, բայց այդուհանդերձ որոշեցինք մանրակրկտորեն ուսումնասիրել այդ չարաբաստիկ 11-րդ միջոցառման նկարագիրը:

Եվ ահա ինչպիսի՜ հիասթափություն… Պարզվում է, որ ծրագիրը շատ խորամանկ է գրված, ինչպես և դրան նախորդող 10-ը: Պայմաններն այնպիսինն են, որ իրականում ծրագրից կօգտվեն շատ քիչ թվով մարդիկ: Ցավոք, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարությունն ավելի շատ մտահոգված է նրանով, թե ինչպես անի, որ հանկարծ մի լուսանցք չթողնի իր կողմից մշակվող միջոցառումների մեջ անբարեխիղճ քաղաքացիների համար, քան նրանով, թե ինչպես այնպիսի միջոցառումներ նախագծել, որոնք կներառեն հնարավորինս մեծ թվով շահառուներ:

Օրվա իշխանության Կառավարությունը մեզ բոլորիս խարդախ է համարում և վախենում է, որ եթե հանրությանը օժանդակելու համար մշակվող ծրագրերի պայմանները խիստ չլինեն, ապա անպայմանորեն կգտնվեն խարդախներ, որոնք կօգտվեն ծրագրերից՝ իրականում դրա կարիքը չունենալով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշենք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը պահանջում, որպեսզի աջակցության արժանանան ոչ թե անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողները, այլև մինչև 14 տարեկան երեխա ունեցողները: Փաշինյանի պնդմամբ, 15-18 տարեկանները մի քիչ ուրիշ կատեգորիա է: Հանրությանը իհարկե կներկայացվեն աստղաբաշխական թվեր, Նիկոլ Փաշինյանը հերթական լայվի ընթացքում կպատմի, թե կառավարությունն այդ միջոցառումն իրականացնելով ինչպիսի աննախադեպ փոփոխություն է բերել հարյուր հազարավոր ընտանիքներին և այլն:

Օրվա իշխանությունը լավ մասնագիտացել է հանրության համար նմանատիպ հեքիաթներ հյուսելու գործում: Իսկ հիմա փորձենք մի փոքր վերլուծել: Օրինակ, եթե X բաժանորդը ջեռուցվում է հոսանքով և 2020 թվականի փետրվար ամսին գազի համար վճարել է 5500 դրամ, իսկ հոսանքի համար՝ 16700 դրամ, ապա այդպիսի քաղաքացին չի կարողանալու օգտվել ծրագրից: Եթե Y բաժանորդը ջեռուցվում է գազով և 2020 թվականի փետրվար ամսին գազի համար վճարել է 16.700 դրամ, իսկ հոսանքի համար՝ 5500 դրամ, ապա նա նույնպես չի կարողանալու դառնալ այս դարակազմիկ միջոցառման շահառու:

Այո, հենց այդպես, իսկ դուք ի՞նչ էիք մտածում: Պիտի համ հոսանքի  ծախսը 5000-ից պակաս լինի, համ էլ գազի ծախսը 10000 պակաս, միաժամանակ: Հիմա մի փոքր թվաբանություն. մեր տներում, նույնիսկ ամենաանապահով ընտանիքներում առկա են 2 էլեկտրական սարք, որոնցից 1-ը աշխատում է 24/7 ռեժիմով, իսկ մյուսը՝ գրեթե 15/7 ռեժիմով: Դրանք սառնարանն ու հեռուստացույցն են: Միջինացված սարնարանը ծախսում է ամսական շուրջ 50 կիլովատ, 33.48 դրամ 1կիլովատի համար ցերեկը և 29.48դրամ գիշերը՝ 23:00-07:00:

Պարզունակ հաշվարկը ցույց է տալիս, որ 50 կիլովատի մեկ քառորդը պիտի հաշվենք գիշերային, իսկ երեք քառորդը՝ ցերեկային սակագնով: Կատարում ենք հաշվարկ և պարզում ենք, որ միջին սառնարանը 1 ամսվա ընթացքում սպառում է 1624 դրամի էլեկտրաէներգիա: Բայց բացի սառնարանից կա նաև հեռուստացույց: Միջին հաշվարկով այն ծախսում է ամսական շուրջ 25 կիլովատ:

Համարենք, որ գիշերը հեռուստացույցը անջատած է: Ուրեմն այն աշխատում է հիմնականում ցերեկային սակագնով՝ 25 կիլովատ անգամ 33.48 հավասար է 837 դրամ: Գումարենք՝ 2461 դրամի հոսանք են սպառում միայն սառնարանն ու հեռուստացույցը: Դժվար չէ պատկերացնել, թե որքան էլեկտրաէներգիա կսպառի 3 հոգուց բաղկացած ընտանիքը, նույնիսկ եթե այդ ընտանիքը չունի լվացքի մեքենա, էլեկտրական թեյնիկ և չի օգտագործում գազոջախի էլեկտրական ջեռոցը: Անշուշտ կան միայնակ ապրող մարդիկ, որոնք շատ քիչ հոսանք են ծախսում, բայց այդպիսիքի թիվը տեսակարար կշիռ չի կազմում:

Փոխարենը շատ ավելի շատ են մարդիկ, ովքեր ջեռուցվում են կամ գազով կամ հոսանքով: Մի խոսքով, պարզ է դառնում, որ շատ փոքր թվով մարդիկ կարող են իրականում բավարարել 5000 և 10.000 պայմանը:

Ի՞նչ ունենք արդյունքում. ևս մեկ ծրագիր, որը Կառավարությունը մշակել է քաղաքացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու համար: Եվս մեկ ծրագիր, որի շրջանակներում իրական օժանդակություն կստանան շատ քիչ թվով ընտանիքներ, բայց վարչապետն ինքն իրեն մի լավ փիառ կանի: Եվ չինովնիկները դարձյալ կստանան պարգևավճարներ իբր արդյունավետ աշխատելու համար: Ամոթ է, տիկնայք և պարոնայք: Միջոցառումների քանակը չէ կարևոր, այլ դրանց որակը: Իսկ որակի առումով լավ բան ցավոք չենք կարող ասել Կառավարության կողմից մոգոնած միջոցառումների մասին:

Նատլյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով