Իմ կողմից արդեն հանձնարարվել է, որ այդ նյութերը փոխանցվեն ՀՔԾ-ին». Արթուր Դավթյանը՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ երեկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ արդեն սկսվել է քրեադատավարական գործընթաց:

«Անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում, իմ կողմից արդեն հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը փոխանցվեն հատուկ քննչական ծառայություն, և իր դատավարական հետագա ընթացքն այդ դեպքի հետ կապված կընտրվի ՀՔԾ-ի կողմից»,- նշեց Ա. Դավթյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հերքեց այն տեղեկատվությունը, թե Արթուր Դանիելյանը ձերբակալվել է, ըստ նրա, մարդուն կարելի է ձերբակալել միայն հարուցված քրեական գործով, բայց այդ մասով այս պահին դեռևս հարուցված քրեական գործ չկա:

«Բազմիցս եմ ասել, որ արարքներին վերջնական գնահատականներ տալու առումով ես կարծիքներ չեմ հնչեցնի, քանի որ կկաշկանդեմ կոնկրետ դատավարական սուբյեկտներին: Այս պահին միայն կասեմ, որ սկսված է քրեադատավարական գործընթաց, նախապատրաստվում են նյութեր, այսօրվանից այդ նյութերի նախապատրաստությունը կշարունակվի ՀՔԾ-ում»,- շեշտեց Արթուր Դավթյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով