Երկրում կարող են սոցիալական լուրջ ցնցումներ լինել. ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը.Tert.am

ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավորներից մեկի՝ օրավարձով աշխատող քաղաքացիներին օգնություն տրամադրելու վերաբեյալ հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի. կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող: «Օրավարձով աշխատող, ընդհանրապես ստվերում ապրող քաղաքացիները, երբ որ լավ էր ամեն ինչ, իրենք ասել են, որ թքած ունենք այդ օրենքի վրա, Կառավարության կոչերի, կարգավորումների վրա, և իրենք նույնականացման պրոբլեմ ունենալու են»,-մասնավորապես՝ հայտարարել է «քաղաքացիներին փող բաժանելու տրամաբանությունը» մերժող ու «հասցեական օգնության» կողմնակից վարչապետը:

Ուշագրավ է, որ իր հերթին նախարար Զարուհի Բաթյանն էլ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, թե Կառավարությունը աջակցության կարիք ունեցող քաղաքացիների մասին, որոնք օրավարձով կամ չգրանցված աշխատակիցներ են, տեղեկություն չունի:

Ինչպես հայտնի է, իշխանությունները, մեղմելու համար կորոնավիրուսի առաջ բերած տնտեսական հետևանքները, ձեռնամուխ են եղել, մասնավորապես, 150 մլրդ դրամանոց «փրկության փաթեթի» կյանքի կոչմանն ու փորձելու են առաջիկայում դրա շրջանակներում որոշակի մեղմացուցիչ քայլեր ձեռնարկել: Առաջին հարցը, որ այս ամենի հետ կապված առաջ է գալիս, թերևս, ոչ այնքան հատկացված գումարի չափի հետ է կապված, որն ակնհայորեն բավարար չի լինելու ծագած խնդիրները լուծելու համար, որքան՝ եղած սուղ միջոցների՝ հնարավորինս ադյունավետ տնօրինման. թիրախայնության խնդիր է առաջ գալու, և եթե ի սկզբանե այդ խնդիրը լուծված չլինի, ապա խիստ մեծ է հավանականությունը, որ ծրագիրն իր նպատակին այդպես էլ չի ծառայի:

Նիկոլ Փաշինյանի խնդահարույց հայտարարությունները հուշում են, որ համապատասխան ծրագիրը դեռ չսկսված՝ արդեն իսկ հայտնվել է տապալման եզրին: Կառավարության ղեկավարն իսկապե՞ս տեղյակ չէ, թե ինչ է ասել «օրավարձով աշխատող մարդ», իսկապե՞ս տեղյակ չէ՝ ասենք Հայաստանի աշխատող բնակչության մի զգալի մասը հանդիսացող նույն տաքսիստների, շինարարների, մատուցողների, վարսավիրների և կամ այլ ծառայություններ մատուցողների գոյության ու նրանց աշխատանքի պայմանների մասին, թե՞ պարզապես օր առաջ փորձում է ապահովագրվել՝ հնարավոր ձախողման մեղքը բարդելով մի կտոր հացի խնդիր լուծող քաղաքացիների վրա: Ընդ որում՝ հատկանշական է, որ Կառավարության ղեկավարը խոցելի իրավիճակի պատասխանատու է հռչակում ոչ թե օրավարձով վարձու աշխատող վարձած ու չգրանցած ընկերություններին, գործատուներին, այլ հենց աշխատավորին՝ մեղադրելով պարզ քաղաքացիներին իբր պետությանը խաբելու մեջ՝ դրանով իսկ, ըստ էության, փորձելով արդարացնել նույն պետության կողմից քաղաքացիներին օգնության ձեռք չմեկնելու երևույթը: Փաշինյանը նման կերպ փորձում է արդարանա՞լ՝ սեփական ուսերից թոթափելով իր բաժին պատասխանատվությունը, թե՞ Կառավարությունում կարծում են, թե Սինգապուր կամ Անգլիա են ղեկավարում, իսկ ծայրահեղ դեպքում՝ ասենք Չեխիա: Հայաստանի կարգի երկրներում, հայտնի բան է, վարձու աշխատողների մի զգալի հատված, եթե ոչ մեծ մասը, ստիպված աշխատում է ստվերում. կա՛մ պետք է այդպես աշխատեն, կա՛մ ընդհանրապես աշխատանք, եկամտի աղբյուր չունենան՝ չնայած թվում էր՝ «նոր Հայաստանի» պարագայում հեղափոխությունը պետք է որ լուծած լիներ նմանօրինակ խնդիրները դեռ վաղուց՝ հատկապես նկատի ունենալով այն ինքնավստահ ու բարձագոչ հայտարարությունները, որ այսօր էլ շարունակում են հնչել երկրի ղեկավարների շուրթերից:

Եթե վարձու աշխատողն այս կամ այն պատճառով չի գրանցվել, ապա դա առաջին հերթին պետության պրոբլեմն է ու թերացման հետևանքը՝ նկատի ունենալով այն, որ պետությունն ի սկզբանե պատժիչ մեխանիզմների պակաս չի ունեցել և, հետևողական լինելու դեպքում, սկզբունքորեն կարող էր իրավիճակը վերահսկել, ինչը, փաստորեն, չի արվել: Եվ ուրեմն՝ ո՞ւմ է մեղադրում վարչապետը կամ ի՞նչ հիմքով:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ միանգամայն իրական գերխնդրի առջև է հայտնվել, որի լուծումն ինքն ուղղակի չունի: Հասարակության մի զգալի հատվածը՝ ամենևին էլ ոչ բարեկեցիկ, որ սեփական ապրուստը շարունակաբար հոգացել է օրավարձով աշխատանքի միջոցով, ներկա իրողությունների պայմաններում հայտնվել են չափազանց խոցելի վիճակում. արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նրանք մատնված են հարկադիր պարապուրդի, նրանց պարտքով փող անգամ չեն տալիս և հայտնի չէ, թե ապագայում ինչ կարող է լինել նման քաղաքացիների հետ ընդհանրապես: Այս իրավիճակում իշխանությունները կարող են բախվել նույնիսկ խանութների անվտանգության ապահովման անհրաժեշտության խնդրի հետ, քանի որ մարդիկ ուղղակի չեն կարող չբավարարել սեփական կենսական պահանջմունքներն՝ անկախ այն բանից, թե Փաշինյանին ծանո՞թ է «վարձու աշխատող» հասկացությունը, թե՞ ոչ: Խնդիրն այլևս ազգային անվտանգության, քան նույնիսկ տնտեսական հարթության մեջ է:

Արմեն Կարեյան

Աղբյուր` tert.am

«Քիչ առաջ հոգեխանգարմունքի հերթական նոպան էր Փաշինյանի մոտ».Վահան Բաբայան

25.06.2020

«Մինասյանի հաշվին ամսեկան առնվազն $50,000-նոց տղա լինելով, իրենց շենքի տակի խանութից նիսիայով վիտչինա էր առնում ու 16,000 դրամի պարտք պահում».Արթուր Դանիելյան

28.06.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Շատ շուտով մեկնարկվելու են երկիրն այս աղբից մաքրելու սանիտարական աշխատանքները».Միհրան Հակոբյան

28.06.2020

«Մարդ կա նոր հիշեց,որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված».Վահան Բաբայան

27.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով