Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցն է

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցը: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։

Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

Այնուհետև հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:

Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել:

Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով