Անշարժ գույքի բռնագանձում՝ իշխանության հերթական կողմնակալ օրինագիծը

Այսօր ՀՀ Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Եկեք միանգամից հստակեցնենք՝ կասկած չկա, որ ապօրինի ծագում ունեցող գույքի նկատմամբ պետք է գործի օրենքով սահմանված կարգ: Ավաղ, մեր ԱԺ-ի կողմից ընդունված օրենսդրական այս նախաձեռնության պարագայում առաջանում են մի շարք «բայց»-եր: Մասնավորապես հետաքրքրական է, թե ինչի հիման վրա է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել, որ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ հիշեցնենք պարոն Բադասյանին, որ հայերենում գույք բառը հոգնակի ձև չունի, այնուհետև հարցնենք նրան, թե ինչո՞ւ է ՀՀ Արդարադատության նախարարությունը հատկապես հետաքրքրված հենց վերջին 10 տարիների ընթացքում ձեռքբերված գույքով:

Նշենք, որ Օրենքի Հոդված 7. Ուսումնասիրության սահմանները բաժնի 2-րդ կետը հստակ սահմանում է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածը կարող է ներառել բացառապես 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատված:

Մի՞թե Հայաստանում կա մարդ, որը չգիտի, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 1998 թվականը Հայաստանում տեղի են ունեցել գույքային այնպիսի անօրինական գործարքներ, որ մինչ օրս մարդիկ պատմում են դրանց մասին: Պարոն Բադասյանը տարիքի պատճառով չի հիշում, օրինակ, տխրահռչակ վաուչերների հետ կապված խարդախությունները: Մենք կհիշեցնենք: Սովետական Միության փլուզումից հետո ղեկավարվելով այն գաղափարով, որ յուրաքանչյուր նախկին ԽՍՀՄ քաղաքացի ունեցել է իր ներդրումը հանրային հարստության ստեղծման գործում՝ մեզ բոլորիս բաժանեցին վաուչերներ, որոնք խորհրդանշում էին մեր փայը այդ հանրային հարստության մեջ: Ենթադրվում էր, որ այդ վաուչերներով մենք կարող ենք մասնակցել պետական գույքի սեփականաշնորհման գործընթացին և գնել պետական գույք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավաղ, առանձին վերցրած մարդը չէր կարողանա ամբողջական գույքի միավոր գնել: Եվ ահա հայտնվեցին «բարի» մարդիկ, որոնք անհասկանալի տրամաբանությամբ ձևավորված փոխարժեքով «գնում» էին վաուչերները միամիտ և ֆինանսական առումով ոչ իրազեկ քաղաքացիներից: Հետագայում այդպիսի մարդիկ տիրացան հսկայական գույքի: Իհարկե վաուչերները ընդամենը մեկ օրինակ են անկախության առաջին 8 տարիների ընթացքում տեղի ունեցած անօրինականությունների: Միգուցե այսքանից հետո օրվա իշխանությանը հետաքրքրի օրինակ հայտնի «Ռոսիա» կինոթատրոնի ճակատագիրը: Օրինագծի մեջ կան շատ վտանգավոր եզրույթներ: Մասնավորապես Օրենքի 5-րդ հոդվածում, որը նկարագրում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, հաճախակիորեն կիրառվում է «առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ անձին պատկանում է» կամ մի շարք այլ դեպքերում «առկա է ապօրինի ծագում ունեցող գույք» արտահայտությունները: Ի՞նչ է նշանակում կասկածելու համար բավարար հիմքեր:

Ո՞վ է որոշելու հիմքերի բավարար լինել կամ չլինելը: Այստեղ ակնհայտ է մարդկային գործոնի և սուբյեկտիվության առկայությունը, ինչը իր հերթին նշանակում է, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր: Օրենքը շատ բաներ հստակ չի սահմանում և ուստի տեղ է թողնվում սուբյեկտիվության և օրվա իշխանության կողմից անթակույս դրսևորվող կամայականության համար: Իրականում այս վիճահարույց օրենքի հետ կապված հիմնական հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ պետք է 90-ականների ընթացքում ապօրինի կերպով գույք ձեռք բերած անձինք բարեհաջող խուսափեն պատասխանատվությունից օրվա իշխանության թեթև ձեռքով: Իսկ այս հարցից բխում է հաջորդ օրինաչափ հարցը՝ մի՞թե օրվա իշխանությունը չի գիտակցում, որ այսպիսի կողմնակալության պայմաններում բռնագանձված գույքի վերաբերյալ կլինեն բազմաթիվ հայցեր միջազգային դատական մարմիններ համապատասխան հետևանքներով Հայաստանի Հանրապետության համար, ինչի հետևանքով Հայաստանը վերջնականապես կորցնելու է իր գրավչությունը ներդրողների համար: Ավաղ, եթե երկիրդ ունի ամբոխահաճո և դիլետանտ, բայց չափազանց մեծամիտ իշխանություն, ապա առավելագույնը ինչին ընդունակ է այդպիսի իշխանությունը, դա հաց և տեսարաններ ապահովելն է: Քանի դեռ ամբոխը երջանիկ և բավարարված է, իշխանությանը ոչինչ չի սպառնում:

Բայց պետք է հիասթափեցնենք օրվա իշխանությանը՝ սա շատ միամիտ մոտեցում է, քանի որ ամբոխը քմահաճ է և հեշտությամբ փոխում է մեկ կուռքին մյուսով: Այսօր դուք հավատում եք, որ մի քանի հոգուց գույք խլելով և դրանից էժանագին շոու սարքելով ձեր երանելի կյանքը ևս մի քանի ամիսներով կերկարացնեք, բայց…

Նատայլա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով